«Ռոսնեֆտ»-ի մենաշնորհն ու բենզինի 20 տոկոսով թանկ գինը

10.02.2015 | 11:08 | Տնտեսություն և Էներգետիկա, Եվրասիական միություն, Չդասակարգված

Որևիցե մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում բենզինի գինն այժմ 440 դրամ է (մեկ լիտր «ռեգուլար» ԱԻ-93 վառելիքի դիմաց): Այն վարորդներն, ովքեր հաճախ մեկնում են Վրաստան, գիտեն, որ այնտեղ բենզինի գինը, որպես կանոն, համարյա նույնն էր, ինչ որ Հայաստանում: Սակայն, վերջին մի քանի օրում Վրաստանում բենզինի գինը էական անկում է ապրել` հասնելով 1,6 լարիի (մոտ 375 դրամ):

Նախապատմությունը

Զարմանալի չէ, որ տարիներ շարունակ երկու երկրներում բենզինի գինը նույնն էր… Երկու երկրներն էլ մինչև վերջերս ունեին բավականին նման հարկային ու մաքսային կարգավորումներ (բենզինի ու դիզ. վառելիքի հարցում) և երկուսն էլ բենզին չեն արտադրում ու ներմուծում են այլ երկրներից… Թե Հայաստան, և թե Վրաստան եկած բենզինը գալիս էր մրցակցային պայմաններով ձևավորվող տարածաշրջանային գներով:

Վրաստան բենզինը մտնում է Ռումինիայից, Ռուսաստանից և Ադրբեջանից: Իսկ Հայաստան, մինչև 2014 թվականը այն գալիս էր Ռումինիայից ու Բուլղարիայից… Սակայն, 2013 թվականին դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ նախագահների պայմանավորվածության համաձայն ՌԴ-ից դեպի մեր երկիր պատրաստնի նաֆթամթերքի արտահանման մաքսատուրքը հանվեց և Հայաստան մուտք գործեց ռուսական “Роснефть” պետ-կորպորացիան, որի ներմուծած բենզինը շուրջ 2 տոկոսով (10 դրամով) ավելի էժան էր:

Մենաշնորհի պտուղները

Սակայն, դրա դիմաց «Ռոսնեֆտ»-ը ստացավ բենզին և դիզ. վառելիք Հայաստան ներմուծելու մոնոպոլիա և եթե նախկինում բենզինի վաճառքով զբաղվողները իրենք էին բենզինը ներմուծում, ապա այժմ դա անում է ռուսական այս պետկորպորացիան` միայնակ: Ու, ինչպես ասացինք, սկզբնական շրջանում դա դրսևորվեց փոքրիկ գնանկմամբ:

Այժմ նաֆթի միջազգային գները համարյա կրկնակի անկում են ապրել և իրենց հետևից գցել են նաև բենզինի ու պատրաստի այլ նաֆթամթերքի գները: Բնականաբար, բենզինի գինը էական անկում է ապրել նաև Վրաստանում, մի քանի ամսում 1,15$-ից հասնելով 0,78$-ի (հաշվարկենք դոլարով, որ անտեսենք ազգային արժույթների տատանումները): Հայաստանում բենզինի գինը նույնպես անկում է ապրել, բայց 1,15$-ից հասել է միայն 0,92$-ի:

Նույն ռուսական բենզինն է

Այստեղ բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ է Հայաստանում այժմ բենզինը մոտ 70 դրամով ավելի թանկ, քան հարևան Վրաստանում: Անգամ ավելին. Վրաստանում վաճառվող Lukoil ընկերության ռուսական արտադրության բենզինը, որը ՌԴ-ից արտահանվելուց մաքսատուրքերի տակ է ընկնում, արժե 1,59 լարի (373 դրամ), իսկ Հայաստանում վաճառվող ու մաքսազերծման տակ չընկնող նույն ՌԴ-ում արտադրված և նույն օկտանային թվով (ԱԻ-93 «ռեգուլար») բենզինը մոտ 20 տոկոսով թանկ է (440 դրամ): Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ առկա է մենաշնորհային դիրրքի չարաշահում:

Դժվար է ասել, թե ինչու՞ Հայստանում բենզինի վաճառքով զբաղվողները չեն վերսկսում Ռումինական բենզինի ներմուծումը: Անգամ հունվարի 1-ից գործող ԵՏՄ մաքսատուրքերը վճարելուց  հետո այն, միևնույնն է, մոտ 13 տոկոսով ավելի էժան կլինի: Ողջամիտ տրամաբանությունը վկայում է, որ այս մենաշնորհի պատճառը տնտեսական չէ:

Դանիել Իոաննիսյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ


Կարդացեք նաև