Դանիել Իոաննիսյանի ԱԺ ելույթը՝ մարտի 1-ի վերաբերյալ (տեսանյութ)

23.02.2018 | 18:35 | Տեսանյութեր, Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ

Պարոն նախագահող, հարգելի պատգամավորներ և հյուրեր:

Նախ ես չհասկացա. պարոն Բիշարյան, մենք այստեղ դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննությունների արդյունքնե՞րն ենք քննարկում: Ինձ թվում էր` մենք քննարկում ենք ողբերգական դեպքերի քաղաքական գնահատականը, ինչպես նաև հետագայում դրանց կրկնության կանխմանն ուղղված գործողությունների շրջանակը: Պարոն Ֆարմանյանի ասած դասի քաղումը:

Ես ակնկալում էի, որ քննարկման առարկա կդառնա այն հանգամանքը, թե ինչու քաղաքացիները դուրս եկան տևական նստացույցերի, ո՞վ է մեղավոր, որ Ազատության հրապարակի խաղաղ հավաքի նկատմամբ բռնություն գործադրվեց, ինչի արդյունքում քաղաքացիները հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ:

Պետք է քննարկման առարկա դառնա այն, թե ինչպես արտակարգ դրությունից առաջ զինված ուժերը հայտնվեցին Երևանի կենտրոնում:

Իմիջիայլուց, պարոն Կոստանյան, դուք ինչի հիման վրա եք ասում, որ 0038 հրամանը կապ չի ունեցել Երևանում տեղի ունեցող դեպքերի հետ, եթե այդ հանգամանքը քննության առարկա չի եղել: Էլ չասեմ արտակարգ դրությունից առաջ ԲՄՊ-ները ԴՈւՑ-ից Երևան բերելը: Երևանում հայ-ադրբեջանական շփման գիծ, պարոն Կոստանյան, չկա: Թող ՀՔԾ-ն քննի ու պարզի առնչություն եղե՞լ է թե՞ ոչ:

Իրավապահները հարցին մոտենում են որպես «Մեկ անձը սպանեց մեկ այլ անձի» պատմության: Բացարձակ քննության առարկա չի դարձել նախագահի և ուժային կառույցների ղեկավարների արձակած հրամանների և սպանությունների կապը: Իսկ ապօրինի հրամաններ եղել են, և դա պարզել է փաստահավաք խումբը:

Ինչպես հաստատեց պարոն Բիշարյանը, քննության առարկա չի դարձել, թե որքանով են բարձրաստիճան ոստիկանների ու զինվորականների կողմից արձակած հրամանները նպաստել սպանություններին: Եվ սա է ամենակարևորը, քանի որ ամենամեծ պատասխանատվությունը կրում են հրաման տվողները և ոչ կատարողները:

Թերևս բոլորին հասկանալի է, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների առնչությունը սպանություններին չի քննվել: Եվ հենց դա է հետագայում նման դեպքերի կրկնման վտանգ ստեղծում:

Իսկ նման դեպքեր, իհարկե, ոչ այդքան ծանր հետևանքներով, կրկնվեցին:

2015 թվականի հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը, առնվազն Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի հրամանով անվիճելիորեն խաղաղ ցույցի նկատմամբ կիրառեց հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ: Նույն օրը ոստիկանները հետևողականորեն ոչնչացնում էին լրագրողների տեխնիկան և անգամ կադրերում հստակ երևում ու լսվում է, թե ինչպես է ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը հրահանգում կոտրել լրագրողի տեսախցիկը, ինչը ամինջապես իրականացվում է:

Բնականաբար, ոչ Կարապետյանը, ոչ էլ Երանոսյանը պատասխանատվության չկանչվեցին: Երկուսն էլ մնացին պաշտոնին և դրանից մեկ տարի անց՝ 2016 թվականի հուլիսի 29-ին, Սարի թաղում և Խորենացի փողոցի վրա խաղաղ ցուցարարների ու լրագրողների նկատմամբ կրկին կիրառեցին հատուկ միջոցներ ու ֆիզիկական ուժ, որի արդյունքում մոտ 130 խաղաղ քաղաքացի ստացավ մարմնական վնասվածքներ:

Ընդ որում, քանի որ պատշաճ քննության առարկա չի դարձել 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունների կողմից կրիմինալ խմբերի ներգրավումը, դա կրկնվեց 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում, ուր կրիմինալ խմբերը ոստիկանության հետ միասին մասնակցում էին խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող գործողությանը:

Բնականաբար, 2016 թվականին խաղաղ անձանց դեմ գործողությունների իրականացման հրաման տվողները որևէ պատասխանատվության չկանչվեցին:

Տիկնայք և պարոնայք, քանի դեռ պատասխանատվության չեն կանչվել 2008 թվականի փետրվարի վերջին ու մարտի 1-ին, 2015 թվականի հունիսին և 2016 թվականի հուլիսին խաղաղ քաղաքացիների նկատմամբ ուժային գործողությունները կազմակերպած ու համապատասխան հրամաններն արձակած անձինք, Հայաստանի քաղաքացիները երբեք վստահություն չեն ունենա, որ խաղաղ հավաքի մասնակցությունն անվտանգ է:

Խորհրդարանի հարգելի պատգամավորներ, ձեր քաղաքական աջակցությունը ցույց տվեք խաղաղ ցույցերի դուրս եկող համաքաղաքացիներին: Մասնավորապես՝ մահացած, վիրավորված, ապօրինի ձերբակալված և ոստիկանությունում խոշտանգված խաղաղ ցուցարարներին: Հակառակ պարագայում դուք ակամայից աջակցում եք հանրության ռադիկալիզացիային, հակառակ պարագայում մարդիկ սկսում են ձեզ դիտարկել որպես թշնամի՝ դրանից բխող հայտնի ու հասկանալի հետևանքներով:

Շնորհակալություն:


Կարդացեք նաև