Պուտինականները կոմունիզմի գլխարկով

Ներկայցնում ենք «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համկարգող Դանիել Իոաննիսյանի հոդվածը հատուկ Lragir.am-ի համար.

«Ուրբաթ օրը Երևանում Հայաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ մայիսմեկյան երթը: Առաջին հայացքից, ամենը դրական է ու բնական: Մայիսի 1-ը աշխատավորների օրն է, և երբ աշխատավորները իրենց տոնի առթիվ երթ են անում, դրա մեջ վատ բան չկա:

Ավելին, կոմունիզմն ինքնին մի ամբողջական գաղափարախոսություն է, իսկ գաղափարի վրա հիմնված կուսակցությունը կրկին վատ չէ: Առավելևս, երբ երկրում գաղափարի վրա հիմնված կուսակցությունների պակասը զգացվում է:

Սակայն, դատելով երթի մասնակիցների վանկարկումներից, հասկանալի է դառնում, որ երթը քիչ առնչություն ուներ կոմունիզմի կամ աշխատավորների հետ, այլ ավելի շատ պահանջում էր, որ Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, և ի ցույց է դրել Վլադիմիր Պուտինի պաշտանմունքը:

Կոմունի՞զմ

Ու թեև այժմյան Ռուսաստանը կապիտալիստական (եթե ոչ վայրի կապիտալիստական) երկիր է, այն անհասկանալի պատճառներով մարդկանց մոտ ասոցացվում է սոցիալիզմի հետ: Դա, ենթադրաբար, Սովետական Միությունից մնացած ասոցիացիաներ են, և մարդիկ հաշվի չեն առնում, որ Ռուսաստանի Դաշնությունը չունի Սովետական Միության հատուկենտ դրական կողմերը:

Եվ զարմանալի է, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, կոմունիզմ քարոզելու փոխարեն, Ռուսաստանին Հայաստանի ինտեգրումն է քարոզում, թեև, ինչպես ասվեց, դա որևէ կապ չունի կոմունիզմի հետ: Ի վերջո, ժամանակակից աշխարհում կոմունիզմին գաղափարապես (համեմատաբար) մոտիկ են այնպիսի երկրները, ինչպիսիք են Շվեդիան, Բելառուսը կամ Չինաստանը, սակայն ոչ Ռուսաստանը:

Աշխատավորների իրավունքնե՞ր

Անհասկանալի է նաև Ռուսաստանի կապը աշխատավորների իրավունքների հետ: Քանի որ դա մի երկիր է, ուր իր արդար աշխատավարձը պահանջող հային (Սոչիում) տանում են ոստիկանություն, բռնաբարում են ու վրան քրեական գործ «սարքում»: Ի վերջո, Ռուսաստանը մի երկիր է, ուր ասիական երկրների միգրանտներն ապրում ու աշխատում են ստրկական պայմաններում, առանց տարրական իրավունքների:

Եթե Հայաստանի կոմունիստները ցանկանում են ինտեգրվել մի միության, ուր աշխատավորների իրավունքները առավելագույնս են հարգված, ապա ապացուցելու կարիք չկա, որ դա հենց Եվրոպական Միությունն է:

5-րդ զորասյուն

Սակայն, այստեղ ցավալին այլ է, որ Հայաստանում անցնում է բազմամարդ մի երթ, որի մասնակիցները պնդում են, որ անկախությունը մեզ հարկավոր չէ, և մենք, ինչպես լրագրողներին բառացիորեն ասել էր երթի մասնակիցների մեկը, պետք է «մտնենք Պուտինի կազմի մեջ»:

Ու թեև ոմանք 5-րդ շարասյուն են անվանում արևմտամետներին և հասարակական կազմակերպություններին, սակայն եկեք համաձայնվենք, որ Հայաստանի անկախությունը «ավելորդ» համարողներն են դասական իմաստով 5-րդ շարասյունը: Ընդ որում, անհասկանալի պատճառներով, որոշ «ազգայնականներ» այս 5-րդ զորասյան դեմ բոցաշունչ ճառեր չեն ասում:

Եվ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում առաջիկա տարիների հիմնական քաղաքական գաղափարախոսությունները կլինեն անկախությունը և Պուտինիզմը: Եվ հուսանք, որ անկախության պահպանման համար ստիպված չենք լինի կրկին զենք վերցնել:»

 

Առնչվող