ԵԱՏՄ-ի մասին Դանիել Իոաննիսյանի ելույթը ԱԺ-ում

Նոյեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։ Լսումներին որպես հրավիրյալ փորձագետ ելույթով հանդես է եկել Դանիել Իոաննիսյանը։

«Հարգելի հյուրեր փորձեմ կենտրոնանալ հենց տնտեսական թվերի վրա։

ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի 76 տոկոսը այլ են, քան Հայաստանի շահերից բխող այն դրույքաչափերը, որոնք սահմանել էր օրենսդիրը Մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածով: Սա նշանակում է, որ ապրանքատեսակների ¾-ի մաքսատուրքերը ոչ թե այնպիսին են, ինչպիսին ձեռք կտար Հայաստանի տնտեսությանը, այլ այնպիսին, որ օգտակար լինի ԵԱՏՄ-ին, կամ ավելի ճիշտ՝ Ռուսաստանին:
Մասնավորապես, նվազել են 1700 ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերը, իսկ 6300-ինը ավելացել են: Եվս մոտ 700 կարևորագույն ապրանքատեսակներ թանկաանլու են առաջիկա տարիներին: Եվ այդ ապրանքներից շատերը ԵԱՏՄ-ում չունեն մրցունակ և որակյալ նմանակներ, ուստի սպառողների համար դրանց թանկացումն անխուսափելի է:

Եվ քանի դեռ ասվում էր, որ բազմաթիվ ապրանքների իմպորտի ռեօրիենտացիա կլինի դեպի ԵԱՏՄ արտադրանք, սակայն թվերը վկայեցին հակառակը, և Հայաստան ներմուծվող ապրանքներում ԵԱՏՄ չափաբաժինը էլ ավելի նվազեց: Այսինքն, թանկ մաքսատուրքերով ներմուծվող ապրանքների չափաբաժինը տարեց տարի ավելանում է՝ հանգեցնելով լրջագույն գնաճի:

ԵԱՏՄ անդամ երկրների հետ մենք իրականացնում ենք մեր արտաքին առևտրի ընդամենը 25 տոկոսը: Եվ արտաքին առևտրի մյուս 75 տոկոսը կարող է տուժել, քանի որ փոխվելու են Առևտրի համաշխահային կազմակերպությունում (ԱՀԿ) մեր անդամակցության պայմանները և սկսելու են գործել ներմուծման առավել բարձր մաքսային դրույքաչափեր՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

Եթե Հայաստանը շարունակի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ում, ապա 2020  թվականից 7 տարուց ավելի հին ավտոմեքենաները մաքսազերծելիս, քաղաքացիները շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի համար կվճարեն 1,6-ից 2,2 եվրո:
Այսինքն, 1,6 լիտր շարժիչի ծավալով օրինակ  Opel-ի մաքսազերծումը կարժենա 2500 եվրո, իսկ 2 լիտր ծավալով մեքենաներինը՝ 4400 եվրո՝ չհաշված ԱԱՀ:
Հայաստանում ավտոմեքենաների միջին տարիքը 20 տարեկան է: Բնակչության մոտ 90 տոկոսը հնարավորություն չունի 7 տարուց ավելի նոր մեքենա գնել: Այժմ բնակչության այդ կատեգորիային հասանելի մեքենաների մաքսազերծումը մոտ 1000 եվրո է՝ ներառյալ ԱԱՀ-ն ու բնօգտագործման հարկը: Երկու տարի անց, եթե Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, այն կհասնի 3500-ից 6000 եվրոյի՝ ներառյալ ԱԱՀ:
Այո, նոր մեքենաների մաքսազերծումը կթանկանա ընդամենը 10 տոկոսով (եթե իհարկե դա «ընդամենը» է): Սակայն Հայաստանի բնակչության միայն չնչին մասն է, որ կարող է նոր մեքենա գնել:
Ընդ որում, հաշվի առնելով, թե որքան մեքենա են գնում պետական մարմինները, արձանագրենք, որ նոր մեքենաների 10 տոկոսանոց թանկացումը լուրջ բեռ կլինի նաև պետական բյուջեի վրա:

Ըստ ԵԱՏՄ պայմանագրի՝ մենք վաղ թե ուշ սինխրոնիզացնելու ենք դրամավարկային քաղաքականությունը… Սակայն հայկական դրամը անհամեմատ ավելի կայուն է, քան ռուսական ռուբլին, ուստի դրամավարկային քաղաքականության սինխրոնիզացիան կբերի բացասական հետևանքների:
Հայաստանի պես փոքր տնտեսությամբ երկրի համար ազգային արժույթի կուրսը չափազանց կարոր է: Մեր արտաքին առևտրի ¾-ը ԵԱՏՄ-ից դուրս է: Եվ եթե լինեն կուրսի կտրուկ տատանումներ մեր հիմնական առևտրային գործընկեր երկրների արժույթների համեմատ, ապա դա խիստ բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա:

ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության մասով պրինցիպիալ ոչինչ չի փոխվել ԵԱՏՄ մտնելուց ու չի փոխվի դուրս գալուց, քանի որ մենք արդեն վաղուց ԱՊՀ ազատ առևտրի պայմանագիր ունենք այդ երկրների հետ և միմյանց հետ 0-ական մաքսատուրքերով ենք աշխատում:
Ընդդիմախոսները կասեն, որ պակաս կարևոր չեն նաև ոչ սակագնային կարգավորումները, որոնք պետք է չլինեն մաքսային միությունների ներսում: Այստեղ հարկ է ընդգծել, որ համաձայն Եվրասիական զարգացման բանկի՝ այսօր ԵԱՏՄ անդամ երկրների միջև գործում են 200-450 ոչ սակագնային բնույթի սահմանափակումներ, որոնք ունեն 30%-ի հասնող արժեքային մաքսատուրքի հավասար էֆեկտ:
Այսինքն, ոչ սակագնային սահմանափակումները ոչ միայն առկա են, այլև ավելի ծանր են բիզնեսի համար, քան միջին վիճկագրական մաքսատուրքը:
Ընդ որում, խոսելով սահմանափակումների մասին՝ ես անգամ չեմ հիշատակում այն, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ չունի ոչ ծովային և ոչ էլ երկաթուղային կապ: Իսկ ավտոմոբիլային միակ ճանապարհը՝ Վերին Լարսը, տարին մի քանի ամիս փակ է: Արդյունքում մեր տնտեսությունը կախման մեջ է ընկնում Վրացական լեռներում տիրող եղանակից:

Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի 35-րդ հոդվածի՝ Հայաստանը չի կարող ինքնուրույն ազատ առևտրի համաձայնագրեր կնքել երրորդ կողմերի հետ: Այդ իսկ պատճառով 2013 թվականին հնարավոր չեղավ ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Իսկ ուրբաթ օրը ստորագրված համաձայնագրով, բնականաբար, ազատ առևտրի ռեժիմ նախատեսված չէ: Եվ դա այն ժամանակ, երբ Եվրոպական Միությունն ունի 40 անգամ ավելի մեծ տնտեսություն և 7,5 անգամ ավելի մեծ ապրանքաշրջանառություն, քան ԵԱՏՄ-ն: Եվ եթե դեպի ԵԱՏՄ մեր արտահանման պոտենցիալը գրեթե ամբողջությամբ օգտագործվում է, ապա դեպի Եվրոպական Միություն դեռևս աճելու շատ տեղ կա: Մասնավորապես վերամշակվող ապրանքների, սննդամթերքի մասով:
Երևի հարկ չկա նշելու նաև, որ երկարաժամկետ կտրվածքով, Ռուսաստանի նավթահեն տնտեսությունը խորտակվող նավ է, որից արժի հեռու մնալ:

Թերևս ԵԱՏՄ-ի միակ դրական կողմն այն է, որ պայմանագրի շնորհիվ Ռուսաստանում մեր աշխատանքային միգրանտները կարող են աշխատել առանց աշխատանքի թույլտվության: Բայց, երկարաժամկետ կտրվածքով գերադասելի կլիներ, որ Հայաստանի աշխատուժը կամ Հայաստանում աշխատեր, կամ էլ գոնե արտագնա աշխատանքների գնար այնպիսի երկրներ, որտեղ աշխատավարձերն ավելի արժանավայել են, իսկ աշխատանքային իրավունքները հարգված: Աշխատանքային միգրացիայի ուղղության ռուսաստանյան մոնոպոլիան խնդրահարույց է նաև Մոսկվայից Երևանի անկախության առումով:

Մենք հաճախ զենք և որպես զենք ծառայող տեխնիկա ենք գնում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից: Սակայն ԵԱՏՄ-ում այլ երկրներից ներմուծվող զենքերը մաքսազերծվելու են 18-20 տոկոսով… Եվ այդ մաքսը ՊՆ-ը վճարելու է ԵԱՏՄ ընդհանուր բյուջե:
Այդ հարցն, ըստ էության, լուծված չէ միությանը մեր միանալու պայմանագրով, քանի որ սահմանված ժամանակավոր արտոնությունները վերաբերում են միայն ԵԱՏՄ-ում նմանակը չունեցող զենքերին, այն էլ՝ մինչև 2022 թվականը:

Տռակտորների, բեռնատարերի ու դրանց պահեստամասերի, սերմնացուի և պարարտանյութի մեծ մասը Հայաստան է բերվում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից և դրանք բոլորը կամ արդեն թանկացել են, կամ էլ դեռ թանկանալու են: Սա իր բացասական հետևանքներն է ունենալու գյուղատնտեսության ոլորտում:

2020 թվականից մոտ 10 տոկոսով ավելանալու են նաև նոր ավտոբուսների ու դրանց պահեստամասերի մաքսատուրքերը: Արդյունքում, եթե մնանք ԵԱՏՄ-ում, կամ մեր հանրային տրանսպորտի ինքնարժեքը կթանկանա, կամ էլի կվերադառնանք այսպես կոչված «մահվան գազելներին»:
Ընդ որում, 19 տոկոսով ավելացել են նաև ինքնաթիռների մաքսատուրքերը, ինչը նշանակում է, որ մենք այլևս հազիվ թե ունենանք ազգային ավիափոխադրող, քանի որ ինքնաթիռի համար ավելորդ 19 տոկոս վճարելով մրցակցությանը դիմանալ չի լինի:

Ուսումնասիրություն

Եթե ԵՄ ասոցացման դեպքում կային որակյալ ուսումնասիրություններ դրա տնտեսական էֆեկտի մասին (օրինակ՝ Ecorys-ի իրականացրածը), ապա առ այսօր, անդամակցության ուղին բռնելուց 4 տարի անց, չկա որևէ նման ուսումնասիրություն:
Մենք Ֆինանսաների նախարարությունից ստացել ենք գրություն, որ միակ ուսումնասիրությունը, դա Վարդան Արամյանի 2015 թվականին «բամբերում» գրված հոդվածն է… Մի կողմ թողնելով այն, որ այդ հոդվածն ժամկետնանց է, փաստեմ, որ դրա 4 թեզերից առնվազն 3-ը սխալ են (մանրամասն կարող եք ընթերցել SUT.am-ում):

Այսպիսով, ըստ այս աշխատության՝ ԵԱՏՄ անդամակցությունից ստացվելու է լրացուցիչ տնտեսական աճ․ ոչ սակագնային սահմանափակումների վերացման արդյունքում և հաշվարկը հիմնվում է Եվրոպական Միության փորձի վրա: Սակայն ԵԱՏՄ-ն ԵՄ չէ և այստեղ, ինչպես նշեցի առկա են մի քանի հարյուր ոչ սակագնային բնույթի սահմանափակումներ, որոնք ունեն 30%-ի հասնող արժեքային մաքսատուրքի հավասար էֆեկտ:

Ըստ Արամյանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցությունից ակնկալվող դրական տնտեսական էֆեկտի հաջորդ բաղադրիչը Ռուսաստանի կողմից գազի արտահանման մաքսատուրքերի վերացումն է: Սակայն գազի գնի անկումը ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորելը կոռեկտ չէ, դա համաշխարհային տենդենց է: Եվ ես խնդրում եմ գազային թալանը «արտոնություն» չանվանել:
Ավելին, քանի դեռ պարոն Արամյանը պնդում է, որ ներմուծման մաքսատուրքերի ավելացման արդյունքում տնտեսությունը կտուժի ընդամենը 0,1 տոկոսով, փաստենք, որ միջին մաքսատուրքը աճելու է 5,04 տոկոսով և, ի հեճուկս Արամյանի կանխատեսման, ներմուծման ծավալներում ԵԱՏՄ չափաբաժինը ոչ թե աճում, այլ նվազում է:

Ժամանակի սղության պատճառով ես չխոսեցի ԵԱՏՄ-ում ժողովրդավարության մակարդակի, կոռուպցիայի բարի ավանդույթների և բռնապետությունն արդարացնող պրոպագանդայի մասին:

Շնորհակալություն ուշադրության համար»։

 

https://www.facebook.com/armtimes.hy/videos/1981514378759184/

Armtimes.com 

Առնչվող