Որ ուժերն ինչպես են լուսաբանվել քարոզարշավի ընթացքում. միջանկյալ զեկույցի արդյունքներ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

«Անկախ դիտորդ» դաշինքը սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակում իրականացրել է քարոզարշավի լուսաբանման մոնիթորինգ` վերգետնյա հեռուստաալիքներում և առցանց հարթակում:

Հետազոտության ընթացքում սեպտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մոնիթորինգ է իրականացվել հայկական 5 հեռուստաալիքներում՝ Հանրային («Առաջին ալիք»), «Արարատ», «Արմենիա TV», «Երկիր մեդիա», «Կենտրոն» և 5 առցանց լրատվամիջոցներում՝ «Առավոտ», tert.am, news.am, 1in.am, «Հայկական ժամանակ»: Քարոզարշավի ամբողջ ընթացքի (սեպտեմբերի 10-23) մոնիթորինգի վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո: Հեռուստաալիքների դեպքում մոնիթորինգն իրականացվել է ժամը 18:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ առցանց մամուլում ուսումնասիրվել է ամբողջ օրվա տեքստային կոնտենտը: Հաշվի առնելով նախորդ իշխող ուժի՝ ՀՀԿ-ի շարունակվող քաղաքական դերակատարությունը՝ հետազոտության մեջ դիտարկվել է նաև այս ուժի լուսաբանումը:

Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ Հանրային հեռուստաալիքը սահմանված կարգով մեկ րոպե անվճար և մինչև երկու րոպե վճարովի (սեպտեմբերի 10-15-ն ընկած ժամանակահատվածում) եթերաժամանակ է տրամադրել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, այնուամենայնիվ, ոչ բոլոր ուժերն են օգտվել անգամ անվճար եթերաժամանակի հնարավորությունից:

Մնացած հեռուստաալիքները սահմանել են վճարովի եթերաժամանակի գնացուցակը, ընդ որում՝ այդ եթերաժամանակից առավել շատ օգտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Հեռուստաալիքներն իրենց փրայմ-թայմի եթերում ցուցադրել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած իրազեկման տեսանյութերը, որոնցում ներկայացվում է քվեարկությանը մասնակցելու կարգը, ընտրողների իրավունքներն ու պարտականությունները: Ընդ որում, այս տեսանյութերին առավել շատ եթերաժամանակ տրամադրել է «Առաջին ալիքը», ավելի քիչ՝ «Արմենիա» հեռուստաալիքը:

Ընդհանուր առմամբ՝ բուն քարոզարշավի շրջանակում հեռուստաալիքներն ավելի շատ ամենաշատը եթեր տրամադրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նրան հաջորդում են «Իմ քայլը» և «Լույս» դաշինքները:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից դրական տոնայնությամբ առավել շատ լուսաբանվել են «Իմ քայլը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, չեզոք տոնայնությամբ՝ «Իմ քայլը», ՀՀԿ-ն և «Լույսը», բացասական տոնայանությամբ՝ «Իմ քայլը», ՀՀԿ-ն և «Երկիր ծիրանին»: Ընդհանուր առմամբ բոլոր քաղաքական ուժերի մասին հիշատակումները եղել են ավելի շատ չեզոք, քան դրական և բացասական: Բացասական տոնայնությամբ ամենաքիչը լուսաբանված ուժը ՀՅԴ-ն է:

Քաղաքապետի թեկնածուներից ամենաշատ լուսաբանված եռյակն է՝ Արարատ Զուրաբյան, Զարուհի Փոստանջյան և Նաիրա Զոհրաբյան:

Ինչ վերաբերում է առցանց լրատվամիջոցներին, ապա այստեղ նույնպես քարոզարշավն ակտիվ լուսաբանվել է: Առավել շատ հիշատակված քաղաքական ուժերն են՝ «Իմ քայլը» ՀՀԿ-ն, իսկ երրորդ տեղը կիսում են ԲՀԿ-ն և «Լույսը», ընդ որում նշված բոլոր ուժերը հիշատակվել են առավելապես չեզոք տոնայնությամբ:  Առցանց լրատվամիջոցներում ամենաքիչ լուսաբանված ուժերն են «Հայքը» և «Ռեֆորմիստները»:

Առցանց լրատվամիջոցներում քաղաքապետի թեկնածուներից ամենաշատը լուսաբանվել է «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանը, նրան հաջորդում են Նաիրա Զոհրաբյանն ու Արտակ Զեյնալյանը:

Սոցիալական ցանցերից մոնիթորինգի ենթարկվել է միայն Facebook-ը: Ըստ քարոզարշավի 6 օրվա արդյունքների՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ինտենսիվորեն օգտվել են սոցիալական այս հարթակից՝ ինչպես պաշտոնական էջերի, այնպես էլ թեկնածուների անձնական օգտահաշիվների միջոցով: Այնուամենայնիվ, պաշտոնական էջերում քարոզարշավը կրում է հիմնականում ֆորմալ բնույթ և իրենից ներկայացնում է նախընտրական հավաքների իրազեկման պաստառների հրապարակում, այդ հավաքներից ուղիղ միացումներ, տեսանյութեր և հարցազրույցներ: Ըստ էության, սոցցանցում իրական քարոզարշավն ընթանում է ոչ պաշտոնական էջերով՝ անհատների միջոցով կամ կեղծ օգտահաշիվներով:

Միջանկյալ զեկույցն ամբողջությամբ՝ կարող եք կարդալ այստեղ:

 

«Անկախ դիտորդ» դաշինք

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»

Похожие записи: