Կանանց ներկայացվածությունը քաղաքական կյանքում

26.09.2018 | 18:11 | Օգտակար նյութեր, Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ

Քաղաքական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը ժողովրդավարության հիմքերից մեկն է: Եվ չնայած կանայք կազմում են աշխարհի բնակչության մոտ 50%-ը, նրանք ոչ բավարար են ներկայացված որոշումներ կայացնող մարմիններում: Ինչպես նշվում է ԵԽԽՎ 1706 բանաձևում (2010թ.), քաղաքական կյանքում կանանց և տղամարդկանց ոչ հավասար ներկայությունը մարդու իրավունքների խախտում է և սպառնալիք ժողովրդավարությանը:

Ըստ Միջխորհդարանական միության 2018թ. հունիսի 1-ի տվյալների՝ աշխարհի երկրներից միայն 13-ում է, որտեղ կանանց ներկայացվածությունն ազգային խորհրդարաններում գերազանցում է 40%-ը: Հայաստանի Հանրապետությունում կանայք զբաղեցնում են Ազգային ժողովի մանդատների 18.1%-ը:  

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծ մասում կանայք բավարար չափով ներկայացված չեն քաղաքական կյանքում: Ըստ ԵԽԽՎ 2016թ. ընդունված բանաձևի՝ այս երկրների գրեթե մեկ երրորդում կանայք ունեն 20%-ից պակաս խորհրդարանական մանդատներ։

Ներկայում կանանց բավարար ներկայացվածության կարևորության վերաբերյալ քննարկումների ընթացքում առաջադրվում են հետևյալ հիմնական փաստարկները` Արդարության փաստարկ. կանայք պետք է զբաղեցնեն մանդատների կեսը, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը, 

Փորձի փաստարկ. կանայք ունեն կենսաբանական կամ սոցիալական գործոններով պայմանավորված տարբերվող փորձ, որը նույնպես պետք է ներկայացված լինի, 

Շահագրգռվածության փաստարկ. կանայք և տղամարդիկ ունեն հակասական շահեր, և այդ շահերը չեն կարող ներկայացվել տղամարդկանց կողմից, 

Խորհրդանշական փաստարկ. յուրաքանչյուր կին քաղաքական գործիչ, անկախ քաղաքական հայացքներից կամ կուսակցական պատկանելությունից, օրինակ է հանդիսանում բոլոր կանանց համար և այլ կանանց ներգրավում է քաղաքական դաշտ, 

Կրիտիկական զանգվածի փաստարկ. կանանց ներկայացվածությունը պետք է հասնի որոշակի մակարդակի, որպեսզի նրանք կարողանան հասնել կանանց շահերը արդյունավետ ներկայացնելու նպատակին,

Ժողովրդավարության փաստարկ. կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը նպաստում է կառավարման ժողովրդավարացմանը:

 

ԵԽԽՎ 2016թ. բանաձևում նշվում է, որ քաղաքականության մեջ կանանց ոչ բավարար ներկայացվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային: Եվրոպական երկրներում հասարակությանը մինչ այժմ բնորոշ է կանանց նկատմամբ այնպիսի վերաբերմունք, որը խանգարում է սոցիումում կանանց կայացմանը, բերում նրանց նկատմամբ խտրականության: Տարածված են կարծրատիպեր և կանանց դերի մասին պատկերացումներ, համաձայն որոնց կանայք պիտանի չեն որոշումներ կայացնելու և քաղաքականությանը մասնակցելու համար:

 

Միջազգային չափանիշներ և երաշխավորություններ

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (ԿՆԽՎԿ) 4-րդ հոդվածում նշվում է, որ պետությունները պետք է 

ժամանակավոր միջոցներ ձեռնարկեն`քաղաքական, տնտեսական, սոցիալական, 

մշակույթային և քաղաքացիական ոլորտներում կանանց հավասար մասնակցությունը արագացնելու համար:

 

ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան 1993թ., իսկ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը՝ 2006թ.:

Գենդերային հավասարության վերաբերյալ հիմնական մոտեցումները ձևակերպված են հիմնարար միջազգային փաստաթղթերում` ՄԱԿ-ի՝ Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայում (1954), ՄԱԿ-ի՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում (1979), Պեկինի հռչակագրում և Պեկինի գործողությունների ծրագրում (1995), Հազարամյակի զարգացման նպատակներում (2000) և Կայուն զարգացման նպատակներում (2016):

 

Պեկինի հռչակագրում և Պեկինի գործողությունների ծրագրում ՄԱԿ-ը նպատակ էր սահմանել 2000թ. կառավարման և որոշումներ կայացնող մարմիններում կանանց մասնակցությունը հասցնել 50%-ի:

 

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հանձնարարականներն ընդգրկված են հանուն ժողովրդավարության զարգացման գենդերային հավասարության ապահովման խնդրին վերաբերող մի շարք փաստաթղթերում, այդ թվում ԵԽ նախարարների կոմիտեի երաշխավորություններում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևերում՝ «Քաղաքական և պետական որոշումների կայացման գործընթացին կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցության մասին», «Ընտրություններին կանանց մասնակցության մասին», «Որոշումների կայացման գործընթացին կանանց մասնակցությունը երաշխավորող մեխանիզմների մասին», «Կանանց մասնակցությունը որոշումներ ընդունելու մակարդակում երաշխավորող մեխանիզմների մասին», «Ընտրական համակարգը`որպես քաղաքական կյանքում կանանց ներկայացվածության բարձրացման գործիք», «Կանանց քաղաքական ներկայացվածության բարելավմանն ուղղված մեխանիզմների ազդեցության գնահատման մասին»:

 

