Հայտարարություն Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի սահմանադրական պահանջներին չհամապատասխանելու մասին

5 մարտի, 2018թ․

ՀՀ Ազգային ժողովը քննարկելով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ ս․թ․մարտի 2-ին 90 կողմ ու 10 դեմ ձայնով նրան ընտրեց ՀՀ նախագահ։

Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրում ենք, որ Արմեն Սարգսյանը որևէ կերպ չփարատեց իր քաղաքացիության հետ կապված կասկածները, մասնավորապես առ այն, որ նա չի բավարարում վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու սահմանադրական պահանջը։ Թեև բազմաթիվ հարթակներում հնչեցվել էր հանրության պահանջը՝ հրապարակելու Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցնելու պահը հավաստող փաստաթուղթը, Ա․Սարգսյանը ներկայացրեց ընդամենը տեղեկանք՝ տրված ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, ինչն ընդամենը վկայում է նրա ՀՀ քաղաքացի լինելու մասին և չի կարող փոխարինել Մեծ Բրիտանիայի պետական մարմնի կողմից տրված փաստաթղթին, որը կարող էր լինել միակ արժանահավատ ապացույցը։ Այս փաստաթղթի բացակայության պարագայում ավելի են խորանում քաղաքացիության ցենզը չբավարարելու հետ կապված հանրության կասկածները, ինչպես նաև  բացահայտ կերպով դրսևորվում է Արմեն Սարգսյանի քամահրական ու անհարգալից վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և քաղաքացիների նկատմամբ։

Հարկ է հիշել, որ 2008-ին կեղծված ընտրություններով և առնվազն 10 մարդու կյանքի գնով իշխանության եկած և 2013-ին կեղծված ընտրություններով ՀՀ նախագահի  պաշտոնը պահած Սերժ Սարգսյանն, իր և իր կուսակցության իշխանությունը վերարտադրելու և ամրապնդելու նպատակով, նախաձեռնեց ՀՀ Սահմանադրության փոփոխություն և 2015-ին կեղծեց նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ ապահովելով ՀՀԿ-ի կայուն մեծամասնությունը խորհրդարանում։ Ուստի, թերևս օրինաչափ է, որ այս պայմաններում ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն հնարավոր է համարում արհամարհել ՀՀ գործող սահմանադրությամբ առաջադրված պահանջները և ամեն գնով հայտնվել ՀՀ բարձրագույն պաշտոնին։

Հարկ ենք համարում  նկատել նաև, որ Ազգային ժողովի պատգամավորների ճնշող մեծամասնությունն իր քվեարկությամբ փաստեց, որ չի հարգում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և հերթական անգամ առաջնորդվում է ոչ թե օրենքի պահանջով, այլ՝ տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությամբ, ինչը պայմանավորված է անձնական և կլանային նեղ շահերով։

Արձանագրում ենք, որ ՀՀ նախագահի՝ ժողովրդի կողմից ուղղակիորեն կամ ԱԺ կողմից ընտրվելու  վերաբերյալ սահմանադրական կազուսը և դրան առնչվող սահմանադրական նորմերի կամայական մեկնաբանումները արդեն իսկ հարցականի տակ են դնում Հայաստանի Հանրապետության նոր նախագահի ընտրության սահմանադրականությունը։ Սրան հավելվում է այն փաստը, որ Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից ընտրված Արմեն Սարգսյանը ստանձնում է նախագահի պաշտոնը՝ խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ սահմանված քաղաքացիության հետ կապված պահանջը՝ ողջամիտ կասկածներ հարուցելով իր լեգիտիմության նկատմամբ և հարցականի տակ դնելով Սահմանադրության երաշխավոր լինելու իր հիմնական գործառույթի ապահովումը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Իրավունքի և ազատության կենտրոն

 

Հայտարարությունը բաց է միանալու համար

Առնչվող