«Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» խորագրով միջոցառում (Թրանսփարենսի Ինթերնեշնլ)

08.12.2017 | 10:41 | Մամուլը մեր մասին

Երևան, դեկտեմբերի 8, 2017 – ս.թ. դեկտեմբերի 8-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կազմակերպել էր «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» խորագրով կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել են ոլորտի փորձագետներ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական կառույցների, ԶԼՄ և ՀԿ ավելի քան 90 ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը հանձնվեցին Ամալյա Կոստանյանի անվան 2016 և 2017 թվականների  մրցանակները։ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը ներկայացրել է Ամալյա Կոստանյանի դերը Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործում, ինչպես նաև նրա անվան մրցանակի խորհուրդը: 2016թ. մրցանակը հանձնվեց «ՄեդիաԼաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանին՝ 2016թ. քաղաքական ծաղրանկարների շարքի համար: Իսկ 2017թ.  մրցանակը հանձնվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ 2017թ. ընտրությունների նախօրեին հանրային ռեսուրսի չարաշահման դեպքերի բացահայտման համար։

Այնուհետև ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ԹԻՀԿ հայտարարությունը,  Հայաստանում 2016-17թթ․ կոռուպցիայի իրավիճակը, հակակոռուպցիոն քաղաքականությունը, ինչպես նաև ՀՀ ստանձնած հակակոռուպցիոն պարտավորությունների կատարման ընթացքը։

Միջոցառման վերջին հատվածում կազմակերպվեց «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում բանախոսներ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը և ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել են  կոռուպցիայի հետևանքով ՀՀ պաշտպանության և անվտանգության, մարդու իրավունքների, հանրային ռեսուրսների, սոցիալական պաշտպանության  ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Միջոցառումն առցանց հեռարձակվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից։


Կարդացեք նաև