Դանիել Իոաննիսյանի հարցազրույցը Թերթ.am-ին «Freedom House»-ի զեկույցի մասին

18.01.2018 | 12:49 | Մամուլը մեր մասին

Tert.am –ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ  Դանիել Իոաննիսյանը  անդրադառնում է Freedom House-ի Հայաստանի վերաբերյալ գնահատականներին ու հարցին` թե ինչ սպասել հասարակությունից «Ելք»–ի սոցիալական ընդվզման երթից:

-Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության համաձայն, ինչպես և 2017-ին՝ Հայաստանը ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ 100 հնարավոր միավորից ստանալով 45 միավոր: Մասամբ ազատ է ճանաչվել նաև Արցախը՝ 30 միավորով:  Այս գնահատականը  համարո՞ւմ եք օբյեկտիվ, թե ոչ։ Այն համապատասխանո՞ւմ է իրականությանը:

-Ընդհանուր առմամբ, Freedom House-ի զեկույցները քիչ թե շատ իրականությանը համապատասխանում են, և, այո, եթե համեմատում ենք Արցախի հետ, Հայաստանում իրավիճակն ավելի լավ է, քան Արցախում, որտեղ եղել են բազում դեպքեր, որոնք լուրջ անդրադարձ են ունեցել Արցախում ժողովրդավարության մակարդակի վրա: Հայաստանում գոնե այդքան ցայտուն դեպքեր՝ Նախախորհրդարանի ավտոերթ և այլն, ավելի քիչ են լինում: Իրականում այն, ինչ եղել է Հայաստանում 2017-ին, ընտրություններն էին, որոնք ցույց տվեցին, որ երկրում լուրջ խնդիրներ կան: Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեությունը չի արգելվում, նրանց ներկայացուցիչներն ու լրագրողները բանտերում չեն հայտնվում և այլն, և այդ առումով վիճակը, ես կասեի՝ վատ չի, բայց, ամեն դեպքում,կան խնդիրներ, մասնավորապես, ընտրությունների, քաղաքական բանտարկյալների հարցում, որը բնականաբար անդրադարձել է Հայաստանի վարկանիշի վրա:

Ըստ որում` Հայաստանում քաղաքացիական ազատությունները ավելին են, քան քաղաքական ազատությունները: Սա ևս փաստվում է, և արտահայտում է իրականությունը, որովհետև բացարձակ չեմ ուզում գլուխ գովել, բայց Հայաստանում քաղհասարակությունը շատ ավելի ամուր ու լավ դիրքերում է, քան  քաղաքական-կուսակցական հասարակությունը, որն ավելի լուրջ խնդիրներ ունի:

-Իսկ պատճառն ա՞յն է, որ քաղհասարակությունն ավելի ինքնուրույն է, ֆինանսապես անկախ, համարձակ ու քաջ, թե՞ այլ:

-Որպեսզի քաղհասարակությունը զարգանա, մի քանի նախապայմաններ են անհրաժեշտ, որոնցից առաջինն ու ամենակարևոր պայմանն այն է, որ իշխանությունը չխանգարի: Ինչը և իշխանությունը համարյա թե չի անում: Բայց կուսակցությունների ու իրենց քաղաքական ազատությունների զարգացման համար իշխանությունների չխանգարելը քիչ է. պետք է, որ լինեն նորմալ ընտրություններ, կուսակցությունների համար լինեն հավասար պայմաններ, բաներ, որոնք Հայաստանում չկան: Այս առումով, պատահական չէ, որ քաղաքական շատ գործիչների մենք տեսնում ենք ճաղերի հետևում. Անդրիաս Ղուկասյան, Շանթ Հարությունյան, այլք, և սա էլ է ազդում է գործակիցների տարբերության վրա: Եվ առհասարակ, Հայաստանում մենք տեսնում ենք մահացած կամ համարյա միակուսակցական քաղաքական համակարգ:

-Քաղաքական ազատությունների մասով համեմատությունը Հայաստանի ու Ղրղզստանի միջև է և նաև ընդգծվում է, որ  մեջբերում եմ՝  Հայաստանում և Ղրղզստանում խիստ թերություններով աշխատող քվեարկության համակարգը ցույց է տվել ընտրությունների շուրջ գոյություն ունեցող ժողովրդավարական նորմերի շարունակական քայքայումը:

-Առաջին անգամ չէ, որ այս կազմակերպությունը համեմատում է Հայաստանն ու Ղրղզստանը: Մասնավորապես, քաղաքական համակարգի հետ կապված, և, ի դեպ, երկուսի գործակիցն էլ նույնն է՝ 5-7: Քաղաքացիականով Ղրղզստանից ավելի լավ վիճակում ենք:

Զեկույցի հետ կապված պետք է ասեմ, որ մտահոգիչ են տարածաշրջանային տենդենցները. հետընթացի համաշխարհային առաջատարը Թուրքիան է, և հետընթացի մոտավորապես 10-րդ հորիզոնականում Ադրբեջանն է: Սա մտահոգիչ է, երբ քո հարևանները գնում են հստակ հետընթացի ճանապարհով, որովհետև ավելի բռնապետական երկրներն ավելի ագրեսիվ են լինում և ավելի վտանգավոր հարևանի համար: Սա մեկ, և երկրորդ՝ կարող են վատ օրինակ ծառայել: Երբ քո հարևանները լավն են, դու էլ խնդիր ունես լավը դառնալու , որպեսզի չզգացվի տարբերությունը, իսկ երբ քո հարևանները վատն են, դու էլ կարող ես մի քիչ ավելի վատը լինել, որովհետև նրանք շատ վատն են:

-Պարոն Իոաննիսյան, ասում եք` քաղաքական համակարգը մահացած է, քանի որ դաշտը նեղանում է, իսկ կուսակցությունները ոչ մրցակցային ընտրապայքարում և դրանից հետո որպես քաղաքական ուժ չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթները: Հիմա՝ ընդդեմ թանկացումների երթ է լինելու։ Կարծես թե ամենահարմար պահն է  կուսակցությունների համար ինքնադրսևորվելու, նաև՝ հարմար. ձմեռ է, դանակը հասել է ոսկորին, ինչն է նրանց խանգարում: Ինչո՞ւ է այս պասիվությունը:

– Դժգոհություն կա, և շատ դժվար կլինի գտնել մեկին, որը կասի, որ դժգոհ չէ, որ կյանքը շեշտակի թանկացել է: Բայց մարդիկ մտածում են՝ լավ, դուրս գանք ցույցի, արդյոք, իշխանությունը մեր ձայնը կլսի՞: Եթե մարդիկ վստահ լինեն, կամ գոնե կարծեն, որ իրական շանս կա, որ իշխանությունը իր ձայնը կլսի, կհամաձայնվի իր հետ, ապա մարդիկ դուրս կգան ցույցի: Բողոքն արտահայտելու ձևեր կան, ի վերջո: Եվ, ըստ իս, այս հարցում քաղհասարակությունը պետք է ավելի ակտիվ լինի: Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ խոսենք պայքարի հաջողված պատմությունների մասին և որ որոշ դեպքերում իշխանությունը գնացել է զիջումների:  Որովհետև, այնուամենայնիվ, «Էլեկտրիկ Երևանը»  հաջողված պատմություն էր, քանի որ միայն դրանից հետո էլեկտրաէներգիայի գինը սկսեց նվազել՝ նախկինում տարիներ շարունակ աճելու փոխարեն: Օրինակները շատ են, երբ հասարակության բողոքի հետ իշխանությունը հաշվի է նստել: Բոլորս հիշում ենք նաև կամերաների դեմ ավտոերթերը,  որոնք հիշեցնեմ, ավարտվեցին նրանով, որ Արդարադատության  նախարարությունն առաջարկեց մի քիչ թեթևացնել այդ ոլորտի օրենսդրությունը:

-Եվ մի հարց ևս. մեղավոր չե՞ք համարում ՀԿ-ներին, նաև` լրագրողներին այն հարցում, որ հասարակությունը համոզված է, որ այդ թանկացումները ԵԱՏՄ դրույքաչափերի հետևանքով են, բայց իրականում այս խնդիրը  մեր ակցիզների բարձրացման, մեր  բյուջեի, մեր ստվերի հետ է:

-ԵԱՏՄ–ի հետ կապված թանկացումների հիմնական ալիքը 2020-ին է, թեև հիմա էլ կան: Բայց, այո, պետք է ընդունեմ, որ մենք ինչ-որ իմաստով մեղավոր ենք. ժամանակին, երբ ընդունվում էր նոր Հարկային օրենսգիրքը, պետք է այն ավելի մանրամասն ուսումնասիրեինք և տեսնեինք, օրինակ, որ ողջ գյուղատնտեսությունը՝ տրակտորից մինչև գյուղմթերք տեղափոխող բեռնատարներ թանկանալու է: Մենք պետք է սա տեսնեինք, սա բարձրաձայնեինք:


Կարդացեք նաև