Հայաստանի ժողովրդավարությունը «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի» զեկույցում

01.02.2018 | 18:35 | Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ

Հունվարի  31-ին «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակեց իր ամենամյա հաշվետվությունը ժողովրդավարության վերաբերյալ։ «Ժողովրդավարության ինդեքս-2017» վերնագիրը կրող զեկույցը ներկայացնում է ամփոփ տեղեկատվություն` նախորդ տարվա ընթացքում աշխարհի 165 երկրներում և 2 տարածքային միավորներում ժողովրդավարության միտումների մասին։ Ինչպես միշտ, զեկույցը տեղեկություններ է պարունակում նաև Հայաստանի մասին։

Հիբրիդային ռեժիմ

Զեկույցը մի շարք հատկանիշների (ընտրական գործընթացներ և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեության գնահատական, քաղաքական մասնակցություն և քաղաքական մշակույթ) ուսումնասիրության հիման վրա յուրաքանչյուր երկրի տալիս է 0-10 միավոր, ընդ որում 0-ն բացասական ցուցանիշն է, իսկ 10-ը՝ դրականը։ Համաձայն զեկույցի՝ երկրները, ըստ իրենց կառավարման համակարգի, դասակարգվում են չորս հիմնական խմբի․ «լիարժեք ժողովրդավարություններ» (8-10 միավոր), «թերի ժողովրդավարություններ» (6-8 միավոր), «հիբրիդային ռեժիմներ» (4-6 միավոր) և «ավտորիտար ռեժիմներ» (4 և ցածր միավոր)։ Հայաստանը այս տարի դասակարգվել է «հիբրիդային ռեժիմների» շարքին, այնինչ՝ նախորդ տարի ՀՀ-ն «ավտորիտար ռեժիմների» շարքում էր։

Հայաստանի դիրքի բարելավումը զեկույցի հեղինակները հիմնավորում են այն հանգամանքով, որ Հայաստանը նախագահական համակարգից անցում է կատարել խորհրդարանականի։ Ընդ որում, 165 երկրների շարքում Հայաստանը 111-րդ տեղում է՝ Պակիստանի (110) և Իրաքի (112) միջև: Այսինքն, ըստ «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի», Պակիստանը Հայաստանից ավելի ժողովրդավար է։ Հայաստանից ավելի ժողովրդավար են նաև Նիկարագուան, Թայլանդը, Պաղեստինը և Նիգերը։

Կառավարության գործունեության գնահատականը` ավտորիտար

Թեև Հայաստանը այս տարի «ավտորիտար ռեժիմների» շարքում չէ, սակայն ըստ զեկույցի՝ 2017թ․ ՀՀ ժողովրդավարության հավաքական միավորը 4,11 է, մինչդեռ 4 և 4-ից ցածր միավորների դեպքում երկիրը համարվում է ավտորիտար։ Նախորդ տարի ՀՀ ցուցանիշը 3․88 էր, այսինքն՝ 0,11 միավորի շնորհիվ է, որ այս տարի ևս ավտորիտար համակարգերի շարքին չենք դասվել: ՀՀ ժողովրդավարության հավաքական միավորը ձևավորվել է հետևյալ ենթամիավորների համադրությունից՝

Փաստորեն, Հայաստանի կառավարության գործունեությունը և քաղաքական մշակույթը Հայաստանում ավտորիտար պետության ցուցանիշներ ունեն։ Բարեաբախտաբար մյուս երեք ենթացուցանիշները մեզ թույլ են տալիս Իրաքից փոքր-ինչ ավելի ժողովրդավար համարվել։ Ուշագրավ է, որ աշխարհի ամենաքիչ ժողովրդավար երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի կառավարության գործունեությունը ևս գնահատվել է 2.86 միավոր։ Նմանատիպ ցուցանիշ ունի նաև Լաոսը:

Տարածաշրջան

Միաժամանակ Հայաստանից ավելի բարվոք վիճակում են գտնվում Մոլդովան` 78-րդ տեղում, Վրաստանը՝ 79, և Ուկրաինան՝ 83, իսկ ավելի վատ վիճակում՝ Բելառուսը՝ 138, ու Ադրբեջանը՝ 148։  Ընդ որում, ի տարբերություն «հիբրիդային ռեժիմ» համարվող Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի՝ Բելառուսն ու Ադրբեջանը ավտորիտար համակարգեր են։

Ուշագրավ է, որ ԵԱՏՄ երկրներից միայն Ղրղզստանն է «հիբրիդային ռեժիմ» և իր 5.11 ընդհանուր ցուցանիշով Հայաստանից ավելի բարձր տեղ է զբաղեցնում ցուցակում։ Մյուս անդամները՝ ՌԴ-ն (3.17 հավաքական միավոր), Բելառուսը (3.13 հավաքական միավոր) և Ղազախստանը (3.06 հավաքական միավոր) բոլորն էլ ավտորիտար համակարգերի շարքում են՝ համապատասխանաբար 135, 138 և 141-րդ տեղերում։

Այսպիսով, ըստ «Էկոնոմիստ ինթելիջենս յունիթի»՝ Հայաստանը այս տարի գրանցել է փոքրիկ ժողովրդավարական առաջընթաց, սակայն դեռևս չի հասել Պակիստանի ժողովրդավարության մակարդակին, իսկ ՀՀ կառավարության գործունեությունը գնահատվել է Սաուդյան Արաբիայի կառավարությանը համարժեք։

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև