ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման առաքելության 2017 և 2018 թվականների արձագանքների տարբերությունը

11.12.2018 | 13:00 | Ընտրություններ

 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելությունը  (ԸԴԱ) դեկտեմբերի 10-ին հրապարակեց իր նախնական եզրակացությունները՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների վերաբերյալ։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի այս տարվա դիտարկումները մի շարք հարցերում կտրուկ տարբերվում են նախորդ տարվա դիտարկումներից։

Ընտրակաշառք

 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի նախնական դիտարկումներում հատկապես շեշտվում էին ընտրակաշառքի բացասական ազդեցություններն ընտրական գործընթացների վրա։ Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, «չնայած այն հանգամանքին, որ իրավական դաշտում իրականացվել են ողջունելի բարեփոխումներ և նոր տեխնոլոգիաներ են ներդրվել նվազեցնելու ընտրական խախտումների դեպքերը, ընտրությունները ստվերվեցին ընտրակաշառքների և քաղծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով»:

2018 թվականի ընտրությունների վերաբերյալ դիտարկումներում, սակայն, արդեն նշվում է, որ կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունն իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել: Այսպիսով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության 2018 թվականի դիտարկումները մատնանշում են ընտրակաշառքների բացակայությունը, մինչդեռ 2017-ին դրանք առկա էին։

Հանրության վստահությունը

 Ըստ 2017-ի դիտարկումների, առկա են եղել հավաստի տեղեկություններ որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի բաժանման և հօգուտ իրենց քվեարկելու համար պետական ծառայողների, այդ թվում՝ բժշկական հաստատությունների և դպրոցների աշխատակցիների վրա ճնշումներ գործադրելու ու ահաբեկելու մասին, ինչը նպաստել էր ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության նվազմանը: Մինչդեռ 2018 թվականի դիտարկումների համաձայն, «դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների ժամանակ»: Փաստորեն՝ արտահերթ ընտրությունների դեպքում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը տեսնում է վստահության աճ։

Ճնշումներ

2017 և 2018 թվականների առաքելությունների դիտարկումները հիմնովին տարբեր են նաև քաղաքացիների վրա ճնշումների և վարչական ռեսուրսի չարաշահումների վերաբերյալ։ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, մասնավորապես, գրել էր․ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն նաև արժանահավատ հաղորդումներ է ստացել ընտրողների՝ հատկապես մասնավոր և պետական հատվածի աշխատողների հանդեպ ճնշումների գործադրման և ահաբեկման մասին: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է ձայնագրություններ, համաձայն որոնց, 114 դպրոցների տնօրեններ ընդունում են, որ պատրաստել են ՀՀԿ-ին աջակցող ուսուցիչների և աշակերտների ծնողների ցուցակներ»: Մինչդեռ 2018 թվականի զեկույցի համաձայն, «վարչական ռեսուրսի չարաշահումը և պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշումների գործադրումը կանխելու համար իշխանությունները իրազեկել են տեղական պաշտոնյաներին, դպրոցի տնօրեններին, առողջապահության ոլորտի աշխատակիցներին և այլ անձանց համապատասխան արգելքների մասին»։

Խոսքի ազատություն

2017 թվականին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն նշել էր, որ չնայած խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ և կիրառվում է լայնորեն, սակայն հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը սահմանափակված էր դրանց սեփականատերերի կողմից խմբագրական անկախությանը միջամտելու միջոցով: «Դա հանգեցրեց լրագրողների ինքնագրաքննության և կառավարությանը քննադատող հաղորդումների ապաքաջալերմանը, ներառյալ հանրային հեռուստատեսությամբ»,- ասվում էր առաքելության դիտարկումներում։ Ըստ արդեն 2018 թվականի դիտարկումների, խոսքի ազատությունը պահպանվել է քարոզարշավի ընթացքում: «ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցների մեծ մասը մատնանշում են լրատվամիջոցների ազատության հարցում առաջընթաց՝ մասնավորապես բազմակարծության տեսանկյունից»,- ասվում է առաքելության՝ այս տարվա դիտարկումներում։ Ավելին, դիտարկումների տեքստում ինքնագրաքննությունը ընդհանրապես չի հիշատակվում։

Ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտարկումները ցույց են տալիս, որ հեղափոխությունից հետո ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը աճել է, ընտրողների վրա ճնշումները՝ նվազել, իսկ վարչական ռեսուրսի չարաշահումներ, ինչպես նաև լրատվամիջոցների ինքնագրաքննություն չի նկատվել։ Փաստորեն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն արձանագրել է Հայաստանում ընտրական գործընթացների բարելավում անցած մեկուկես տարվա ընթացում։

 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 


Կարդացեք նաև