Թուրքիան չի հարգում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները

22.03.2018 | 10:41 | Արտաքին քաղաքականություն

Թուրքական դիվանագիտական կառույցները երկու շաբաթվա լռությունից հետո վերջապես մեկնաբանել են 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրություններից հրաժարվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշումը։ «Նրանց գործն է: Միևնույնն է այս բոլոր տարիներին նրանք ցանկություն չեն դրսևորում կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդկերպ նրանք ևս մեկ անգամ ցուցադրում են իրենց դիրքորոշումը»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Թուրքիայի  փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը։

Արձանագրությունները

Հիշեցնենք, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, որի մեջ բացի համանախագահ երկրներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և ՌԴ-իցձփ ընդգրկված են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան և Ֆինլանդիան։

Հիշեցնենք նաև, որ հայ-թուրքական արձանագրությունների ձախողման հիմնապատճառը թուրքական կողմից պարտադրվող նախապայմաններն էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Թեև 2009թ․ հոկտեմբերին ստորագրված արձանագրությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ դրույթ չէին պարունակում, սակայն թուրքական խորհրդարանում արձանագրությունների քննարկման ժամանակ դրանց վավերացումը դրվեց հարցականի տակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի միջև եղած տարակարծությունների պատճառով: Արդյունքում արձանագրությունների վավերացման գործընթացը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դրվեցին մեկ հարթության վրա և դարձան փոխկապակցված։ Սա պարզ էր արդեն 2009թ․ աշնանը՝ թուրքական գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից արվող հայտարարություններից։

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ

Թեև արձանագրությունների ձախողման մասին բազմիցս խոսվել է Թուրքիա-Հայաստան պատմական հակասությունների և Ցեղասպանության խնդրի տեսանկյունից, սակայն ներկայումս Հայաստանի համար առավել արդիական է Թուրքիայի քաղաքականությունը դիտարկել Միսնկի խմբում նրա անդամակցության տեսանկյունից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորումն է՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ունի Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներից սինթեզված հակամարտության լուծման կոմպրոմիսային տարբերակ։ Հետևաբար Թուրքիայի կողմից հավելյալ ճնշումը միայն և միայն Հայաստանի վրա, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցմանը։  Բացի այդ, որպես բանակցությունների միջնորդ՝ Թուրքիան իրավունք չունի բանակցող կողմերից մեկի վերաբերյալ հայտարարել, թե «միևնույնն է՝ այս բոլոր տարիներին նրանք ցանկություն չեն դրսևորում կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս հայտարարությունը հակասում է և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական դիրքորոշմանը, և՛ միջազգային փորձագետների տեսակետներին։

Վերջում նշենք, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որը պարտավորվել է աջակցել հակամարտության կարգավորմանը այդ խմբի ֆորմատով, Թուրքիան հարցը Մինսկի խմբի ֆորմատից հանելու և այլ քաղաքական հարթություն տանելու իրավասություն չունի։

Հավելենք նաև, որ Թուրքիան, լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդ, զենք է մատակարարում Ադրբեջանին՝ խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների միջև առկա ջենտլմենական համաձայնությունը, ըստ որի Մինսկի խմբի անդամները իրավունք չունեն հակամարտող կողմերին զենք մատակարարել։ Այս համաձայնությունը կանոնավոր կերպով  խախտում են Մինսկի խմբի անդամներից միայն Թուրքիան, Բելառուսը և Ռուսաստանը։

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»    


Կարդացեք նաև