Էյֆորիայի, քաղաքական դեֆոլտի ու արտահերթ ընտրությունների մասին

09.10.2018 | 17:06 | Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ

Հետհեղափոխական քաղաքական բառապաշարում վերջին ամիսներին ամենակիրառելի ու շրջանառվող բառերից մեկը էյֆորիան է: Հոլովվելով և շահարկվելով ամենատարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից, այն կարծես քաղաքական եզրույթ է դարձել՝ բնութագրելու հասարակական-քաղաքական տրամադրությունների ու գործընթացների պատճառը, շարժիչ ուժը:

Հետհեղափոխական բազմաթիվ գործընթացներ ուղղակիորեն պայմանավորում և բացատրում են առեղծվածային ու ամենազոր այդ երևույթով: Քաղաքական լիդերի շատ բարձր վարկանիշը, հասարակական անվերապահ աջակցությունը, ժողովրդական լայն զանգվածները արագ մոբիլիզացնելու նրա կարողությունը, խարիզմատիկ պահվածքը ու այլ դրսևորումներ ուղղակիորեն կապում են հեղափոխական էյֆորիայի, ինչ-ինչ սպասումների և այլ բաների հետ:

Իսկ իրո՞ք հեղափոխական էյֆորիան դեռ պահպանվում է, իրո՞ք այն դեռ մնում է այն շարժիչ ուժը, որը կանխորոշում է հասարակության «հեղափոխական» մասի ռադիկալությունը, վճռականությունը, արմատական ու կտրուկ հայացքները: Եվ արդյո՞ք հնարավոր է «զգայական» համարվող այդ գործընթացը այդքան երկար «սնել» և պահպանել հանրության մոտ: «Հակահեղափոխական» քաղաքական բոլոր ուժերն ու նրանց կից «անկախ» վերլուծաբանները պնդում են այս դրույթի ճշմարտացիությունը:

Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Իրականում չկա ոչ մի էյֆորիա, այն վաղուց «անցել է», ավելի ճիշտ՝ տրանսֆորմացվել շատ սթափ ու ռացիոնալ դիտանկյունի: Իսկ դա ժողովրդի, հանրության կողմից ստեղծված իրավիճակին ու ընթացող գործընթացներին բավականին սթափ ու զգոն, բավականին ռացիոնալ մոտեցումներն են ու գնահատականները:

Այսօր այդ մոտեցումները բավականին պարզ ու հստակ են և հանգում են հետևյալ աներկբա իրողություններին՝

Կա առաջնորդ, որն «ազատել» է իրենց (իրենց երկիրը) պետությունը զավթած քաղաքական կլանից և ունի քաղաքական լեգիտիմության շատ բարձր՝ նորանկախ Հայաստանում աննախադեպ, աստիճան:

Հանրությունը նրան անվերապահորեն ընդունում է որպես խարիզմատիկ լիդեր: Եվ բոլորովին պետք չէ պատահական համարել լիդերի պատկերով տարբեր ատրիբուտների լայն մասսայականությունը: Քաղաքագետները, մարդաբանները և սոցիոլոգները կփաստեն, որ սա իրական քաղաքական գործընթացի դրսևորում է, և ոչ՝ կռապաշտություն:

Կա ժողովուրդ, որը գնալու է այդ առաջնորդի հետևից, որքան էլ որ նա իր ոչ պրոֆեսիոնալների թիմով կառավարչական մեծ ու փոքր սխալներ գործի, որովհետև ժողովուրդը դարձյալ շատ սթափ գնահատում է իրավիճակը, և շատ պարզ տեսնում է, որ ներկայում ինքն ունի ընդամենը երկընտրանք՝ հնի ու նորի, այլ տարբերակներ պարզապես չկան:

Այդ մոբիլիզացիոն հսկայական ռեսուրսը պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը զգում է ռևանշի իրական վտանգ:

Եվ, ի վերջո, հանրությունը երկու տասնամյակ անց վերագտել է երկրի տերը լինելու իր զգացողությունը, քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու և այդ մասնակցության արդյունքը տեսնելու հնարավորությունը: Սա բացառիկ արժեք է, մարդիկ այդ արժեքը խորապես գիտակցում են և պահպանելու են այդ հնարավորությունն ամեն գնով:

Էյֆորիան անցել է, մնացել է սթափ հաշվարկը՝ սկսված գործընթացը ավարտին հասցնելու: Էյֆորիան անվերջ շահարկելը և դրա վրա քաղաքականություն կառուցելը քաղաքական կարճատեսություն է:

Հին ուժերն անմրցունակ են

Շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ժողովրդի իրական իշխանության դե յուրե ամրագրումը խորհրդարանում այլընտրանք չունեն:

Եվ սարսափելի չէ, եթե լինի «քաղաքական դեֆոլտ», եթե հայաստանյան ներկայիս քաղաքական հայտնի ուժերից ոչ մեկը չստանա հանրության իրական քվեն, այլ խորհրդարանում հայտնվի միայն Ընտրական օրենսգրքի՝ «33%-ը՝ ընդդիմադիրներին» կարգավորմամբ: Պետք է փաստել, որ Հայաստանում գործող կուսակցությունները լիարժեքորեն «հարմարված  էին» «հին Հայաստանի» քաղաքական դաշտի ու համակարգի պայմաններում գոյատևելու և գործելու համար: Համակարգ, որտեղ տեղ ունեին ներքաղաքական ինտրիգներն ու խարդավանքները, կուլիսային բանակցություններն ու քվոտավորումը, ընտրակաշառքներն ու իշխանական ռեսուրսի լայն օգտագործումը: Համակարգ, որտեղ գաղափարական պայքարին ու գաղափարախոսությանը վաղուց փոխարինել էին երեսպաշտությունն ու քաղաքական փարիսեցիությունը, որտեղ կուսակցությունները քաղաքական ինստիտուտներից վեր էին ածվել մեծ ու փոքր վաճառականների:

Ավելի քան 4 ամիս տևած հետհեղափոխական գործընթացները ցույց տվեցին, որ գործող կուսակցություններն ի վիճակի չեն հասկանալ, ընդունել նոր իրողությունները, իրենց դիրքորոշումներով և մարտավարությամբ վերափոխվել, հարմարվել նոր իրողություններին: Նրանք այլևս մրցունակ չեն:

Քաղաքական դաշտը լրջագույն վերափոխման խնդիր ունի: Այն պետք է ապրի թռիչքաձև էվոլյուցիա, պիտի «վերանան» հին տեսակները, ստեղծվեն նորերը, նոր քաղաքական դեմքերով, ծրագրերով ու գաղափարախոսություններով: Նոր կուսակցությունները պիտի որդեգրեն նոր գործիքակազմեր, հասարակության հետ աշխատելու նոր սկզբունքներ ու մեթոդաբանություն՝ հարիր մեր նոր հանրության ու հասարակության: Չի կարող այլևս նոր հասարակությունը կառավարվել հին մեթոդներով: Իսկ որ հասարակությունն այլևս այլ է՝ կասկածից վեր է:

 

Սերոբ Անտինյան

Կառավարման մասնագետ, վերլուծաբան


Կարդացեք նաև