Ասյա Խաչատրյանի դեպքը` որպես Արցախում մարդու իրավունքների իրավիճակի ցուցանիշ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Երեկ հրապարակվեց Ասյա Խաչատրյանի հարցազրույցը Epress.am–ի հետ, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ասյա Խաչատրյանը ներկայացնում է Ստեփանակերտում Արցախի ոստիկանության աշխատակիցների կողմից 2018թ․ փետրվարի սկզբին ֆիզիկական և հոգեբանական ճնշման ենթարկվելու մանրամասները։ Ըստ այդմ, քաղաքացու նկատմամբ հետապնդումներ են իրականացվել միայն այն պատճառով, որ քաղաքացին ունի տարբերվող սանրվածք, ծխում է փողոցում և ոստիկաններից պահանջում է հարգել իր իրավունքները:

Այս միջադեպը հերթական անգամ հանրային քննարկման առարկա դարձրեց Արցախում մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնախնդիրները։

Ինչո՞ւ է կարևոր

Կա երեք հիմնական պատճառ, որոնք առավել կարևոր են դարձնում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ու  ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։ Առաջին և ամենակարևոր պատճառն ամրագրված է Արցախի Հանրապետության Սահմանադրությունում՝ «Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»։

Երկրորդ պատճառը Ադրբեջանի հետ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում հայկական կողմի դիրքորոշման ամրապնդումն է։ Քանի դեռ Արցախը միջազգային հանրության աչքերում Ադրբեջանից ավելի ժողովրդավար է, ըստ էության, չկա միջազգային ճնշում Հայաստանի և Արցախի վրա, որպեսզի վերջինս մտնի Ադրբեջանի կազմ։ Արցախում և Հայաստանում ամուր ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանվածությունը հայկական կողմի ամենաուժեղ խաղաքարտը պետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ընթացքում և միջազգային հանրության կարծիքի ձևավորման հարցում:

Եվ վերջապես՝ Արցախում ժողովրդավար պետական համակարգի գոյությունը կարող է նպաստել Արցախի ինքնավարության միջազգային ճանաչմանը, ինչպես Կոսովոյի դեպքում։

Մինչդեռ իրականում

Իրականում Արցախի հանրապետությունը դեռևս հեռու է մարդու իրավունքների պաշտպանվածության և ժողովրդավարության անհրաժեշտ աստիճանից։ Մասնավորապես՝ ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2018» զեկույցի՝ Արցախում քաղաքական ու քաղաքացիական ազատությունները 2017թ․ յոթ բալանոց համակարգում (որտեղ մեկը դրականն է, իսկ յոթը բացասականը)՝ 5 ցուցանիշն են ստացել։ Կոսովոյի դեպքում այդ ցուցանիշը 3,5 է։ Այլ կերպ ասած՝ Արցախը զգալիորեն զիջում է Կոսովոյին՝ քաղաքացիական և քաղաքական ազատությունների հարցում։

Եթե անգամ մի կողմ դնենք միջազգային ցուցանիշները և հիշենք վերջին մի քանի տարիներին Արցախի ոստիկանության հետ կապված մի քանի դեպքեր, ապա կտեսնենք, որ իրավիճակն իսկապես հեռու է մարդու իրավունքների պաշտպանվածության ցանկալի աստիճանից։ Այսպես, օրինակ, 2015թ. հունվարի 31-ին Արցախի Բերձորի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում, Արցախի ոստիկանության ծառայողները հարձակվել էին Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնած խաղաղ ավտոերթի մասնակիցների վրա, որոնց թվում կային կանայք և երեխաներ՝ դաժան ծեծի ենթարկելով և մարմնական վնասվածքներ պատճառելով մասնակիցներին, ջարդելով երթի մասնակիցների ավտոմեքենաները։ Չնայած կային հարձակման տեսագրություններ և բազմաթիվ վկաներ ու տուժածներ, սակայն որևէ մեկը քրեական պատասխանատվության չենթարկվեց։

Մեկ այլ օրինակ է Ստեփանակերտում 2016թ. հունիսի 6-ին ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը, որը օգոստոսին կարճվեց, իսկ մեղադրյալները համաներումով ազատ արձակվեցին։ Այսինքն Ստեփանակերտի կենտրոնում կարելի է օրը ցերեկով առևանգել ու ծեծել ընդդիմադիր պատգամավորի և չարժանանալ համարժեք պատժի։ Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Արցախում չկա քաղաքական առողջ մթնոլորտ, իսկ գործող նախագահը քայլեր է ձեռնարկում մինչև 2030 թվականը իշխանության մնալու ուղղությամբ, ապա կարելի է հասկանալ, որ միջազգային զեկույցներում Արցախին տրված ցուցանիշները իրականությունից ավելի լավն են։

Այսպիսով, Ասյա Խաչատրյանի դեպքը միակ օրինակը չէ, այլ շղթայական գործընթացի մեջ ընդամենը մի օղակ, և եթե նախկինում խոսքը այս կամ այն կերպ վերաբերում էր քաղաքական կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ բռնաճնշումներին, ապա այս դեպքում խոսքը պարզապես հասարակ քաղաքացու հանդեպ ճնշումների մասին է: Սա որակապես այլ մակարդակի է իջեցնում մարդու իրավունքների պաշտպանվածությունը Արցախում՝ դրանից բխող հետևանքներով:

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: