Հայաստանի չքաղաքականացված քաղաքականությունը

19.01.2018 | 10:57 | Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները մի կարևոր փոփոխություն բերեցին հայկական քաղաքական կյանք, այն է՝ «քաղաքականություն» երևույթի հանդեպ նեգատիվ վերաբերմունքի ձևավորումն ու քաղաքականությամբ զբաղվելու «տաբուի» առաջացումը։

«Մի քաղաքականացրեք»

Այս տարիների ընթացքում քաղաքական հարցերը չքաղաքականացնելու կոչերը իշխող Հանրապետական կուսակցության անդամների խոսքում սովորական երևույթ են դարձել։ Չքաղաքականացնելու կոչերով հանդես է եկել Արմեն Աշոտյանը, ով դեռ իր Կրթության և գիտության նախարար եղած տարիներին պնդում էր, որ պետք չէ քաղաքականացնել իր այն ժամանակ ղեկավարած կառույցի աշխատանքը, երբ հանրային քննարկում էր ծավալվել քաղաքական հայացքների պատճառով ուսումնական հաստատությունների աշխատակիցների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ։ 2017թ․ հունիսին նման կոչով հանդես եկավ Հրազդանի քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի ամռանը հանրային բողոքի ալիք էր բարձրացել, քանի որ Արամ Դանիելյանը որևէ պատասխանատվության չէր ենթարկվել ծառայողական մեքենայի հանդեպ անփութության համար, երբ նրա անչափահաս որդին իր ծառայողական մեքենայով 59-ամյա քաղաքացու վրաերթի էր ենթարկել։

Նմանատիպ բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Անգամ ոստիկանության պաշտոնյաներն են պարբերաբար տարբեր ցույցերի մասնակիցներից պահանջում «չքաղաքականացնել պահանջները»: Իշխանությունը անցած տարիներին հստակ ապացուցել է, որ ձգտում է հնարավորինս ապաքաղաքականացնել քաղաքական կյանքը և քաղաքականություն բառին բացասական հնչերանգ տալ։ Այսպիսի հայտարարություններն այնքան են տարածվել, որ որոշ օնլայն հարթակներում քաղաքացիները անգամ սկսել են կիրառել #չքաղաքականացնել  հաշթագը՝ սարկաստիկ նրբերանգով։

 Չքաղաքականացված նախագահ

Թերևս այս տենդենցի կուլմինացիան դարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ապագա նախագահի հատկանիշների վերաբերյալ։ Հունվարի 16-ին նա հայտարարել էր, որ ապագա նախագահը պետք է անկողմնակալ մարդ լինի, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Փաստորեն, այս հայտարարությունը ևս մեկ անգամ բացասական նրբերանգ է հաղորդում «քաղաքականություն» բառին։ Ըստ Սերժ Սարգսյանի, եթե որևէ անհատ երբևէ քաղաքականությամբ զբաղվել է, ապա չի կարող անկողմնակալ լինել։ Միաժամանակ հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է նախագահի պաշտոնը զբաղեցնի մի մարդ, ով երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել ու կուսակցության անդամ չի եղել։ Նույնն է, թե հաջորդ միջազգային շախմատային օլիմպիադային Հայաստանից ուղարկվի մի մասնակից, ով նախկինում միայն ֆուտբոլ է խաղացել։

Ինչո՞վ է պայմանավորված ապաքաղաքականացնելու այս միտումը։ Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ քաղաքականությանը և դրանով զբաղվելուն բացասական նրբերանգ տալով ու հնարավոր բոլոր քաղաքական հարցերը ապաքաղաքականացնելով, Հանրապետական կուսակցությունը փորձում է հանրության մոտ կարծրացնել հետևյալ պատկերացումները՝ 1․ քաղաքականությունը վատն է, մի խառնվեք այդ գործընթացին, 2․ քանի որ քաղաքականությունը կեղտոտ պրոցես է, քաղաքականությամբ զբաղված մարդն ինքն էլ անպատճառ կեղտոտվում է։ Եվ, ի վերջո, եթե հանրությունը քաղաքականությունը բացասական երևույթ է համարում ու դրանից հեռու է մնում, ապա այն դառնում է բացառապես Հանրապետական կուսակցության մենաշնորհը։

Հետևաբար Սերժ Սարգսյանի հայտարարությունը պարզապես փոքր դրվագ չէ, այլ հստակ պրոցեսի՝ «քաղաքականությամբ զբաղվելու մենաշնորհի» ստեղծման գործընթացի կուլմինացիա։

Վերջում հիշեցնենք, որ քաղաքականություն բառը, իր դասական «ոչ հայկական» իմաստով, հունարենից թարգմանաբար (հուն.՝ πολιτικός, politikos բառից) նշանակում է «քաղաքացիների, քաղաքացիների համար կամ քաղաքացիներին վերաբերող»։ Հետևաբար ցանկացած հարց, որ վերաբերում է ՀՀ շարքային քաղաքացուն, քաղաքական է, ու քանի որ այդ հարցերի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալն ու դրանցում մասնակցություն ցուցաբերելը ցանկացած քաղաքացու անխուսափելի պարտքն է, ապա մենք բոլորս այս կամ այն կերպ մասնակցում ենք քաղաքականությանը։ Նույնիսկ չքաղաքականացված լինելու որոշումն է քաղաքականության տարբերակ, ուստի ՀՀ նոր նախագահի թեկնածու դժվար թե գտնվի Հայաստանում կամ աշխարհի որևէ այլ կետում։

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև