Վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները դեռ չեն մեկնարկել (Ազատություն)

05.12.2017 | 11:33 | Մամուլը մեր մասին

Եվրահանձնաժողը դեռ չի ստացել Եվրոպական Խորհրդի մանդատը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հստակեցնելով՝ հայկական կողմը չի կարող ասել, թե երբ կսկսվի այդ գործընթացը և ինչքան կտևի, քանի դեռ գործընթացի պաշտոնական մեկնարկը չի տրվել: «Դա կախված է եվրոպական կողմից»,- հավելեց Բալայանը:

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինային ու Վրաստանին մի քանի տարի պահանջվեց՝ իրենց քաղաքացիների համար Եվրամիության տարածք ազատ մուտք գործելու հնարավորություն ստեղծելու համար: Այդ ճանապարհին Կիևը և Թբիլիսին ավելի քան մեկ տասնյակ օրենքներ ընդունեցին։ Հիշեցնենք՝ օրերս «Ազատության» հետ զրույցում էլ նախագահ Սերժ Սարգսյանը հենց վիզաների ազատականացումը մատնանշեց՝ որպես Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումից ակնկալող դրական հանգամանք։

«Հայաստանի քաղաքացիների ակնկալիքներն այս առումով հասկանալի են»,- «Ազատության» հետ զրուցում ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, հստակեցնելով՝ այժմ Եվրոպան Հայաստանի հետ վիզաների ռեժիմի պարզեցման փուլում է: Հարցին ի պատասխան՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանի իշխանությունները վիզաների ազատականացման համար, Սվիտալսկին ակնարկել էր այդ ճանապարհով անցած երկրների փորձը:

Հղում անելով նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում տեղ գտած ձևակերպումներին՝ Սվիտալսկին նշել էր, որ 20 ակնկալվող արդյունքներն, ըստ էության, ազդարարում են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ «Իհարկե, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ անհրաժեշտ պայմանները բավարարված կլինեն»,- նաև ասել էր ԵՄ դեսպանը:

Իշխող Հանրապետականում վստահ են՝ Հայաստանը կարող է անցնել այդ ճանապարհը, սակայն դրա համար ժամանակ է անհնարժեշտ՝ 1-2 գուցե՝ 3 տարի: «Ազատության» հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատասխանեց՝ կոնկրետ ոչ ոք ոչ մի հստակ բան այս պահին չի կարող ասել: «Մենք ընդհանուր համաձայնագիրն ենք ստորագրել: Սա տեխնիկապես դեռ գործընթաց է, որը շարունակվում է»,- ասաց պատգամավորը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի ներկայացուցիչ Աննա Փամբուխչյանը վստահ է՝ ԵՄ-հետ ստորագրված համաձայնագիրը Հայաստանի հետագա զարգացման համար աննախադեպ կարևոր քայլ է, քանի որ այն նոր հնարավորություններ է տալու Հայաստանին՝ ժողովրդավարական և ապահով երկիր դառնալու ճանապարհին: Այդուհանդերձ, Հայաստանը պետք է նախ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով անցնի: Այս հարցում քաղհասարկությունը որոշակի մտահոգություններ ունի:

«Դրանցից առաջինը միգրացիայի գործընթացների կարգավորումն է, դրա համար օրենսդրություն պետք է լինի: Երկրորդը քաղաքական ապաստան խնդրողների մասին օրենսդրության համապատասխանեցումն է, երրորդը՝ սահմանների կարգավորումը: Բայց կա ևս մի խնդիր, որը քաղհասարակությանն անհանգստացնում է՝ դա դատական համակարգի վիճակն է: Մեր կարծիքով, Հայաստանը նախ դատական համակարգը պետք է բարեփոխի, որպեսզի մարդիկ Հայաստանում արդարություն գտնեն, ոչ թե այն փնտրեն դրսում»,- «Ազատությանն» ասաց Աննա Փամբուխչյանը:

Արդյո՞ք վիզաների ազատականացումը չի հանգեցնի արտագաղթի նոր ալիքի: Այս հարցի շուրջ հանրապետական պատգամավորի և քաղհասարակության ներկայացուցչի պատկերացումները տրամագծորեն տարբերվում են: «Սա ոչ թե նպաստելու է արտագաղթին, այլ հակառակը՝ երբ մարդիկ ազատ են՝ որևէ տեղ գնալու և այնտեղից վերադառնալու, իրենք ավելի շատ կգնան ու կգան, քան կգնան ու ետ չեն գա»,- ասում է հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Որպեսզի միգրացիայի աստիճանը նվազի, նախ պետք է լինի ժողովրդավարության սկզբունքների պահպանում․ սոցիալական արդարություն, քաղաքական արդարություն և այլն»,- նշում է Աննա Փամբուխչյանը:

Եվրոպացի փորձագետները պնդում են՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ծառայում է որպես բարեփոխումների խորացման շարժիչ՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և ժողովրդավարության կարևորագույն ոլորտներում։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները թեև մեծ հույսեր են կապում այդ փաստաթղթի հետ, այդուահանդերձ, նաև ընդգծում են՝ ԵՏՄ անդամ Հայաստանն այսօր այնպիսի միջավայրում է, որտեղ դժվար է խոսել ժողովրդարավական արժեքների մասին:

www.azatutyun.am


Կարդացեք նաև