Մի քանի դիտարկում Ջոն Բոլթոնի այցի մասին

30.10.2018 | 09:20 | Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան Հայաստանում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Հատկապես զգայուն են ընդունվել Բոլթոնի հայտարարությունները՝ Հայաստանին և Ադրբեջանին ամերիկյան ռազմատեխնիկա վաճառելու արգելքի հանման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ըստ 1992 թվականի հոկտեմբերի 24-ին ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ փոփոխության՝ ԱՄՆ կառավարությանն արգելված է Ադրբեջանին օգնություն հատկացնել: Ըստ այս փոփոխության՝ արգելքը կարող է հանվել միայն, եթե Ադրբեջանը հստակ քայլեր ձեռնարկի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին շրջափակումից հանելու ուղղությամբ, կամ եթե ԱՄՆ նախագահը կարողանա ապացուցել կոնգրեսին, որ  արգելքի հանումը ԱՄՆ ազգային շահերին ձեռնտու է։ Այս փոփոխության արդյունքում Ադրբեջանը դարձավ նախկին ԽՍՀՄ միակ երկիրը, որը անկախացումից հետո ամերիկյան օգնություն չի ստացել։

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ փոփոխության հնարավոր կասեցման շուրջ քննարկումների կուլմինացիան դարձավ, թերևս, Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա Բոլթոնի հայտարարություններն անվանել էր «Փաշինյանի ֆիասկո»։ Ըստ Սարգսյանի․ «Առաջին անգամ հայ-ամերիկյան պաշտոնական երկխոսության նպատակը ոչ թե փոխադարձ շահերի և մոտեցումների ճշգրտումն էր, այլ մեկ կողմի շահերի մասին մյուսին իրազեկելը: Տպավորություն ստեղծվեց, որ Բոլթոնը ոչ թե ԱՄՆ-ի նախագահի, այլ ՀՀ վարչապետի խորհրդականն է, ով եկել է հուշելու, թե ինչը պետք է անել և ինչը` ոչ»։ Հետևաբար՝ Հայաստանում Բոլթոնի տարածաշրջանային այցի շուրջ վերլուծությունները ծավալվում են բացառապես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում՝ անտեսելով ԱՄՆ ներքին իրավիճակը և այս այցի աշխարհաքաղաքական ենթատեքստը։

ԱՄՆ ներքին իրավիճակը

ԱՄՆ ներքին իրավիճակը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք բավականին հակասական է։ Պարբերաբար տարածվում են նորություններ այն մասին, որ ԱՄՆ կոնգրեսը և նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի խնդիրների վերաբերյալ հակադիր տեսակետներ ունեն։ Այս հակասություններն ակնհայտ են Ռուսաստանի դեմ սանկցիաների խստացման և երկարացման հարցում։ 2017 թվականի հուլիսին ԱՄՆ կոնգրեսը անգամ հատուկ օրենսդրական կարգավորում մշակեց, որն օգոստոսին ստիպված էր ստորագրել հենց նախագահ Թրամփը։ Այդ կարգավորումը սահմանափակում է նախագահի իրավասությունները՝ սանկցիաները միանձնյա որոշումով թեթևացնելու հնարավոր սցենարները կանխելու համար։ Այս պահին էլ կոնգրեսը և Թրամփը հակասություններ ունեն Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների պարբերական խախտումների շուրջ։ Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգիի անհետացումը հոկտեմբերի սկզբին Ստամբուլի՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում նոր լարվածություն է առաջացրել ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև։ Մի կողմից Թրամփը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիային պատասխանատվության չի ենթարկելու, քանի որ ԱՄՆ-ը կարող է կորցնել իր հսկայական մասնաբաժինը Սաուդյան Արաբիային զենքի ու զինամթերքի վաճառքում՝ զիջելով իր տեղը Ռուսաստանին կամ Չինաստանին: Կոնգրեսն էլ իր հերթին պահանջում է Էր-Րիյադին պատասխանատվության ենթարկել՝ արգելելով ամերիկյան զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային։ Հիշեցնենք, որ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ փոփոխությունը կասեցնելու համար ևս Թրամփի ադմինիստրացիան պիտի ստանա կոնգրեսի համաձայնությունը, հետևաբար Բոլթոնի հայտարարությունը դեռևս չի նշանակում, որ արգելքը կվերացվի։  

Իրան և Ռուսաստան

Բոլթոնի այցը տարածաշրջան տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարության ֆոնին, ըստ որի՝ Վաշինգտոնը դուրս կգա 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ այս համաձայնագրից դուրս գալու ակտիվ ջատագովը հենց Բոլթոնն է, ով զենքի վաճառքը կասեցնող պայմանագրերի մշտական հակառակորդներից է ԱՄՆ-ի ներսում։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումից բացի, ավելի և ավելի են խստանում Թրամփի ադմինիստրացիայի՝ Իրանին մեկուսացնելու ուղղությամբ ջանքերը։ Միացյալ նահանգների՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին այս այցը ավելի շուտ փորձ էր՝ քաղաքական ուղերձ հղելու վերջիններիս և ցույց տալու, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է իր ներկայությունը թե՛ Թեհրանի և թե՛ Մոսկվայի համար կարևորություն ունեցող Կովկասում, որը նաև այս երկու երկրներին իրար կապող ցամաքային ճանապարհն է։  

Թրամփի արտաքին քաղաքականությունը

Ամերիկյան հետազոտական կազմակերպությունները պնդում են, որ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ վարկանիշն ամբողջ աշխարհում անկում է գրանցել: 2018 թվականի հոկտեմբերին հրապարակված Pew Research կենտրոնի հետազոտության համաձայն՝ շուրջ 25 երկրներում հարցվածների մեծամասնությունը նշել է, որ միջազգային քաղաքական որոշումները կայացնելիս ԱՄՆ-ն հաշվի չի առնում իրենց երկրի շահերը։ Հատկապես ցածր է Թրամփի վարկանիշը Եվրոպայում, որտեղ թե՛ հասարակական և թե՛ քաղաքական շերտերում առկա է դժգոհություն Թրամփի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Մասնավորապես՝ Թրամփը դուրս է բերել Միացյալ Նահանգները Փարիզի կլիմայի համաձայնագրից, Իրանի հետ միջուկային պայմանագրից, ինչպես նաև պարբերաբար քննադատում է ԱՄՆ ավանդական դաշնակից երկրներին՝ ՆԱՏՕ անդամներին։ Այս տարի հուլիսին կայացած ՆԱՏՕ վեհաժողովի ընթացքում, մասնավորապես, Թրամփը Գերմանիայի վերաբերյալ հայտարարել էր, թե այս երկիրը բացարձակապես գտնվում է ՌԴ վերահսկողության տակ, ապա իր թվիթերյան էջում մի շարք մեղադրական հայտարարություններ արել Գերմանիայի վերաբերյալ։ Փաստորեն Թրամփի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականության բնորոշ գծերից է անխտիր բոլորին քննադատելը։

Նմանատիպ միջազգային իրավիճակի ֆոնին Բոլթոնի հայտարարությունները թե Երևանում և թե Բաքվում պետք է ավելի շուտ դիտարկել ԱՄՆ արտաքին քաղաքականության ենթատեքստում։ Այցի հիմնական նպատակը Իրանին և Ռուսաստանին քաղաքական ուղերձներ հղելն էր՝ այս երկու երկրների համար կարևոր տարածաշրջանից։ Ինչ վերաբերում է զենքի վաճառքի արգելքի վերացմանը, ապա Թրամփի խորհրդականի այս նախաձեռնությունը դեռևս պետք է ներկայացվի կոնգրեսի հավանությանը, որն ԱՄՆ նախագահի հետ վերջին երկու տարիներին դժվարությամբ է համաձայնության գալիս։  

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև