Բնապահպանական տեսակետ. ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ

13.07.2018 | 11:54 | Տնտեսություն և Էներգետիկա

Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագրին բնապահպանների ընդդիմանալը նորություն չէ: Դեռևս 2010 թվականից ստորագրահավաքներ են իրականացվել, բաց նամակներ են գրվել, բողոքի ակցիաներ են կազմակերպվել, հոդվածներ են գրվել, բացասական կարծիքներ են հնչել քննարկումների ժամանակ, իրենց մտահոգություններն են ներկայացրել գիտական համայնքի ներկայացուցիչները: Ավելին, 2014թ. Գնդեվազ համայնքից, ինչպես նաև բնապահպանական կազմակերպությունների կողմից բողոքներ են ներկայացվել ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Համաշխարհային բանկի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) բողոքարկման մեխանիզմներին: 2017թ. այս կառույցը զեկույց հրապարակեց, որում նշված էր, որ ՄՖԿ-ն ռիսկերի գնահատում չի իրականացրել նախնական ներդրման հաստատման ժամանակ, և որ բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների առավել մանրամասն գործողությունների պլան էր հարկավոր: ՄՖԿ-ն նաև նշում էր, որ ազդեցությունների գնահատման ժամանակ լիարժեք չեն գնահատվել Ջերմուկ առողջարանային քաղաքի զբոսաշրջության, ինչպես նաև Գնդեվազ համայնքի վրա ծրագրի ազդեցությունները: Նշենք, որ 2017թ. մայիսին ՄՖԿ-ն լքեց այս ծրագիրը: Իսկ ահա ՎԶԵԲ ուղարկված բողոքին բանկը նախնական շրջանում պատասխանեց, որ չի քննի այն, քանի որ բանկը միայն հանքի ուսումնասիրման փուլն է ֆինանսավորել, իսկ երբ ուսումնասիրման փուլն ավարտվեց և սկսվեցին շահագործման նախապատրաստական աշխատանքները նույն բանկի աջակցությամբ, բանկը հրաժարվեց հաղորդակցվել դիմողների հետ:

Այս գործընթացներին զուգահեռ ընթանում են նաև մի քանի դատական գործեր, որոնցից ամենահինը գնդեվազցիների՝ դեռևս 2015թ. Վարչական դատարան ներկայացրած հայցն է, որով վիճարկում են հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» (նախկինում Գեոթիմ) ընկերությանը տրված թույլտվությունները: Վարույթներ են նաև ներկայացվել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե: Վերջինս քննում է Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթները պարբերաբար խախտելու հետևանքով Հայաստանի դեմ միջոցներ կիրառելու հարցը:

2016 թվականից ի վեր գործում է նաև առցանց ստորագրահավաք՝ ուղղված կառավարությանը և միջազգային ֆինանսավորողներին: Ստորագրահավաքին միացել է 8000-ից ավել մարդ:

Օրենսդրության բազմակի խախտումներ

Հանրային ճնշումների արդյունքում 2016թ․ Ջերմուկն ի վերջո «Լիդիան Արմենիայի» պատրաստած նոր սոցիալական ազդեցության գնահատականում մասնակիորեն ճանաչվեց ազդակիր համայնք, սակայն Ջերմուկում այդպես էլ հանրային քննարկումներ չիրականացվեցին և ջերմուկցիների կարծիքը հաշվի չառնվեց ընկերությանը թույլտվություններ տալիս: Արդյունքում խախտվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» (ՇՄԱԳ) մասին ՀՀ օրենքի և Օրհուսի կոնվենցիայի պահանջները: Սակայն սա օրենքի միակ խախտումը չէ:

Բնապահպանները, երկրաբանները, քիմիկոսները տարիներ շարունակ շեշտել են այն հանգամանքը, որ Ամուլսարը գտնվում է այնպիսի ջրային պաշարների հավաքման կետում, որ այստեղ իրականացվող հանքարդյունաբերական ծրագիրը կարող է սպառնալ մակերևութային և ստորգետնյա ջրերին, այդ թվում Արփա և Որոտան գետերին, որոնցից սնվում են Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները, և քանի որ Կեչուտի ջրամբարից սնվում է նաև Սևանա լիճը, ուստի նաև Սևանա լճին: Ընդ որում, Ամուլսարի տակով՝ ջրատար թունելով դեպի Կեչուտի ջրամբար է հոսում տարեկան 4,68 միլիոն խորանարդ մետր ջուր, և դա այն դեպքում, երբ այս թունելը չի շահագործվում: Այսինքն ջրերը գոյանում են Ամուլսարի ընդերքում, և հանքային գործունեության արդյունքում այդ ջրերի աղտոտումը ուղղակիորեն սպառնում է Սևանա լճին: Մինչդեռ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն արգելվում է: Իսկ Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերը Սևանա լճի ջրհավաք ավազանում են գտնվում:

Օրենքի խախտումների շարքից է նաև այն, որ Ամուլսարում իրականացվելու են այնպիսի աշխատանքներ, որոնցով վտանգի տակ են դրվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսա- և կենդանատեսակներ: Օրինակ, սարի տարածքում հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված մատնունի ծիրանավոր բուսատեսակը, որի գոյությունը վտանգված է հանքի շահագործման դեպքում: Վտանգված է նաև Կարմիր գրքում գրանցված երկու տեսակի սողունների, ինչպես նաև 18 տեսակի թռչունների, 4 տեսակի կաթնասունների միջավայրը: Բացի այդ, այս տարածքով են անցնում Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակների՝ հայկական մուֆլոնի, ընձառյուծի, բեզոարյան այծի և այլ կենդանատեսակների միգրացիոն ուղիները, որոնցից շատերը գրանցված են ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային Կարմիր ցուցակում: Հանքային գործունեությունը սպառնում է այս տեսակների գոյությանը և խախտում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև Կենսաբազմազանության մասին և Վայրի ֆլորայի և ֆաունայի պահպանության մասին կոնվենցիաները: Խախտվում է նաև «Ընդերքի մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումը, եթե այդ տեղամասում կան «Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:

Վտանգված է Ամուլսարի մշակութային ժառանգությունը

Հանքային գործունեության արդյունքում վտանգվում է նաև Ամուլսարում առկա մշակութային ժառանգությունը, համապատասխանաբար խախտվում են Հողային օրենսգիրքը և Ընդերքի մասին օրենսգիրքը: Նշենք, որ ըստ ՀՀ Պատմամշակութային գիտահետազոտական  կենտրոնի՝ Ամուլսարի տարածքում հայտնաբերվել են բնակատեղիներ, դամբարանադաշտեր և գերեզմանոց: Նշված արժեքները ներկայացվել են Մշակույթի նախարարություն հուշարձանի կարգավիճակ տալու համար: Իսկ հողային օրենսգրքում նշվում է, որ պատմական և մշակութային այլ արժեքներ պարունակող հողերի վրա արգելվում է այդ հողերի նպատակային ու գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն: ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում ևս արգելք է սահմանված այն տարածքներում, ուր կան գերեզմաններ, բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ:

Բնապահպանական չգնահատված ռիսկերը

Սակայն այս և այլ իրավական բացթողումներից զատ կարևոր է նշել ևս երկու հանգամանք, որոնք ևս ծրագրին ընդդիմանալու պատճառ են դարձել. դրանք են՝ գիտական համայնքի գնահատականները ծրագրի բնապահպանական ռիսկերի վերաբերյալ և տարածաշրջանի տնտեսական հեռանկարների՝ այդ թվում զբոսաշրջության և հանքային ջրերի տնտեսական նշանակության անտեսումը:

Տեղական գիտնականները, ովքեր ծանոթ են տեղանքին, և միջազգային գիտնականների մի խումբ, ովքեր ուսումնասիրել են Լիդիանի՝ միջավայրի վրա ծրագրի ազդեցությանը վերաբերող փաստաթղթերը, եզրակացրել են, որ ընկերությունը թերագնահատում է ջրային պաշարներին հասցվող վնասները և հատկապես թթվային դրենաժի հնարավորությունը: Դե իսկ թթվային դրենաժը մի երևույթ է, որն առաջանում է, երբ հանքաքարում առկա սուլֆիդները, շփվելով ջրի և օդի հետ, առաջացնում են ծծմբական թթու, որն էլ թթվայնացնում է վերերկյա և ստորերկրյա ջրերը: Ամուլսարի դեպքում նշեցինք, որ ստորերկրյա ջրերը հոսում են գետեր, ջրամբարներ և հասնում ընդհուպ մինչև Սևան: Ուստի և այս ջրերի թթվայնացման դեպքում կվնասվեն Հայաստանի կարևորագույն ջրային պաշարները:

Գիտնականները նշում են, որ այս ռիսկերը ճիշտ գնահատելու համար ընկերությունը պետք է առավել երկարատև հետազոտություններ աներ, այդ թվում ուսումնասիրելով ոչ միայն հանքաքարը, այլ նաև մետաղներ ու սուլֆիդներ պարունակող մյուս բոլոր ապարները, սակայն չի արել: Ուստի և աղտոտիչների արտազատումը թերագնահատված է: Մինչդեռ Հայաստանում և աշխարհում արդեն իսկ առկա թթվային դրենաժների օրինակները ցույց են տալիս, որ ջրերը թթուներից մաքրելու համար ոչ միայն մեծ գումարներ են պահանջվում, այլև հարյուրամյակներ:

