Դանիել Իոաննիսյանի ելույթը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովում (տեսանյութ)

13.09.2018 | 15:33 | Միջոցառումներ, Տեսանյութեր

Սեպտեմբերի 10-ին Վարշավայում մեկնարկած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովի ժամանակ հայաստանյան ժողովրդավարական գործընթացների և ընտրական բարեփոխումների մասին ելույթով հանդես է եկել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Ելույթի հայերեն տարբերակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Ներկաներից որևէ մեկի համար նորություն չէ, որ աշխարհում ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է: ԵԱՀԿ անդամ որոշ երկրներ էական հետընթաց են ապրում ժողովրդավարության հարցում և խոչընդոտում են ժողովրդավարության զարգացմանը նաև այլ երկրներում:

Սակայն Հայաստանը, որտեղից ես եմ գալիս, հույս է ներշնչում, որ այդ տխուր գործընթացը անդառնալի չէ: Այս տարվա ապրիլ ամսին Հայաստանի ժողովուրդը կարողացավ կանխել հակաժողովրդավարական զարգացումը, որի արդյունքում իշխանության եկավ ժողովրդավարական արժեքները կիսող ու կոռուպցիայի եմ պայքարի իրական ցանկություն դրսևորող թիմ:

Հայաստանում այժմ ստեղծված է իրավիճակ, երբ հնարավորություն կա ժողովրդավարությունը կանգնեցնել այնպիսի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, որ այն այլևս ունենա նվազագույն կախվածություն գործադիր իշխանությունների կամքից:

Այդ սահմաններում կառավարությունում ստեղծվեց ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով, որի անդամների կեսը պրոֆեսիոնալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են:

Հանձնաժողովը արդեն մշակել է և շուտով կհրապարակի փոփոխությունների հայեցակարգը: Փոփոխություններով, մասնավորապես,  նախատեսված է՝

  • Ընտրական համակարգը դարձնել համահունչ ժողովրդավարության սկզբունքներին և ընտրությունները դարձնել առավել մրցակցային:
  • Մրցակցությունը դարձնել ոչ թե փողի ու վարչական ռեսուրսների, այլ քաղաքական ծրագրերի ու գաղափարախոսությունների դաշտում:
  • Առավելագույնս խրախուսել քաղաքական դեբատները՝ դրանով իսկ ընտրողների կամարտահայտման հիմքում դնելով օբյեկտիվ փաստերը ու նվազեցնելով քարոզչության ու կեղծ լուրերի ազդեցությունը ընտրությունների վրա:
  • Արդյունավետ դարձնել ընտրախախտումների ու ընտրական հանցագործությունների դեմ պայքարը և այդ նպատակով բարձրացնել ՀԿ-ների դերը:

Հուսով ենք, որ փոփոխությունների արդյունքում այլևս անհնար կդառնա Հայաստանում մի կուսակցության կամ թիմի կողմից իշխանության զավթումը, իսկ քաղաքացիները կվերականգնեն հավատը ընտրությունների նկատմամբ:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ ներկա ԵԱՀԿ անդամ մի շարք երկրների ու միությունների ներկայացուցիչներին` Հայաստանում նվազագույն ժողովրդավարության բաղադրիչների պաշտպանության վրա ծախսված ջանքերի համար: Դրա շնորհիվ հնարավոր եղավ անարյուն հեղափոխությունն ու ժողովրդավարության թռիչքը:

Սակայն այժմ եկել է հաջորդ փուլը, երբ Հայաստանին պետք է աջակցել ժողովրավարական մեխանիզմները ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու հարցում: Մասնավորապես, պաշտպանել այդ ռեֆորմները տարածաշրջանում ժողովրդավարությունը խաթարող հայտնի ուժերի ներգործությունից:

Ընդհանուր առմամբ, խոսքս վերաբերում է ոչ միայն ընտրություններին, այլև դատական իշխանության անկախություն երաշխավորող փոփոխություններին և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծմանը:

Ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի Հայաստանում ժողովրդավարությունը կառուցել այնպես, որ այստեղ մենք այն քննարկենք զուտ որպես հաջողության պատմություն: Բայց այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ ունենք:


Կարդացեք նաև