200 միլիոն դոլարի պայմանագրով զենքերի մատակարարումները ակտիվացել են

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Շաբաթներ առաջ ՀՀ Ազգային Ժողովը հավանություն տվեց Ռուսաստանից 100 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի մասին համաձայնագրի ստորագրմանը:

Սակայն, ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի համանման հայ-ռուսական համաձայնագիրը: Այն ուժի մեջ մտավ միայն 2016 թվականի փետրվարին, ու դրա սահմաններում գնված զենքը պետք է մատակարարվեր 2016 և 2017 թվականների ընթացքում (վերջնաժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է):

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարբերաբար ՀՀ ֆինանսների նախարարությունից հարցումներով ստանում է տեղեկատվություն նշված համաձայնագրի սահմաններում Հայաստանի ունեցած վարկային պարտավորությունների չափի վերաբերյալ: Այդ չափը հավասար է Հայաստանին մատակարարված կամ արտադրական որոշակի ցիկլ անցած զենքերի ընդհանուր արժեքին:


Այսպիսով, ի պատասխան մեր հարցմանը պարզվեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ հայկական կողմի՝ այդ պայմանագրով վարկային պարտավորությունների չափը կազմում է 111,4 միլիոն ԱՄՆ դոլար: Այլ կերպ ասած, զենքի մատակարարման վերջնաժամկետից երկու շաբաթ առաջ հայկական կողմը ստացել է 200 միլիոն դոլարի զենքից ընդամենը 55 տոկոսը:


Ինչպես երևում է գծապատկերից 111,4 միլիոնի զենքի մեծ մասը մատակարարվել կամ արտադրվել է 2016-ի դեկտեմբերին և 2017-ի սեպտեմբերին, նոյեմբերին ու դեկտեմբերին:

Դժվար է ասել, թե արդյո՞ք մինչև դեկտեմբերի վերջը ռուսական կողմը կհասցնի մատակարարել մնացած 88,6 միլիոն դոլարի զենքը: Հասկանալի չէ նաև, թե ի՞նչ կլինի, եթե զենքի մի մասը, այնուամենայնիվ, չմատակարարվի նշված ժամկետում:

Հ.Գ. Ինչպես նախկինում հայտնել էինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էր (80-ականների, 70-ականների և անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաև համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը, օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները և «Смерч» համազարկային կրակի համակարգերը: «Իսկանդեր» տակտիկական հրթիռները Ռուսաստանից ձեռք են բերվել այս պայմանագրից դուրս: Դրանց մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: