Հայտարարություն բարձրագույն կրթության մասին նոր օրինագծի վերաբերյալ

20.03.2018 | 10:47 | Հայտարարություններ

Մարտի 19, 2018

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սույն թվականի մարտի 16-ին կայացած նիստում որոշվել է դրական եզրակացություն տալ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին (այսուհետ՝ Նախագիծ), ինչպես նաև առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ Նախագիծն ընդգրկել ԱԺ առաջիկա 2018 թվականի մարտի 20-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում: Նույն նիստում Հանձնաժողովը որոշել է Նախագիծը Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկել հատուկ ընթացակարգով՝ նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։

2013թ. սկսած առ այսօր տարբեր հեղինակավոր կազմակերպությունների, ինչպիսիք են՝ Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԲՀՀ-Հայաստանը, ինչպես նաև մի շարք անհատ փորձագետների հետազոտություններում բազմիցս ընդգծվել է Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Նոր օրենքի ընդունման կարևորությունը նախևառաջ հիմնավորվել է համակարգում առկա մի շարք օրհասական հարցերի լուծման համատեքստում, ինչպիսիք են՝ բարձրագույն կրթության որակի բարելավումը, այդ թվում՝ որակի ապահովման գործուն մեխանիզմների ստեղծման և զարգացման միջոցով, բարձրագույն կրթության համակարգի ձերբազատումը քաղաքական և կուսակցական ներազդեցությունից և վերահսկողությունից, ինչպես նաև ակադեմիական բարեվարքության ամրապնդումն ու շահերի բախման վերացումը:

Սակայն 2017 թվականի դեկտեմբերի 1-ին www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված, այնուհետև 2018թ․ հունվարի 18-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը ոչ միայն չի ստեղծում այն դաշտը, որը կնպաստեր վերոհիշյալ խնդիրների լուծմանը, այլև ավելի է անհնար դարձնում դրանց լուծումը՝ Նախագծում ամրագրելով, օրինակ, այնպիսի դրույթ, որի համաձայն՝ բոլոր հանրային/ պետական բուհերի կառավարման խորհուրդների կազմն այսուհետ հաստատելու է ՀՀ վարչապետը։ Կառավարության կողմից հաստատված Նախագծով ինստիտուցիոնալ կերպով չեն լուծվում նաև կրթության որակի ապահովման, ինչպես նաև ակադեմիական բարեվարքության արմատավորման խնդիրները։ Վերջինս հանդիսանում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին ինտեգրման կարևորագույն նախապայմաններից մեկը:

Ի հավելումն, ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված Նախագծում՝ ԱԺ պատգամավորի առաջարկությամբ, տեղ են գտել այնպիսի դրույթներ, որոնց համաձայն  բուհի կառավարման խորհրդի անդամներից մեկը կամ երկուսը կարող են քաղաքական պաշտոն զբաղեցնել: Սույն կետը հակասում են ՀՀ կառավարության սույն թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշմամբ հաստատված Կրթության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի թիվ 17 կետով սահմանված գործողությանը, որի համաձայն օրենքով պետք է ամրագրվի, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել բուհերի խորհրդի անդամներ:

Նախագիծը պարունակում է նաև այլ խնդրահարույց դրույթներ, որոնք մասնավորապես առնչվում են բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների ընդհամենը 10% ներկայացվածությանը, ինչպես նաև ուսանողների իրավունքների պաշտպանվածության մեխանիզմների անկատարությանը, որոշումների կայացման գործընթացքում բուհերի գիտական խորհուրդների լիազորությունների սահմանափակմանը, քննադատական մտածելակերպի ձևավորման՝ որպես կրթական գործընթացի կարևոր բաղադրիչի բացակայությանը, գիտամանկավարժական, դաստիարակչական, քաղաքացիական դիրքորոշման և հայրենասիրության վերաբերյալ հասկացությունների ոչ միանշանակ և խնդրահարույց ձևակերպմանը, շահերի բախման դեպքերի վերաբերյալ համապատասխան կարգավորումների բացակայությանը, որևէ հատկանիշով խտրականություն պարունակող դրույթների բացառմանն ու բազմաթիվ այլ հարցերի։ Նախագիծը նաև չի ապահովում տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի լիարժեք իրականացումը:

Սույնով մեր  մտահոգությունն ենք հայտնում ներկայացված Նախագծի վերաբերյալ և կոչ անում Ազգային ժողովին Նախագիծը նման ձևակերպմամբ չընդունել, այլ կազմել հանձնաժողով՝ ներգրավելով ոլորտի շահագրգիռ կողմերին, անհատ փորձագետներին ու կազմակերպություններին, և վերամշակել ռիսկային բոլոր կետերը, որոնք մասնավորապես առնչվում են գործադրի վերահսկողության, բուհերի կառավարման ու ինքնավարության, ակադեմիական բարեվարքության հարցերին և բարձրագույն կրթության որակի բարելավմանը:

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպություններն ու անհատները.

 

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ

 

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Թուխմանուկ» ՀԿ

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղ

«Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

 «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Հելսինկյան Ասոցիացիա»

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Հոգևոր Հայաստան» ՀԿ

«Նոր Սերունդ Մարդասիրական» ՀԿ

«Քալրֆուլ հաուս սոցիալ-մշակութային և իրավապաշտպան» ՀԿ

 

Անահիտ Բախշյան

Գեմաֆին Գասպարյան

Կարեն Թումանյան, փաստաբան

Միշա Թադևոսյան

Սերոբ Խաչատրյան


Կարդացեք նաև