Մեկնարկել է «Հետաքննական լրագրության խթանումը Հայաստանում» ծրագիրը

03.04.2018 | 18:03 | Հայտարարություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF)  ֆինանսավորմամբ 2018թ. ապրիլի 1-ից մեկնարկել է «Հետաքննական լրագրության խթանումը Հայաստանում» (Enabling Watchdog Journalism in Armenia) ծրագիրը՝ լրագրողների, ուսանողների և այլ շահագրգիռ քաղաքացիների համար: Երկու տարի տևողությամբ նախագիծը նպատակ ունի Հայաստանում ամրացնել հետաքննական և փաստերի ստուգման լրագրության հիմքերը, նպաստել լրագրության այդ կարևոր ճյուղի զարգացմանը և որպես արդյունք՝ երկրում ընթացող գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության բարձրացմանը:

Ծրագիրն իր մեջ ներառում է Հայաստանում առաջին անգամ կազմակերպվելիք հետաքննական լրագրության առցանց ինտերակտիվ դասընթացներ, որոնք հասանելի կլինեն նաև ծրագրի ավարտից հետո, ինչպես նաև պարբերաբար կազմակերպվող թրեյնինգներ՝ Հայաստանի և Արևմուտքի առաջատար մասնագետների ներգրավմամբ: Ծրագրի ավարտին 8 մասնակիցների կտրվեն փոքր ենթադրամաշնորհներ՝ իրենց հետաքննական նախագծերի իրականացման համար:

Առցանց դասընթացների, թրեյնինգների և ենթադրամաշնորհների մասին կհայտնենք լրացուցիչ, երբ ավարտված լինեն դրանց նախապատրաստական աշխատանքները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև