Աջ ղեկերի արգելման փաստերի հերքումն ու հակափաստարկները

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Նախորդ շաբաթ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հանրության քննարկմանը ներկայացրեց աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման  ժամանակավոր արգելքի մասին կառավարության որոշման նախագիծը: Դրանով, մասնավորապես, նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն ու արդեն ներմուծվածների վերահաշվառումը (առուվաճառքը):

Նախարարությունն իր առաջարկի հիմքում մատնանշել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ․ պայմանագրի 7-րդ հավելվածն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման  անհրաժեշտությունը:

ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի 3-րդ հավելվածի 48-րդ մասը իսկապես ամրագրում է, որ Միությանը Հայաստանի միանալուց հետո 60 ամսվա ընթացքում Հայաստանում պետք է սկսի գործել ԵԱՏՄ «Անիվային տրանսպորտային միջոցների մասին» տեխնիկական կանոնակարգը: Իսկ այդ կանոնակարգի 19-րդ կետն իսկապես արգելում է M2 և M3 կատեգորիաների աջակողմյան ղեկով մեքենաների արտադրությունն ու շրջանառությունը: M2 և M3 կատեգորիաները 8 և ավելի նստատեղ ունեցող մեքենաներն են (միկրոավտոբուսներ և ավտոբուսներ):

Այլ կերպ ասած, 2020 թվականից Հայաստանում պետք է արգելվի աջակողմյան ղեկով միկրոավտոբուսների և ավտոբուսների շահագործումը (և ոչ միայն ներմուծումն ու վաճառքը): Բացառություն են միայն Բելառուսն ու Ղազախստանը, որտեղ արգելված են աջակողմյան ղեկով բոլոր մեքենաները:

Այսինքն, ԵԱՏՄ կանոնակարգերը չեն պարտադրում Հայաստանին արգելել կամ որևէ կերպ սահմանափակել աջակողմյան ղեկով թեթև մարդատար ավտոմոբիլների շահագործումը, ներմուծումը կամ վաճառքը:

Անվտանգություն

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վերջերս աջակողմյան ղեկով մեքենա նստելը համեմատեց կամիկաձե լինելու հետ, մինչդեռ ավտովթարների հետևանքով մահացության վիճակագրությունն այլ բան է վկայում:

Թեև Հայաստանում ավտոմեքենաների քանակը, խիստ վիճելի հիմնավորմամբ, Ոստիկանության պետի հրամանով գաղտնագրված է, սակայն հայտնի է ԱՊՊԱ արված մեքենաների թիվը՝ շուրջ 486 հազար: Մեր հաշվարկի համար այս թիվն անգամ ավելի օգտակար է, քանի որ ԱՊՊԱ չունեն հիմնականում չօգտագործվող մեքենաները, որոնք վթարների մասնակից չեն դառնում և մահացության վիճակագրության վրա չեն ազդում:

Միաժամանակ, Ճանապարհային ոստիկանությունից ստացված գրության համաձայն՝ ՀՀ-ում այժմ հաշվառված է մոտ 35,600 աջակողմյան ղեկով մեքենա: Այս թիվը կազմում է ավտոմեքենաների ընդհանուր թվի մոտ 7,5 տոկոսը:

Նույն ճանապարհային ոստիկանությունից ստացված այլ գրությունների համաձայն՝ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով 84 վթար: Այդ վթարներին մասնակցել է 117 մեքենա, և դրանց հետևանքով մահացել է 102 մարդ: Այդ 117 մեքենաներից ընդամենը 6-ն է եղել աջակողմյան ղեկով, և 111-ը՝ ձախակողմյան: Այսինքն, մահվան ելքով ավտովթարներին մասնակցած մեքենաների ընդամենը 5,1 տոկոսն է աջակողմյան ղեկով:

Այլ կերպ ասած, եթե վիճակագրությունը էքստրապոլացնենք (պրոյեկտենք) ամբողջ տարվա կտրվածքով, ապա կստանանք, որ ձախակողմյան ղեկով 10.000 մեքենայից մոտ 4,9-ն է մահացու վթարի մեջ լինում, իսկ աջակողմյան ղեկով 10.000 մեքենայից՝ 3,3-ը: Այսինքն, հավանականությունը, որ Հայաստանում օգտագործվող միջին վիճակագրական ձախակողմյան ղեկով մեքենան մահաբեր վթարի մեջ կհայտնվի մոտ 50 տոկոսով ավել է, քան աջակողմյան ղեկով մեքենայի դեպքում (ի հեճուկս նախարար Մարտիրոսյանի):

Թարմությունը

Թեև ակնհայտ է, որ աջակողմյան երթևեկությամբ երկրում աջ ղեկով մեքենան պետք է որ ավելի վտանգավոր լինի, քան լրիվ նույնական ձախ ղեկով մեքենան, սակայն իրականում այստեղ հարցադրումն այլ է: Բանն այն է, որ աջակողմյան ղեկով մեքենաներն ավելի մատչելի են ու թարմ: Հաճախ նույն գինն ունեցող և նույն դասի աջակողմյան ու ձախակողմյան ղեկերով մեքենաների տարիքի տարբերությունը հասնում է 10 տարու:

Իսկ նոր մեքենաները ունեն թե´ վթարների կանխարգելման (ABS, ASR, արգելակների հիդրո կամ էլեկտրական ուժեղացուցիչ, և այլն) և թե´ դրանց հետևանքների նվազեցման (ամրագոտիներ, անվտանգության բարձիկներ, նոր ստանդարտներին համապատասխանող կմախք, փափուկ տախտակամած և այլն) մեխանիզմներ: Ավելին, նոր մեքենաները ավելի թարմ վիճակում են, և Հայաստանում տեխնիկական զննության փաստացի բացակայության պայմաններում տեխնիկական անսարքության արդյունքում դրանց վթարվելն ավելի քիչ հավանական է, քան հներինը:

Սակայն, եթե աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն ու վաճառքը արգելվի, սահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ, ովքեր կարող է գնեին առավել նոր աջակողմյան ղեկով մեքենա, նույն գումարով կսկսեն գնել ավելի հին կամ ավելի անորակ ձախակողմյան ղեկով մեքենա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս հանգամանքը, սակայն, ամբողջությամբ դուրս է մնացել արգելքի հիմքում ընկած հաշվարկներից: Այսինքն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում կամ չեն գիտակցում այս փաստը, կամ էլ միտումնավոր են շրջանցել այն:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: