ՀՀ արտահանման կառուցվածքը 2017թ.

2017 թվականին ՀՀ համախառն ապրանքաշրջանառությունը աճել է շուրջ 26,86%-ով՝ կազմելով  6,4 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, արտահանումն աճել է 25,2%-ով՝ առաջին անգամ հատելով 2 մլրդ դոլարի սահմանագիծը, իսկ ներմուծումը՝ 27,8%-ով՝ կազմելով գրեթե 4,2 մլրդ դոլար:

Արտահանման կառուցվածքը

Արտահանման ապրանքային կառուցվածքում էական փոփոխություններ չեն գրանցվել: Առաջատար է հանքահումքային արտադրանքը, որը կազմում է ամբողջ արտահանման մոտ 31%-ը կամ 692 մլն դոլար: Դրան հաջորդում է «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախումբը՝ 531 մլն դոլար ծավալով, որը կազմում է արտահանման 23.7%-ը: Արտահանման ապրանքային կառուցվածքում երրորդը «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախումբն է՝ 290 մլն դոլար ծավալով և «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախումբն է՝ 277 մլն դոլար ծավալով: Նշանակալի քանակությամբ արտահանվում են նաև «մանածագործական իրեր», «կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք», «բուսական ծագման արտադրանք», «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» և այլ ապրանքախմբեր:

Արտահանման ուղղությունները

Ինչ վերաբերում է արտահանման աշխարհագրական կառուցվածքին, ապա այստեղ առաջատար են տարածաշրջանային երկու խոշոր խմբավորումներ՝               ԵԱՏՄ-ը և ԵՄ-ը: 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսների դրությամբ ՀՀ արտահանման 24,75%-ը բաժին է հասել ԵԱՏՄ երկրներին (գրեթե ամբողջությամբ՝ Ռուսաստանին): Ընդ որում, դեպի ԵԱՏՄ երկրներ ՀՀ արտահանումը 2016 թվականի համեմատ աճել է շուրջ 41%-ով:

Դեպի ԵԱՏՄ արտահանման կառուցվածքում հատկապես գերակշռում են թեթև արդյունաբերության ապրանքներն ու սնունդը, ինչպես նաև պատրաստի այլ արտադրանքներ: Այսպես, դեպի ԵԱՏՄ արտահանման շուրջ 34%-ը բաժին է ընկնում «ալկոհոլային խմիչքներ» հոդվածին, մեծ քանակությամբ արտահանվում են նաև «լուսավորման ջահ, լամպ, մասեր» (շուրջ 7.4%), «ձուկ թարմ կամ պաղեցրած», «լոլիկ թարմ կամ պաղեցրած», «պանիր և կաթնաշոռ», «կոստյում, պիջակ և նման հագուստ տղամարդու», «սվիտեր, պուլովեր և նման արտադրանք տրիկոտաժե», «հատած ծաղիկներ և կոկոններ»:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա այն նույնպես շարունակում է հանդիսանալ ՀՀ գլխավոր առևտրային գործընկերներից մեկը: Դեպի ԵՄ է ուղղվել ՀՀ արտահանման 28,6%-ը (այս ցուցանիշով ԵՄ-ը գերազանցում է նույնիսկ ԵԱՏՄ-ին): Ընդ որում, դեպի ԵՄ արտահանման գերակշիռ մասը ուղղվում է Բուլղարիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Բելգիա և Իտալիա: 2016թ. համեմատ դեպի ԵՄ արտահանումն աճել է 32,2%-ով:

Ի տարբերություն ԵԱՏՄ-ի, դեպի ԵՄ արտահանման կառուցվածքում գերակշռում են հանքահումքային ապրանքները: Փոքր ինչ այլ է իրավիճակը Իտալիայի դեպքում. այս երկիր հիմնականում արտահանվում են թեթև արդյունաբերության արտադրանքներ, մասնավորապես՝ գերակշռում է «վերարկու, բաճկոն, թիկնոց տղամարդու և կնոջ» ապրանքատեսակը:

Բացի նշված երկու խմբավորումներից, ՀՀ արտահանման կառուցվածքում նշանակալի դերակատարում ունեն նաև մի շարք այլ երկրներ, մասնավորապես՝ Շվեյցարիան (արտահանման 12%-ը), Վրաստանը (6,9%), Չինաստանը (5,5%), Իրաքը (5,4%), ԱՄԷ-ը (4,6%) և Իրանը (3,8%):

ՀՀ արտահանման առաջատար գործընկերներից է Շվեյցարիան: Այստեղ հիմնականում արտահանվում են «հանքաքար և խտահանք պղնձի», «ժամացույցի կորպուսներ և մասեր»: Դեպի Վրաստան արտահանման կառուցվածքը ավելի բազմազան է: Արտահանվում են ինչպես պղինձ, էլ.էներգիա, այնպես էլ ծխախոտ, ապակյա տարրաներ և մի շարք այլ ապրանքատեսակներ: Դեպի Չինաստան արտահանման գրեթե ողջ ծավալը բաժին է ընկնում «հանքաքար և խտահանք պղնձի» հոդվածին: Դեպի արաբական երկրներ արտահանման կառուցվածքում գերակշռող է ծխախոտը, արտահանվում են նաև խոշոր եղջերավոր անասուններ: Էլ.էներգիայի արտահանման մեծ մասը ուղղվում է Իրան, ուր արտահանվում են նաև ոչխարի և այծի միս, կենցաղային ապրանքներ:

Հովհաննես Մելքումյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող