ԻՔՄ-ն դարձել է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ

31.08.2018 | 13:08 | Հայտարարություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դարձել է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, որի նպատակն է հանրային վերահսկողություն իրականացնել ոստիկանության գործունեության նկատմամբ, ինչպես նաև ապահովել կապը հասարակության և ոստիկանության միջև։

ԻՔՄ անդամ Ռաֆայել Աֆրիկյանն ընդգրկվել է խորհրդի «Ճանապարհային երթևեկության անվտանգության և ոստիկանության արտաքին ծառայության մշտադիտարկման» հանձնաժողովի կազմում:

Հանձնաժողովի աշխատանքների շրջանակում սեպտեմբերի 3-ից՝ ուսումնական տարվա սկզբից, մեկնարկում է «Անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն» խորագրով միջոցառումը, որի շահառուները դպրոցականներն են։

Մասնավորապես, միջոցառման շրջանակում կընտրվեն տարբեր վարչական շրջաններից այնպիսի դպրոցներ, որոնք հարում են խիտ երթևեկություն ունեցող փողոցներին. մեկ ամսվա ընթացքում փորձ կարվի օրվա որոշակի ժամերին կարգավորվել հետիոտնի և մեքենաների երթևեկությունը, ապահովել հետիոտնի անվտանգ փողոց հատելը, իսկ մեքենաների համար ապահովել անխափան երթևեկություն։

Ընտրված յուրաքանչյուր դպրոցի մոտ ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանության կարգախումբ և երկուական կամավորներ։

Բացի այդ, հանձնաժողովը կկատարի դիտարկումներ՝ փորձելով վեր հանել այն պատճառները, թե ինչու է հետիոտնը փողոցը հատում չնախատեսված վայրում (եթե իհարկե մոտակայքում կան փողոցը հատելու նախատեսված միջոցներ՝ հետիոտնի անցում, վերնանցում, գետնանցում և այլն)։

Յուրաքանչյուր հերթապահության վերջում կլինի արդյունքների ամփոփում, իսկ ամսվա վերջում այդ ամփոփ տվյալները կներկայացվեն հանրությանը։ Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում առաջարկություններ կներկայացվեն ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին, վարչական շրջանների ղեկավարներին և դպրոցների տնօրեններին։

Միջոցառմանը մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են դիմել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կամ «Վարորդի ընկեր» կազմակերպության գրասենյակ։

 


Կարդացեք նաև