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Քաղաքական և պետական որոշումների կայացման գործընթացին կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցության մասին» երաշխավորություններում, որպես հավասարակշռված մասնակցություն, սահմանվել է քաղաքական կամ հասարակական կյանքում բոլոր որոշումներ կայացնող մարմիններում երկու սեռերի առնվազն 40%-անոց ներկայացվածություն: «Ընտրություններին կանանց մասնակցության մասին» ԵԽԽՎ-ի երաշխավորություններում առաջարկվում է «նպատակ դնել մինչև 2020թ. մեծացնել կանանց ներկայացվածության մակարդակը  խորհրդարաններում և այլ ընտրական մարմիններում՝ առնվազն մինչև 40%»:

         

Որոշումներ ընդունող մարմիններում կանանց մասնակցությունը բարելավող մեխանիզմներ

Հավասարակշռված մասնակցության հասնելու առավել արդյունավետ մեխանիզմներից է գենդերային քվոտաների ամրագրումը: ԵԽԽՎ-ի կողմից ընդունված թիվ 2111 (2016թ.) բանաձևում և այլ փաստաթղթերում հստակ սահմանվում է, որ պատշաճ մշակման և կիրառման դեպքում գենդերային քվոտաներն էական և արագ առաջընթաց ապահովող առավել արդյունավետ մեխանիզմներ են: Գենդերային քվոտաները կարող են երկարատև ազդեցություն ունենալ քաղաքական կյանքում կանանց ներկայացվածության վրա, քանի որ կանանց մասնակցության պահանջը փոխում է ընտրողների վերաբերմունքը և կանանց դերի ընկալումը:

 

Գոյություն ունեն երեք տեսակի քվոտաներ.

  • օրենսդրորեն ամրագրված կանանց ներկայացվածության որոշակի նվազագույն չափ կուսակցությունների ընտրական ցուցակներում,
  • օրենսդրորեն ամրագրված որոշակի քանակությամբ տեղեր խորհրդարանում,
  • կուսակցությունների կողմից սահմանված կամավոր քվոտաներ։ 

 

Քվոտաները պետք է ուղեկցվեն տարատեսակ այլ մեխանիզմներով, որոնք կարող են նպաստել գենդերային կարծրատիպերի վերացմանը և կանանց ավելի ակտիվ մասնակցությանը քաղաքականության մեջ։ Այդ մեխանիզմների թվում են վերապատրաստման և իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումները, կին քաղաքական գործիչների համար վերապահված եթերային ժամանակը, անձնական/ ընտանեկան կյանքը և քաղաքական գործունեությունը համատեղելուն ուղղված քաղաքականությունը։ Միջոցառումները փոխկապակցված են և միասին հնարավորություն կտան հասնելու զգալի և մշտական արդյունքների։

 

Հավասարակշռված մասնակցության ապահովման նպատակով՝ ԵԽԽՎ-ի կողմից առաջարկվում է իրականացնել օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես՝ ամրագրել առնվազն 40%-անոց գենդերային քվոտաներ։

 

Օրենսդրական քվոտաների ամրագրումը մի շարք երկրներում հանգեցրել է քաղաքական ոլորտում կանանց ներկայացվածության զգալի աճին: Օրինակ՝ Սլովենիայում 2005թ. քվոտայի ամրագրումը հանգեցրեց խորհրդարանում կանանց ներկայացվածության աճին՝ 12.2%-ից հասնելով 36.4%-ի։ Ղրղզստանում 2007թ. ընտրացուցակներում 30% քվոտայի սահմանումից հետո կանանց ներկայացվածությունն աճել է՝ 2000 թ. 2%-ից 2014թ. հասնելով 23%-ի: Ալբանիայում 2008թ. օրենսդրությամբ սահմանված քվոտան նույնպես ազդեցություն ունեցավ կանանց ներկայացվածություն վրա՝ 2005թ. 6.4%-ի փոխարեն 2015թ. գրանցվեց 20.7%:

 

Քվոտաների չափը Հայաստանում

2007թ. ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրվեց կուսակցությունների համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներում 15% քվոտա կանանց համար: ՀՀ Ընտրական օրենսգրքում 2011թ. այն բարձրացվեց և դարձավ 20%: 2016թ. մայիսի 25-ին ՀՀ Ընտրական օրենսգրքում նորից կատարվեցին փոփոխություններ, համաձայն որոնց, գենդերային քվոտան կրկին բարձրացավ՝ հասնելով 30%-ի, սակայն մինչև 2021թ. հունվարի 1-ը գործելու է 25% քվոտա: «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում, առաջին համարից սկսած, ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70%-ը» (Հոդված 83, կետ 4): Համապետական ընտրական ցուցակի մանդատից հրաժարվելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու արդյունքում՝ տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թվի 25%-ից (մինչև 2021թ. հունվարի 1-ը՝ 20%-ից) ցածր լինելու դեպքում այն տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա այդպիսին:

Համապետական ընտրական ցուցակի մանդատից հրաժարվելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարացնելու դեպքում, եթե տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվն իջնում է 25 %ից (մինչև 2021 թ-ի հունվարի 1-ը՝ 20 %ից), այն տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա այդպիսին:

 

ՀՀ-ում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների կեսից ավելին դրական է վերաբերվում քաղաքական և պետական կառավարման տարբեր օղակներում քվոտայի ամրագրման գաղափարին, ընդ որում՝ օրենսդիր մարմնում գենդերային քվոտայի չափը պետք է լինի 30%-ից բարձր:  Հետաքրքիր է, որ քվոտայի սահմանումը դրական գնահատող հարցվողների թիվն ունի ավելացման միտում` 2008թ. 43%-ի համեմատությամբ՝ 2011թ. 57.2%:

 

Մարիա Միրիջանյան

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական Միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական Միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։


Կարդացեք նաև