Հակիրճ` հայ-մոլդովական հարաբերությունների մասին

09.11.2017 | 18:02 | Արտաքին քաղաքականություն

Այսօր՝ 2017 թվականի նոյեմբերի 9-ին, Երևան է ժամանում Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Ընդհանուր առմամբ, սա հայ-մոլդովական հարաբերությունների պատմության մեջ Մոլդովայի նախագահի առաջին այցն է Հայաստան, իսկ ահա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մոլդովա 2013թ. հուլիսին: Այդ այցը, սակայն, կրում էր աշխատանքային բնույթ, ուստի Դոդոնի երևանյան այցը առաջին պաշտոնական այցն է երկու երկրների հարաբերությունների շրջանակներում:

Մինչ այս, համաձայն ՀՀ ԱԳՆ կայքի՝ աշխատանքային այցերով Հայաստան են ժամանել մոլդովացի այլ պաշտոնյաներ: Մասնավորապես, 2012թ. դեկտեմբերին Երևան են ժամանել Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը և Արևելյան գործընկերության և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն: 2013 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել նաև Լյանկեին իր պաշտոնում փոխարինած Նատալյա Գերմանը:

Ինչպես հայտնի է, Մոլդովան Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ադրբեջանի հետ մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին և, ի տարբերություն Հայաստանի, 2013 թվականին ստորագրել է ԵՄ հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը:

Մոլդովայում, սակայն, հետագայում տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ, ինչի արդյունքում 2016թ. նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման և եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին միանալու կողմնակից Իգոր Դոդոնը:

Դոդոնի՝ Մոլդովայի հանրապետության սոցիալիստների կուսակցությունը, խորհրդարանում  մեծամասնություն չունի և էականորեն զիջում է պրոեվրոպական կուսակցություններին: Այդ իսկ պատճառով Մոլդովայում Դոդոնի լիազորությունները խիստ սահամանափակ են, այդ թվում՝ արտաքին քաղաքականության հարցում: Այսպես, չնայած Դոդոնի պրոռուսական կեցվածքին և Մոսկվայի հետ ջերմ հարաբերություններին, Մոլդովան հրաժարվեց ընդունել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին տեղափոխող ինքնաթիռը, ավելին՝ Մոլդովայի ԱԳՆ-ն Ռոգոզին հռչակեց անցանկալի անձ:

Ներկայում Մոլդովայում ավելի մեծ իշխանության է տիրապետում խորհրդարանական մեծամասնության՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պավել Ֆիլիպը, ով զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը: Վերջերս այդ երկրի պաշտպանության նախարարի նշանակման հետ կապված պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Դոդոնի քաղաքական հենակները չափազանց թույլ են: Մասնավորապես, Դոդոնը չկարողացավ կանխել պաշտպանության նախարարի պաշտոնում Ֆիլիպի առաջադրած թեկնածուի նշանակումը, իսկ երկրի սահմանադրական դատարանը նշանակման արարողությունն իրականացնելու համար նախագահի լիազորությունները ժամանակավորապես հանձնեց խորհրդարանի խոսնակին:

Վերադառնալով հայ-մոլդովական հարաբերություններին՝ նշենք, որ համաձայն ՀՀ ԱԳՆ կայքի՝ երկու երկրների միջև ստորագրված են 17 համաձայնագրեր և մեկ հուշագիր:

2014 թվականի տվյալներով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 2.5 միլիոն ԱՄՆ դոլար: Հայաստանը 2014-ին Մոլդովա է արտահանել 527.1 մլն դոլարի ապրանք (հիմնականում՝ ծխախոտի հումք, փայտե տակառներ, դեղամիջոցներ, գրանիտ, բազալտ և այլն) և ներմուծել 2 միլիոն 48 հազար դոլարի ապրանք (հիմնականում՝ գործած գորգեր, արևածաղկի ձեթ, շինարարական դետալներ, խցաններ, շշերի կափարիչներ և այլն):

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև