Պաթոսի պետական ռազմավարությունը կրթական համակարգում

29.03.2018 | 14:53 | Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ

Կրթության և գիտութայն նախարարը մեկ տարի առաջ հայտարարում էր՝ «Հայաստանի կրթական համակարգի հիմնական նպատակը հայ տեսակի շարունակության ապահովումն է»։ Հանրապետության գիտության զարգացման պատասխանատու պաշտոնյան ելույթից հետո արժանացավ ծափողջույնների, քննադատության՝ ոչ։ Ելույթում դիմելով համաժողովին ներկա ուսուցիչներին և տնօրեններին՝ Լևոն Մկրտչայնը հանձնարարական էր տվել՝ անել այնպես, որ ավարտական դասարաններում սպա դառնալու մասին երազող շրջանավարտների թիվն ավելի շատ լինի։  Այս հայտարարությանը հաջորդած տարվա ընթացքում պաշտպանության նախարարն իր հերթին մի քանի անգամ դժգոհություն հայտնեց դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման «բացերի» և դրանց լրացման անհրաժեշտության մասին։

Նախորդ տարվա սկզբից կրթական հաստատություններում թափ առած ռազմական քարոզչության ֆոնին՝ մարտի 28-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հրապարակվեց «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը հավանություն տալու ՀՀ կառավարության որոշման» նախագիծը։ Կրթության և գիտության նախարարության հեղինակած նախագիծը պետք է լրացնի այդ «բացերը»։

Որոշման նախագիծը, սակայն, ավելի շատ ընդգծված պաթոսով դպրոցական շարադրություն է հիշեցնում։ Դրանում օգտագործված են այնպիսի եզրույթներ, որոնք իրավական սահմանում չեն կարող ստանալ։

 «Մարտահրավերները»

ԿԳ նախարարի վերոնշյալ հայտարարությունն ու սպա դառնալ երազողների քանակի ավելացման հանձնարարականն այժմ նախատեսվում է ամրագրել կառավարության որոշմամբ։ Վերջին տարվա ընթացքում կրթական համակարգի աննախադեպ ռազմականացման ֆոնին ներկայացված ռազմավարությունը նպատակ ունի «նպաստել պատանիների շրջանում զինվորական մասնագիտության հանդեպ գրավչության մեծացմանը, ազգային արժեքների գիտակցմանը, հասնել բարոյական, համամարդկային և ազգային արժեհամակարգերի գիտակցմանը և համապատասխան վարքի դրսևորմանը»։

Նախագծով դպրոցներն ունենում են կցագրված զորամասեր։ Ոստիկանությունը և եկեղեցին ևս «ռազմահայրենասիրական» դաստիարակության ապահովման մասնակիցներն են։

ԿԳՆ-ն անգամ առանձին դրույթներով շարադրել է, թե ինչ մարտահրավերներով է պայմանավորված ռազմահայրենասիրական դաստիարակության ապահովման անհրաժեշտությունը։ Դաշնակցական Լևոն Մկրտչյանի գերատեսչությունում պնդում են, որ «հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը», «օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը», «սեռական այլասերվածությունը և այլ նման արատավոր երևույթները» երկրում առկա ներքին մարտահրավերներ են։ Նման մեկ այլ մարտահրավեր է «տնտեսության դանդաղ զարգացումը», սակայն գերատեսչությունը հարկ է համարել ընդգծել, որ դանդաղ զարգացման պատճառը վերը նշված գործոններն են, ասել է թե՝ պատերազմները, շրջափակումը, «անկարգությունը և անդաստիարակությունը», «օտար մշակութային արժեքները»։

Չսահմանափակվելով դպրոցներում իրականացվող քարոզչությամբ

ԿԳՆ-ի հրապարակած որոշման նախագծում պնդում են նաև, որ եթեր են հեռարձակվում այնպիսի հաղորդաշարեր, ֆիլմեր, հեռուստածրագրեր, որոնք  նպաստում են ուսուցչի, տվյալ դեպքում զինվորական ղեկավարի, հեղինակության անկմանը և հասարակական բացասական կարծիքի ձևավորմանը։ Նախարարությանը, կարծես թե, մտահոգում է բանակի այլընտրանքային լուսաբանման հնարավարությունը։ Գերատեսչությունն առաջարկել է այս «խնդրի» լուծումը։

Չսահմանափակվելով ՊՆ-ի, ոստիկանության և եկեղեցու կողմից հանրակրթական հաստատություններում տարվող քարոզչությամբ՝ նախագծում ԿԳՆ-ն առաջարկում է սովորողների «ռազմահայրենասիրական դաստիարակությանը» աջակցելու նպատակով զանգվածային լրատվամիջոցներով հաճախակի դարձնել գեղարվեստական, փաստավավերագրական, գիտահանրամատչելի, ուսուցողական, հայրենասիրական, հայոց պատմության, անվանի  զորահրամանատարների և ազգային հերոսների կյանքի ու գործունեության վերաբերյալ հաղորդումների, ֆիլմերի և հեռուստածրագրերի ցուցադրումը։

Պաթոսի և իրավական ձևակերպումների զուգահեռները

Կառավարության որոշման նախագծում օգտագործված են մի շարք եզրույթներ, որոնք իրավական արժեք չեն կարող ունենալ, քանի ԿԳՆ-ն մի նման որոշման նախագիծ էլ չի ներկայացրել՝ սահմանելու, թե որն է, օրինակ, «մարդու բարոյական որակը»։ Կամ ի՞նչ նկատի ունեն նախարարությունում «ազգային արժեքների գիտակցման հիմքով համապատասխան վարքի դրսևորում» ասելով։ Ո՞րն է «համապատասխան վարքը»։ Հաշվի առնելով, որ շաբաթներ առաջ Շիրակի մարզում ուսուցիչներին պարգևատրում էին աշակերտների մեջ «հայրենիքի համար զոհվելու պատրաստակամություն» դաստիարակելու համար, գուցե և համապատասխան վարքը հենց զոհվելու պատրաստակամությունն է։

Ի՞նչն է նախարարությունը պիտակում որպես «սեռական այլասերվածություն» կամ ո՞վ է «այլ արատավոր երևույթների» արատավորության աստիճանը որոշողը։ Որո՞նք են «օտար մշակութային արժեքները», որոնցից նախարարությունն իր ռազմավարությամբ պատրաստվում է  հեռու պահել դպրոցականներին, և որտե՞ղ են դրանք հակադրվում համամարդկային արժեքներին, որոնց ապահովումը երաշխավորում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը։ Սրանք հարցեր են, որ կարող են ունենալ կրթական արդի համակարգին բնորոշ պաթետիկ պատասխաններ՝ հակասահմանադրական հիմքերով, սակայն ոչ երբեք իրավական հիմնավորումներ։

Արեն Մելիքյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև