Հակիրճ հայ-վրացական հարաբերությունների մասին

02.03.2018 | 16:24 | Արտաքին քաղաքականություն

Այսօր՝ մարտի 2-ին Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գեորգի Մարգվելաշվիլու գլխավորած պատվիրակությունը:  Վրաց վարչապետի այցը Հայաստան պետք է տեղի ունենար դեռևս անցած տարվա դեկտեմբերի մեկին, սակայն հետաձգվել էր վրացական կողմի խնդրանքով՝ կապված Վրաստանի խորհրդրանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելու հետ:

Վրաստանում, ինչպես և Հայաստանում, անցում է կատարվում կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականի, սակայն ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում արդեն իսկ վարչապետն ունի շատ ավելի լայն լիազորություններ, և Գեորգի Կվիրիկաշվիլու այցը, փաստացի, Վրաստանի առաջին դեմքի այցն է Հայաստան:

Վրաստանը Հայաստանի հարևան միակ քրիստոնեական երկիրն է, որի հետ նաև չկան որևէ սկզբունքային տարաձայնություններ կամ չկարգավորված խնդիրներ: Ըստ այդմ, Հայաստանի երկկողմանի շփումները Վրաստանի հետ շատ ավելի ակտիվ են, քան որևէ այլ երկրի հետ:

Այդ մասին են վկայում նաև փոխայցելությունների հաճախականությունը: Ըստ ՀՀ արտգործնախարարության կայքի հրապարակած տվյալների՝ ՀՀ բոլոր նախագահներն այցելել են Վրաստան, սակայն ՀՀ նախագահի առաջին  այցը եղել է 1996 թվականի հունիսին՝ՙ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից չորս տարի անց: Այն ժամանակ Վրաստան էր այցելել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք արդեն այցերը խիստ հաճախանում են: Քոչարյանը, մասնավորապես, Վրաստան է այցելել յոթ անգամ, փաստացի, 2000-ից 2007 թվականների ընթացքում ՀՀ նախագահը Վրաստան է այցելել ամեն տարի:

Սերժ Սարգսյանը Վրաստան է այցելել ընդամենը վեց անգամ՝ 2008-ին, 2010-ին, 2011-ին, 2014-ին, 2015-ին և 2017-ին:

Վրաստանի առաջին նախագահ Էդուարդ Շևարնաձեն Հայաստան է այցելել 1993 թվականին՝ որպես Վրաստանի Պետության ղեկավար և Վրաստանի խորհրդարանի նախագահ: Հետագայում, նախագահի կարգավիճակով, Շևարնաձեն Հայաստան է այցելել նաև 1997, 1999 (երկու անգամ) և 2001 թվականներին:

Վրաստանում իշխանափոխությունից հետո՝ 2004 թվականի մարտին առաջին անգամ Հայաստան է այցելում վրաց նոր նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով հետագայում այցելում է Հայաստան ևս 5 անգամ՝ 2005, 2006, 2007, 2009 և 2011 թվականներին:

Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հայաստան է այցելել 2014 թվականի փետրվարին: Նույն տարվա օգոստոսին Հայաստանում է եղել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ արդեն դեկտեմբերին՝ այն ժամանակ դեռևս փոխվարչապետ և էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի, 2013 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել 86,1 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ ներմուծել՝ 65,8 միլիոնի: Համաձայն նույն աղբյուրի՝ Հայաստանը Վրաստանից ներմուծում է հիմնականում գյուղմթերք, ավտոմեքենաներ, հանքային ջրեր, քիմիական արտադրանք և դեղամիջոցներ, իսկ արտահանում լեռնարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական և թռչնաբուծական ապրանքներ, գյուղմթերք և սննդի արդյունաբերության արտադրանք:

Վրաստանը Հայաստանի համար բացառիկ կարևորություն ներկայացնող երկիր է: Վրաստանի տարածքով է անցնում Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարը՝ տխրահռչակ Վերին Լարսի անցակետով: Սույն ճանապարհին այլընտրանք գտնելու հարցը հայ-վրացական բանակցությունների առանցքային թեմաներից է: Վրաստանի նավահանգիստներով Հայաստանը նաև ամենամոտ ելքն է ստանում դեպի ծով:

Ըստ Վիքիպեդիայի տվյալների՝ Վրաստանում ներկայումս բնակվում է շուրջ 350 հազար հայ, որոնք հիմնականում կենտրոնացված են Ջավախքում, որտեղ կա կոմպակտ հայ բնակչություն, և մայրաքաղաք Թբիլիսիում: Հայերն ավանդաբար մեծ դեր են խաղացել Վրաստանի սոցիալ-տնտեսական և հասարակաքաղաքական կյանքում: Ներկայում հայերը ներկայացված են վրաց խորհրդարանում երեք պատգամավորներով՝ Հենզել Մկոյան, Սամվել Մանուկյան և Ռուսլան Պողոսյան:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև