Ընտրախախտումների դեմ պայքարի խնդիրներն ու կարճաժամկետ լուծումները

25.08.2018 | 11:48 | Ընտրություններ

2017 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրականացված դիտորդությունը բացահայտեց ընտրությունների ժամանակ օրինականության պահպանման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք բարենպաստ պայմաններ էին ստեղծում ընտրակեղծարարության համար:

Այդ խնդիրները պայմանավորված էին թե՛ իշխանությունների մոտ ընտրախախտումների դեմ պայքարելու կամքի բացակայությամբ և թե՛ օրենսդրական խնդիրներով: Եվ եթե առաջին խնդիրը լուծվել է թավշյա հեղափոխությունից հետո, ապա երկրորդ խնդրի լուծումը պահանջում է արմատական օրենսդրական փոփոխություններ:

Քրեական օրենսդրություն

Մասնավորապես, ամենակարևոր խնդիրը ընտրական հանցագործությունների համար սահմանված պատժաչափերի անհամեմատ մեղմ լինելն է՝ դրանց հանրային վտանգավորության համեմատ: Առավել շատ է այդ խնդիրը զգացվում հանցագործությունների այն մասի դեպքում, երբ դրանք իրականացվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից:

Այդպես, օրինակ սահմանադրական կարգը տապալելու համար քրեական օրենսգրքով նախատեսված պատժաչափը կազմում է 10-ից 15 տարվա ազատազրկում (ՔՕ, հոդված 300.1), իսկ ընտրությունների արդյունքները կեղծելու համար առավելագույն պատիժը սահմանված է 5 տարի ազատազրկում (ՔՕ, հոդված 150): Այնինչ, հանցավոր խմբի կողմից ընտրությունների արդյունքների կեղծումը իր էությամբ կարող է հասնել սահմանադրական կարգի տապալմանը և գրեթե չզիջել իր հանրային վտանգավորությամբ:

Ավելին, քանի որ համարյա բոլոր ընտրական հանցագործությունները ոչ ծանր կամ միջին ծանրության հանցագործություններ են, համաձայն «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի» դրանց բացահայտման համար քրեական հետախուզում իրականացնող մարմինները չեն կարող իրականացնել մի շարք օպերատիվ հետախուզական միջոցառումներ (այդ թվում՝ հեռախոսների գաղտնալսում, ներքին դիտում և այլն): Դա գրեթե անհնար է դարձնում ընտրական լատենտ հանցագործությունների բացահայտումը (երբ չկա տուժող):

Օրինակ, ընտրակաշառք տալու (ՔՕ, հոդված 154.2, մաս 2) համար առավելագույն պատժամիջոցը 5 տարվա ազատազրկումն է, ինչը նշանակում է, որ այդ հանցանքը միջին ծանրության է: Ընտրակաշառքի դեպքում չկան տուժողներ, ովքեր շահագրգռված կլինեն հանցագործության մասին հայտնելու ու այն բացահայտելու մեջ: Ընտրակաշառքի բացահայտման գործնականում միակ մեխանիզմը օպերատիվ հետախուզական միջոցառումներն են:

Սակայն, ընտրակաշառքի մասով կա մեկ այլ խնդիր: Ընտրակաշառքը ենթադրում է, որ դրամի կամ այլ նյութական վճարման դիմաց ակնկալվում է քվե (քվեարկության գաղտնիության պայմաններում քվեն չի կարող տրվել ընտրակաշառքի դիմաց, այն կարող է միմիայն ակնկալվել): Գործնականում սակայն քվեի ակնկալիքը անմիարժեք է (երբ չի համատեղվում ընտրական այլ հանցագործությունների հետ) և շատ դժվար ապացուցելի: Շատ դժվար է տարանջատել ընտրակաշառքն ու քարոզարշավի հետ միասին (կամ թեկնածուների, կուսակցությունների անունից) բարեգործության իրականացումը (այսուհետ՝ բարեգործության արգելքի խախտում): Ընդ որում, բարեգործության արգելքի խախտումն իր հանրային վտանգավորությամբ ու արդյունքով գործնականում շատ քիչ է տարբերվում ընտրակաշառքից:

Երկու դեպքում էլ առկա է ընտրություններին մասնակցող սուբյեկտների կողմից նյութական միջոցներով ընտրողներին դեպի իրենց կողմնորոշելու բաղադրիչը: Եվ երկու դեպքում էլ, արարքի մասսայականության պարագայում, կարող է վտանգվել սահմանադրական կարգի ձևավորման ժողովրդավարական սկզբունքը: Այդուհանդերձ, բարեգործության արգելքի խախտումը անգամ քրեական օրենսգրքով արգելված արարք չէ և հանդիսանում է վարչական իրավախախտում:

Քրեական օրենսգրքի հաջորդ խնդիրը վերաբերում է ընտրողի կողմից իր իսկ քվեարկության գաղտնիության բացահայտմանը: Թեև Սահամանդրությունն ու Ընտրական օրենսգիրքը ամրագրում են, որ քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն, սակայն ընտրողի կողմից դրա խախտման համար որևէ պատասխանատվություն նախատեսված չէ:

Եվ քրեական օրենդրության վերջին լուրջ խնդիրը այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիտավորությամբ և անզգուշությամբ սուտ հայտարարության տալու համար նախատեսված քրեական պատիժն է, որը կարող է կաշկանդել քաղաքացիներին՝ այլ անձի փոխարեն քվեարկություն նկատելու դեպքում այդ մասին ընտրական հանձնաժողովներին հայտնելուց: Ընդ որում, դիտավորությամբ այդ արարքը կատարելու համար սահմանված պատիժը էապես ավել է, քան սուտ մատնության (ՔՕ, հոդված 333) համար նախատեսված պատիժը:

Ներկայացված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է՝

– Ավելացնել պատժաչափերը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվող ընտրական հանցագործությունների համար:

– Քրեականացնել բարեգործության արգելքի խախտումը

– Քրեական պատասխանատվություն սահմանել ընտրողի կողմից շահադիտական նպատակներով դիտավորությամբ իր իսկ քվեարկության գաղտնիքը բացահայտելու համար

– Ապաքրեականացնել այլ անձի փոխարեն քվեարկելու մասին անզգուշությամբ հայտարարություն տալը, իսկ դիտավորությամբ կատարված նույն արարքի քրեական պատասխանատվությունը դարձնել նույնքան, որքան սահմանված է սուտ մատնության համար:

Վարչական իրավախախտումների օրենսդրություն

Վարչական իրավախախտումների մասով (ընտրություններին առնչվող) խնդիրները երկու բնույթի են: Առաջինը կապված է նրա հետ, որ Ընտրական օրենսգրքի մի շարք կարգավորումների խախտումներ անգամ վարչական իրավախախտում չեն հանդիսանում, իսկ որոշ արարքների դեպքում տուգանքների չափի տրամաբանությունը խախտված է կամ արարքների գնահատումը թերի է: Երկրորդ և առավել լուրջ բնույթի խնդիրն այն է, որ վարչական իրավախախտում գործած անձանց պատասխանատվության կանչելու մեխանիզմները թերի են և բարդեցված:

Ընտրական օրենսգրքի՝ վարչական իրավախախտում չհանդիսացող ամենատարածված և լուրջ խախտումը կապված է տեղամասային կենտրոնում կարգուկանոնի պահպանման հետ: Թեև թե տեղական և թե միջազգային դիտորդները բազմիցս արձանագրել են, որ խնդիր կա տեղամասային կենտրոններում գտնվելու իրավունք չունեցող անձանց՝ կենտրոնում գտնվելու կամ պարբերաբար ելումուտ անելու հանգամանքի հետ կապված:

Այս խնդրի լուծման համար պարզապես անհրաժեշտ է որոշակի վարչական պատասխանատվություն սահմանել տեղամասային կենտրոնի ելումուտի կանոնները դիտավորությամբ խախտող անձանց նկատմամբ:

Այժմ ընտրություններին առնչվող վարչական իրավախախտում նկատելու դեպքում դիտորդական առաքելություն անող հասարակական կազմակերպությունները, կուսակցություններն ու թեկնածուները պետք է դիմեն լիազոր ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով, որ հանձնաժողովը կազմի արձանագրություն և դիմի դատարան:

Գործնականում, սակայն, ընտրական հանձնաժողովները մերժում են այդօրինակ դիմումները, և խախտում հայտնաբերողները դիմում էին դատարան՝ խնդրելով, որ դատարանը պարտավորեցնի ընտրական հանձնաժողովին դիմել դատարան: Դատարանը պարզում էր, թե արդյոք եղել է վարչական իրավախախտում, և եթե այո, ապա պարտավորեցնում էր ընտրական հանձնաժողովին դիմել դատարան:

Այս կարգավորումը, բացի անհեթեթ և արհեստականորեն բարդեցված լինելուց, մեկ այլ խնդիր էլ է պարունակում: Որևէ երաշխիք չկա, որ ընտրական հանձնաժողովը, վարչական պատասխանատվության կանչելու պահանջով դատարան դիմելիս, պատշաճ կերպով կներկայացնի բոլոր ապացույցները:

Այս առումով, անհրաժեշտ է փոփոխել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք դրույթներ` հնարավորություն տալով դիտորդական առաքելություն անող հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին ու թեկնածուներին առանց ընտրական հանձնաժողովին դիմելու և առանց արձանագրություն կազմելու անմիջապես դիմել դատարան`զանցանքը գործած անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

 

Դանիել Իոաննիսյան, Հովսեփ Ղազարյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև