Դպրոցների վերաբերյալ զեկույցն ահազանգ է կոռուպցիայի մասին

19.12.2018 | 17:30 | Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ

Հայաստանում հանրակրթական դպրոցներում ուսուցիչների իրավունքների վերաբերյալ Հայաստանի հելսինկյան կոմիտեի զեկույցը բազմաթիվ խնդիրներ է վեր հանում, որոնք վկայում են կրթական համակարգի կոռումպացվածության և ոչ արդյունավետության մասին:

Այս տարվա նոյեմբերին հրապարակված «ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատանքային իրավունքների ուսումնասիրություն» զեկույցում, որը կազմվել է 2017 թվականի ընթացքում, բերվում են բազմաթիվ վկայություններ այն մասին, որ հայաստանյան դպրոցներում ուսուցիչներին աշխատանքի են ընդունում երկու հիմնական մեխանիզմներով՝ միջնորդություններով և կաշառքներով:

Ըստ զեկույցի, հանրակրթական դպրոցներում ուսուցիչներին հուզող ամենամեծ խնդիրներից է դասաժամերի բաշխումը: Ինչպես հայտնի է, ուսուցիչների աշխատավարձը կախված է իրենց ունեցած դասաժամերից, և զեկույցի համաձայն, դասաժամերի բաշխումը պայմանավորված է տնօրենի կամքից, որն էլ առավել շատ ժամեր հատկացնում է իր, այսպես ասած, «ծանոթ» ուսուցիչներին կամ նրանց, որոնք ավելի շատ կաշառք են տալիս:

Ուշագրավ է, որ զեկույցի պատրաստման ընթացքում հարցված ուսուցիչները հայտնել են, որ իրենց հաճախ ներգրավել են պայմանագրով չնախատեսված աշխատանքներում, օրինակ՝ մասնակցություն ցույցերին և նախընտրական շրջանում կուսակցության օգտին ձայների հավաքագրում: Դպրոցները, ըստ զեկույցի, տարիների ընթացքում դարձել են իշխանությունների կամայականություններից կախման ﬔջ գտնվող հաստատություններ, իսկ աշխատանք կորցնելու վտանգը նպաստել է դպրոցներում վախի մթնոլորտի ձևավորմանը:

Բացի դա, հարցված ուսուցիչների կեսն ահազանգել է, որ իրենց աշխատանքի են ներգրավել նաև հանգստյան կամ տոնական օրերին՝ չվճարելով դրա դիմաց: Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, այն աշխատանքները, որոնք ուսուցիչները կարող էին անել ուսուցչանոցում, նրանց զգալի մասն անում էին տանը: Այդ աշխատանքները ներառում են աշակերտների տետրերի ստուգումը, գնահատականները dasaran.am-ում լրացնելը, հաջորդ դասին, դասալսմանը պատրաստվելը և մատյան լրացնելը:

Բացի դա, պարզվել է, որ ուսուցիչները ոչ միշտ են տեղյակ իրենց պայմանագրերի տեսակներից, ժամկետներից և այն պահանջներից, որը իրենք կարող են ներկայացնել գործատուին (օրինակ` աշխատանքային պայմանագրի իր օրինակի տրամադրումը): Հատկանշական է, որ դպրոցի տնօրինությունն ուսուցիչների հետ շատ հաճախ կնքում է ժամանակավոր պայմանագրեր՝ այդպիսով կախվածության մեջ դնելով ուսուցիչներին իրենցից՝ նոր աշխատանքային պայմանագիր չկնքելու մտահոգությամբ:

Ըստ այդմ, զեկույցի հեղինակները հանդես են գալիս մի շարք առաջարկություններով, մասնավորապես՝ մշակել աշխատանքի ընդունվելու դիմաց կաշառքի և ﬕջնորդության վերացմանն ուղղված ﬕջոցառուﬓերի փաթեթ, ինչպես նաև վերանայել դպրոցների հանձնաժողովների կազմը՝ դպրոցներում տնօրենների փաստացի միանձնյա կառավարումը կանխելու նպատակով:

Զեկույցի հեղինակներն առաջարկում են նաև մշակել ﬕջոցառուﬓերի շարք, որոնց միջոցով կբացառվի ուսուցիչների ներգրավումը քաղաքական գործընթացների և կոռուպցիայի ﬔջ, նվազեցնել ծնողներից գումարների հավաքագրումը` այն դարձնելով թափանցիկ:

Նաև, զեկույցում առաջարկվում է սահմանափակել տնօրենի հայեցողական լիազորությունները դասաժամերի, դասարանների, հերթի բաշխման գործընթացում և ներմուծել գործընթացի առավել արդարացի ﬔխանիզﬓեր: Օրինակ` ուսուցիչների համար սահմանել անձնական բնութագրի ձև, որը կներառի տեղեկատվություն նրա գործունեության, կարիերայի կոնկրետ փուլի, մասնագիտական գործունեության, աշխատանքի, որակավորման, մանկավարժական պրակտիկայի մասին:

Զեկույցի հեղինակներն առաջարկում են Կրթության և գիտության նախարարությանը ավելի խոր ուսուﬓասիրել ուսուցիչների ժամանակի բաշխումը և հնարավորինս բացառել նրանց ներգրավումը աշխատանքի ﬔջ հանգստյան կամ տոնական օրերին:

Բացի սա, ըստ զեկույցի հեղինակների, անհրաժեշտ է բարձրացնել ուսուցիչների շրջանում իրազեկվածությունն իրենց աշխատանքային իրավունքներից:

Հարկ է, թերևս, մեկ անգամ էլ նշել, որ զեկույցը կազմված է 2017 թվականի ընթացքում: Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղին ունեցած թավշյա հեղափոխությունից հետո առողջացման և զարգացման լավ հնարավորություն է ընձեռված նաև կրթական ոլորտի համար, և ՀՀ ներկայիս իշխանությունները, ի դեմս այս զեկույցի, ունեն բավական կոնկրետ քարտեզ, թե որտեղ են ամենացավոտ և քայքայված օղակները հանրակրթական համակարգում:

 

Վահե Ղուկասյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը


Կարդացեք նաև