Սակայն ընկերության ուսումնասիրություններում այլ բացթողումներ ևս կան, օրինակ այն, որ ցիանիդով ոսկի կորզելուց հետո մնացորդային հեղուկը ցիանիդից մաքրվելու և թափվելու է Արփա գետը կամ հողեր ոռոգելու համար է օգտագործվելու: Սակայն ընկերությունը չի նշում այն, որ այդ հեղուկում առկա է ոչ միայն ցիանիդ, այլև բազմաթիվ այլ մետաղներ (մկնդեղ, կապար, ցինկ և այլն), որոնք ցիանիդը քայքայող նյութերը չեն մաքրելու: Ուստի այդ մետաղները ևս թափվելու են Արփա կամ ոռոգման արդյունքում ներթափանցելու են հողերը, քանի որ ընկերությունը չի նշում դրանց մաքրման տարբերակներ: Սա ևս ցույց է տալիս, որ ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունը և կից հավելվածները չեն եղել լիարժեք, հավաստի և գիտականորեն հիմնավորված, ինչն էլ խախտում է ՇՄԱԳ-ի մասին ՀՀ օրենքի պահանջները (հոդված 5-ի 2-րդ մասի 4-րդ և հոդված 27-ի 2-րդ մասի 3-րդ կետեր):

Վերջերս միջազգային փորձագետների՝ Ամուլսար կատարած այցելությունից հետո պարզ դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը որոշել է հաշվի առնել գիտնականների մտահոգությունները և թթվային դրենաժը մեղմացնելու տարբերակների շուրջ է մտորում։ Սակայն դա նշանակում է, որ նրանք շեղվելու են 2016թ․ ընկերության ներկայացրած և հաստատված ՇՄԱԳ-ից: Իսկ համաձայն ՇՄԱԳ օրենքի (հոդված 21, կետ 2)՝ նախքան արդյունահանումը, ազդեցությունների կառավարման ոլորտում ցանկացած փոփոխության դեպքում պետք է ներկայացվի նոր ՇՄԱԳ և հաստատվի (կամ մերժվի) պետության կողմից: Դե իսկ ռիսկերի կառավարման այն մեթոդները, որոնք Լիդիանը մտորում է կիրառել, գիտնականներն անվանել են արտասովոր և չապացուցված մոտեցումներ, որոնք չեն համապատասխանում միջազգային լավագույն պրակտիկաներին։

Սոցիալ-տնտեսական վտանգները

Ինչ վերաբերում է հանքային գործունեության ազդեցությանը համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի վրա, ապա այսօր էլ համայնքները զգում են ծրագրի բացասական ազդեցությունները, և դա այն դեպքում, երբ հանքը դեռ չի շահագործվում, այլ միայն շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ավելացել են Ջերմուկ քաղաքում փոշու քանակի ծավալները, մի քանի անգամ վնասվել են Գնդեվազ գյուղի խմելու ջրի խողովակները, հորդառատ անձրևների հետևանքով շինարարական տարածքից աղտոտված ջրերը արտահոսել են Արփա գետ, ինչի արդյունքում վնասներ է կրել մոտակա ձկնաբուծարանը: Ավելին, հանքավայրի շահագործումը դեռ չսկսած՝ ընկերության գործունեությունն արդեն իսկ հանգեցրել է առողջական նպատակներով տուրիստական հոսքերի կրճատման, որի հետևանքով առաջացած տնտեսական վնասները որևէ կերպ գնահատված չեն։

Ամուլսարում հանքավայրի գործարկման արդյունքում առաջացող պայթյունների, սեյսմիկ տատանումների դեպքում վտանգվում են նաև Ջերմուկի հազվագյուտ հանքային ջրերի աղբյուրները, ինչը բացասապես կանդրադառնա ինչպես Ջերմուկ հանքային ջրերի բրենդի, այնպես էլ Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք, համբավի վրա: Սակայն ո՛չ ընկերությունը, և ո՛չ էլ պետությունը չեն կրում պատասխանատվություն ջերմուկցիների և Ջերմուկում գործող տնտեսվարող սուբյեկտների կրած վնասների համար: Այդ վնասները նաև գնահատված չեն Ամուլսարի ծրագրում և հանրային քննարկման չեն դրվել Ջերմուկի բնակիչների հետ: Այս բացթողումը նշված է նաև ՄՖԿ օմբուդսմենի զեկույցում: Գնահատված չեն նաև տնտեսական այն կորուստները, որոնք կկրեն Արփա գետից օգտվող գյուղացիական տնտեսությունները, ներառյալ գինարտադրությամբ զբաղվող և Հայաստանը նաև Արենիով ճանաչելի դարձնող ձեռնարկատերերը գետի աղտոտման պարագայում:

Այս և այլ երկարաժամկետ ռիսկերի ու թանկարժեք կորուստների պարզ համեմատությունը ծրագրի 10 տարվա վճարվելիք հարկերի (տարեկան 40-50 միլիոն դոլար հարկ) և այդ ընթացքում ստեղծած 700 աշխատատեղերի հետ՝ գալիս է ապացուցելու այս անհեռանկարային և վնասակար ծրագրի անթույլատրելիությունը, ինչն էլ հենց մղել է տեղացիներին և բնապահպաններին դուրս գալ պայքարի հանուն Ամուլսարի, Ջերմուկի, Կեչուտի, Գնդեվազի և ՀՀ կարևորագույն ջրերի փրկության:

Սոֆյա Մանուկյան


Կարդացեք նաև