Ցարիզմի գաղութային քաղաքականությունը (հակիրճ ակնարկ. 19-րդ դարի երկրորդ կես)

18.10.2018 | 18:50 | Օգտակար նյութեր

Ալեքսանդր 2-րդ կայսեր սպանությունից հետո (1881թ. մարտի 1) գահը ժառանգած Ալեքսանդր 3-րդը սաստկացրեց հալածանքները հեղափոխական կազմակերպությունների, ազատական հայացքներ դավանող գործիչների, մտավորականների, Ռուսաստանում բնակվող ոչ ռուս ժողովուրդների, այդ թվում` հայ ժողովրդի նկատմամբ:

Հայության նկատմամբ ցարիզմի անբարյացակամ վերաբերմունքն արտահայտվեց մի քանի բնագավառներում, այդ թվում՝ հայոց եկեղեցու և ազգային-կրթական հաստատությունների նկատմամբ: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հետաքրքիր դիտարկում ունի Յու. Մարտովը: Նա նշում է. «Սլավոնաֆիլությունը անկում ապրելով վերածվել էր ռուսական ազգայնականության, նոր՝ առավել գործնական մի շարժման, որն ուղղված էր ոչ թե հարևան պետությունների, այլ կայսրության ոչ ռուս ժողովուրդների դեմ»:

Մինչ հայությունն Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատելու գործը կենսական խնդիր էր համարում, Ռուսաստանն աստիճանաբար ու հետևողականորեն բացասական ուղեգիծ էր դրսևորում այդ հարցում: Պետերբուրգի կառավարիչները գալիս էին այն համոզման, որ առկա և հասունացող հայ-թուրքական բախման մեջ Ռուսաստանին ձեռնտու է լինելու Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանումը և ոչ թե հայկական ինքնավար ու անկախ պետության ստեղծումը:

Այս հանգամանքներում են սկսվում հետապնդումները Անդրկովկասի՝ Ցարական Ռուսաստանի մասում ապրող նշանավոր հայերի նկատմամբ: 1884թ. ցարական իշխանությունները խուզարկում են Արծրունու և Րաֆֆու բնակարանները: Ժամանակավորապես դադարեցվում է «Մշակ» թերթի հրատարակությունը:

Պետականություն չունենալու պայմաններում կարևորագույն գործառույթ էին կատարում հայոց եկեղեցին, ազգային դպրոցները և մշակութային հաստատությունները:

Այդ տարիներին երկրամաս էին գործուղվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ (Յա. Նևերով, Ա. Նիկոլաև, Կ. Յանկովսկի), որոնք ժողովրդական լուսավորության նախարարության հանձնարարությամբ տնօրինելու էին հայոց եկեղեցու և դպրոցների ճակատագիրը: Ցարական կառավարությունը որոշել էր առաջին հարվածը հասցնել հայկական դպրոցներին:

1885թ. փետրվարի 5-ին կայսրը հաստատեց դեռևս 1883 թվականից սկսած խորհրդակցությունների որոշումները, որոնց արդյունքում Անդրկովկասում, Նոր Նախիջևանում և Բեսարաբիայում փակվեցին 300 դպրոցներ:

Հայկական շրջանակներում սկսվեց հուժկու դիմադրություն: Արդյունքում, 1886թ. նոր ուսումնական տարվանից վերաբացվեցին հայկական դպրոցները: Սակայն դպրոցներում արգելվեց ուսումնասիրել հայոց պատմություն և աշխարհագրություն առարկաները: Կային այլ արգելքներ ևս: 1888թ. կայսեր համաձայնությամբ Անդրկովկաս գործուղվեց Ֆ. Գիրսը: Նա հանդիպեց կաթողիկոսի հետ: Որոշ հարցերի շուրջ եկան համաձայնության, սակայն մերժեց թույլատրել դպրոցներում հայոց պատմության և աշխարհագրության դասավանդումը:

Դպրոցների նկատմամբ կիրառվող սահմանափակումներից զատ, ցարական արքունիքը հատուկ քաղաքականություն էր վարում խոսքի ազատության, հայալեզու պարբերականների և հայկական մամուլի դեմ: Թիֆլիսում, Օդեսայում, Մոսկվայում, Պետերբուրգում աշխատող գրաքննիչները հայ մտավորականության համար դարձել էին «Դամոկլյան սուր»:

1890թ. նրանք հրաժարվեցին հրատարակել «Արաքս» հանդեսը, 1895թ.՝ «Ժամանակ» ամսագիրը, 1896թ.՝ «Խոսք» թերթը, 1897թ. մերժվեց արտասահմանում հրատարակված հայկական հին և նոր ազգային երգերի ժողովածուների մուտքը Ռուսաստան՝ պատճառաբանելով, թե ժողովածուներում տպագրված են Մ. Նալբանդյանի, Ռ. Պատկանյանի, Մ. Պեշիկթաշլյանի գործերից: Մի քանի անգամ ժամանակավորապես արգելվեցին «Տարազը», «Մշակը», «Նոր դարը», «Արձագանքը»:

Գ. Գոլիցինի կառավարչապետության տարիներին կենտրոնական իշխանությունների գաղութային քաղաքականությունը նոր ծայրահեղ դրսևորումներ ունեցավ: Հաշվի առնելով «հայ ժողովրդի հեղափոխական տրամադրությունները»՝ Գոլիցինն ընդհուպ առաջարկում էր հայերի մի մեծ զանգված արտաքսել Սիբիր: Ցարական բռնաճնշումների և էթնիկ ուծացման փորձերի նոր ալիքն առանձին ներկայացման թեմա է:

Վահրամ Թոքմաջյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև