Իշխանությունն արշավ է վարում քաղհասարակության դեմ

Հայաստանի իշխանությունները կազմակերպված արշավ են սկսել քաղաքացիական հասարակության դեմ՝ ճնշելու հասարակական կազմակերպությունների օրինական գործունեությունը հանրապետությունում։ Տևական ժամանակ ընթացող այս քաղաքականությունը հատկապես ակտիվացել է վերջին երեք ամիսներին։ Քաղաքացիական հասարակության վարկաբեկմամբ զբաղված են թե՛ իշխանական պաշտոնյաներն ու պատգամավորները, թե՛ զանգվածային լրատվության որոշ միջոցներ։

Քաղաքացիական հասարակության դեմքը «սևացնելու» համար իշխանությունը և որոշ ԶԼՄ-ներ կիրառում են տարբեր մանիպուլյացիաներ, փաստային աղավաղումներ, տարածում են ապատեղեկատվություն։ Ակնհայտ է, որ այս պայքարի առաջամարտիկները իշխող կուսակցությունն ու Հայաստանում գործող ռուսական քարոզչության գործիքներն են։

Հեռուստատեսային արշավը

Քաղհասարակության դեմ արշավի՝ նոր թափով մեկնարկի համար հարմար առիթ հանդիսացավ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի քննարկումը։ Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակում՝ Մելիք Ադամյան 2 հասցեում գործող «Արարատ» հեռուստաընկերությունը բարձրախոս դարձավ  «Հանուն ինքնիշխանության վերականգնման» շարժման անդամների համար, ովքեր բազմաթիվ ոչ փաստական մեղադրանքներ ներկայացրին Հայաստանում գործող որոշ ՀԿ-ների։ Հեռուստըանկերությունն այդ ՀԿ-ներին պատասխանելու հնարավորություն չտվեց՝ դառնալով մեկ կողմի քարոզչության տարածողը։ Հենց այս ընթացքում էլ արդիական դարձավ հասարակական կազմակերպությունների նկատմամբ հսկողության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ քննարկումը։

Իշխանությունն ընդդեմ քաղհասարակության

Հանրապետականի մեկ այլ ակտիվությունը քաղհասարակության դեմ ձևավորված արշավում հասավ Ազգային ժողով։ Նոյեմբերի 14-ին Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարեց արտասահմանյան ֆինանսավորում ստացող ՀԿ-ների փակման, ինչպես նաև դրանց կողմից  դրամաշնորհների ստացման կարգի և ձևի սահմանափակման անհրաժեշտության մասին։ Բաբուխանյանը կեղծ տեղեկություններ ներկայացրեց՝ մեղադրելով «Բաց հասարակության հիմնադրամներին» տարկետման իրավունքի վերացման դեմ ուսանողական ցույցերը ֆինանսավորելու մեջ։ Մեղադրանք հնչեց նաև «Հանրային օրակարգ» ՀԿ-ի հասցեին՝ այդ ցույցերը կազմակերպելու և «հակապետական» գործունեություն ծավալելու կապակցությամբ։ Պատգամավորը հայտարարեց նաև որոշ ՀԿ-ների փակման նախագիծ ստեղծելու իր մտադրության մասին։

Քաղհասարակության դեմ ամիսներ առաջ սկսած արշավը փուլ առ փուլ տանում էր հենց նման քննարկման ստեղծմանը և ՀԿ-ների համար ճնշման մեխանիզմներ ստեղծելուն։ Դեռ ավելի վաղ այդ արշավի մասնակիցները հայտարարում էին հասարակական կազմակերպությունների նկատմամբ վարած քաղաքականության խստացման իրենց ցանկության մասին։

Համապատասխան մեխանիզմների ստեղծումն իհարկե իշխանությանը հնարավորություն կտա իր հսկողության տակ պահել ՀԿ-ների գործունեությունը։

Ամենախոշոր «գրանտակերը»

Թեև գործող իշխանությունն ամեն կերպ  քարոզչություն է տանում, որով փորձ է արվում բացասական տրամադրություն ստեղծել հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության գործունեության վերաբերյալ, հակակրանք ստեղծել հասարակության մեջ՝ շրջանառելով  «գրանտակեր» պիտակը, սակայն, փաստացի, Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս տասնյակ նախարարությունների և գերատեսչությունների, ամենաշատ դրամաշնորհներ ստացող «կառույցն» է։

Հայաստանի կառավարությունը 2008-ից 2014-ն ընկած ժամանակահատվածում գրեթե կես միլիարդ դոլարի գումարային աջակցություն է  ստացել արտերկրից։ Այդ գումարների մոտ 80 տոկոսը եղել են ԱՄՆ-ից և Եվրամիությունից։

Դրամաշնորհներ ստացած գերատեսչությունների ցանկում են  Արդարադատության նախարարությունը՝ 20 մլն ԱՄՆ դոլար, Բնապահպանության նախարարությունը՝ 40 մլն ԱՄՆ դոլար, Գյուղատնտեսության նախարարությունը՝ գրեթե 8 մլն ԱՄՆ դոլար։ Անգամ Պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից ստացել է 36 մլն ԱՄՆ դոլարի, իսկ Ոստիկանությունը՝ 5,5 մլն ԱՄՆ դոլարի գույք։ Դրամաշնորհներ ստացել են նաև ԱԻՆ-ը, Առողջապահության նախարարությունը, Մշակույթի նախարարությունը և այլ գերատեսչություններ։

Ռուսաստանի պես

Քաղհասարակության դեմ պայքարում հայաստանյան իշխանության հետ սերտ համագործակցությամբ աշխատում է նաև ռուսական մեդիան։ Արշավի մասնակիցներին հարթակ տրամադրող ամենաակտիվ լրատվամիջոցը ռուսական «Սպուտնիկ» գործակալությունն է։ Այս թեմայով առաջին հրապարակումը «Սպուտնիկը» ևս արել է օգոստոսին՝ արշավի նոր թափ հավաքելու օրերին։ Վերջին երեք ամիսների ընթացքում այս թեմայով ռուսական գործակալությունը մոտ 15 հրապարակում է արել ապակողմնորոշող այնպիսի վերնագրերով, ինչպիսիք են՝ «Այլասերումների և հեղաշրջումների հովանավոր․ ինչպե՞ս են Սորոսի շոշափուկները կապկպել Հայաստանը», կամ «Ո՞վ է պայքարում Հայաստանում նույնասեռական ամուսնությունների համար, կամ ինչ կապ ունի փոխնախարարը Սորոսի ֆոնդի հետ» և այլն։

Հայաստանյան քաղհասարակության մասին քննարկումներն ավելի վաղ հասել էին նաև Ռուսաստանի «Առաջին ալիք», որտեղ ևս քննարկվել էր դրանց փակման անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը «Բաց հասարակության հիմնադրամների»  գործունեությունը տասնյակ ՀԿ-ների շարքում ՌԴ տարածքում «անցակնալի» հայտարարեց 2015 թվականի նոյեմբերին։ Այս քայլով ՌԴ-ն ավելի խորացրեց երկրում այդ պահին առկա մարդու իրավունքների պաշտպանության և ազատությունների բնագավառում ճգնաժամը՝ լուրջ քննադատության արժանանալով միջազգային հանրության կողմից։

Արեն Մելիքյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող