ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասները․ «ԻՔՄ» հանրային քննարկում

27.09.2017 | 18:23 | Միջոցառումներ

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն անցկացրեց «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասները» խորագրով հանրային քննարկում, որին մասնակցեցին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ, ոլորտին փորձագիտական մակարդակով տիրապետող անձինք, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և շուրջ 80 ուսանողներ:

Հիմնական ելույթներով հանդես եկան Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը, «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ինչպես նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ՀՀ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանը:

Միջոցառմանը հրավիրված էին նաև ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, ինչպես նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչները, որոնք չմասնակցեցին քննարկմանը:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին «Ելք» խմբակցության նախագծին՝ «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը նկատեց, որ հարցն իր մեջ պարունակում է ռիսկեր, որոնք պետք է քննարկվեն գործընթաց սկսելուց առաջ: Իր ելույթում «Ելք»-ից Գևորգ Գորգիսյանը մանրամասնեց Հայաստանի տնտեսությանը ԵԱՏՄ-ին անդամակցության հետևանքով հասցված վնասները՝ շեշտելով, որ կառույցը խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացմանը, այլև կասկածի տակ է դնում պետության ինքնիշխանությունը: Գործընկերոջը հակադարձեց ՀՀԿ-ից Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ բոլոր դժվարությունները հաշվի առնելով հանդերձ, ՀՀ-ն 2013թ. սեպտեմբերի 3-ին, դրսևորելով ինքնիշխան որոշում կայացնելու կամք, ընտրել է ԵԱՏՄ-ին ինտեգրվելու ուղին, որը միակ ճիշտ ճանապարհն է:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր խոսքում մատնանշեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շարունակման հետ կապված տնտեսական խնդիրները և բարձրաձայնեց փորձագիտական խորը ուսումնասիրությունների բացակայության խնդիրը: ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության թեր և դեմ կողմերին անդրադարձավ նաև Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ նկատելով, որ Հայաստանի համար ԵԱՏՄ ընտանիքը ժամանակավոր բնույթ է կրում, բայց այժմ դրա կազմից դուրս գալը աննպատակահարմար է: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանն իր հերթին կողմ արտահայտվեց ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությանը:

Ելույթների շուրջ ծավալված հարցուպատասխանին ու կարծիքների փոխանակությանը մասնակցեցին փորձագետներ, ակտիվ երիտասարդներ և ուսանողներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև