Հավատում ենք նրան, ինչ անում ենք. «Ամալյա Կոստանյանի» անվան մրցանակակիր (Հայկական ժամանակ)

2017 թվականի ընտրություններին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից երեք տարբեր մեթոդ է փորձարկվել կոռուպցիոն բացահայտումներ անելու, արդյունքում հաջողվել է մեկը: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել էր շուրջ 136 դպրոցի տնօրենների հետ արված ձայնագրություններ, որտեղ պատմում են, թե ինչպես են ցուցակագրում իրականացնում:

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կազմակերպած «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» խորագրով կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը Ամալյա Կոստանյանի անվան 2016 և 2017 թվականների մրցանակները հանձնվեցին «ՄեդիաԼաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանին՝ 2016-ի քաղաքական ծաղրանկարների շարքի, և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ 2017-ի ընտրությունների նախօրեին հանրային ռեսուրսի չարաշահման դեպքերի բացահայտման համար:

2000 թ. հուլիսին արևմուտքում կրթություն ստացած իր համախոհ ընկերների հետ Ամալյա Կոստանյանը հիմնադրել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը:  Արդյունավետ կառավարմանն ուղղված իր ակտիվ ջանքերի շնորհիվ մեկ տարվա ընթացքում` 2001 թ. հոկտեմբերին կազմակերպությունը հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից որպես ազգային մասնաճյուղ: 2008 թ- ին որպես  ներկայիս (ԹԻՀԿ): Ամալյա Կոստանյանը ԹԻՀԿ-ը ղեկավարել է մինչև 2010 թ:

«Մենք և մեր թիմը հավատում ենք նրան, ինչ անում ենք, և հավատում ենք, որ կարող ենք փոփոխության հասնել», շնորհակալական իր խոսքում նշեց Մարիաննա Գրիգորյանը, ասելով, որ աշխատանքն իրականացրել են ոչ միայն լրագրողական հմտություններն օգտագործելով, այլ այն ամենն, ինչ հնարավոր է եղել բացահայտումներն իրականացնելու համար: «Հայաստանում երբեք էլ գաղտնիք չի եղել, որ իշխանության ամբողջ վարչական ռեսուրսը, որն իրականում հանրությանը պատկանող ռեսուրս է, 90 տոկոսով ծառայեցվում է ՀՀԿ-ին»,- մեր զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը:

Չնայած իշխանությունների՝ ամեն գնով հերքումներին և փաստերի բացակայությանը մշտական հղումներին, հավաքագրվել են փաստեր՝ վարչական ռեսուրսի չարաշահումն ապացուցելու համար:

«Շատ կարևոր էր այն փաստը, որ ոչ թե 114 վատ տնօրեն կա, այլ թե ում են նրանք ընտրացուցակները փոխանցում, ով է նրանց հրահանգել»,- ասում է Դանիել Իոաննիսյանը՝ թվարկելով այդ վարչական մարմինները՝  թաղապետարաններ, գյուղապետարաններ և այլն:

«Բոլորը գիտեին վարչական ռեսուրսի չարաշահման մասին, բայց ոչ ոք չէր կարողանում ապացուցել, իսկ մեզ ուղղակի դա հաջողվեց»,- ասում է Դանիել Իոաննիսյանը:

Թիմից աշխատել են երկու հոգի՝ Ռաֆայել Աֆրիկյանն ու Արթուր Հարությունյանը, հատուկ ընտրությամբ զանգել են 136 տնօրենի, պարզել, որ 114-ը ներգրավված են: Մոտ 10 օր տևած գործընթացից հետո աշխատանքը հրապարակվել է:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ աշխատանքները շարունակական են լինելու և փորձելու են կոռուպցիոն բացահայտումներ անելու նոր մեթոդներ գտնել:

 

Առնչվող