Ի պատասխան ՀԾԿՀ-ի, կամ ինչու՞ պիտի հոսանքը էժան լինի

26.06.2015 | 16:46 | Տնտեսություն և Էներգետիկա, Չդասակարգված

Երեկ Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժովողը տարածեց հաղորդագրություն, որով փորձեց օբեկտիվ պատճառներով հիմնավորել այն հանգամանքը, որ Հայաստանում էլեկտրաէներգիան ամենաթանկն է ամբողջ ԱՊՀ տարածքում, իսկ ամբողջ հետխորհրդային տարածքում սակագնով զիճում է միայն Լատվիային և Լիտվայն:

Կարգավորող հանձնաժողովն անրադարձավ այն հանգամանքին, որ Ռուսաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ունեն ավելի մեծ հիդրոպոտենցիալ, քան Հայաստանը: Բացի այդ, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը ունեն բնական գազի պաշարներ, իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան սուբսիադավորում են էլեկտրաէներգիա բաշխող կազմակերպություններին, ինչն, ըստ ՀԾԿՀ-ի ևս ազդում է այն հանգամանքի վրա, որ այդ երկրներում էլեկտրաէներգիան ավելի էժան է:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը՝

  1. Հայաստանը հետխորհրդային տարածքում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը միջուկային էներգիայի տեսակարար կշռով (զիճելով միայն Ուկրաինային), իսկ այդ էներգիան դասվում է ամենաէժան էներգիաների թվին (Ատոմակայանը 1 կՎտ/ժ-ը վաճառում է ընդհամենը 8 դրամով):
  2. Հայաստանում արտադրված ջերմային էլեկտրաէներգիայի մեծ մասնը պարզապես անվճար է, քանի որ ստացվում է Իրանի հետ բարտեռի միջոցով: Մասնավորապես, Իրանից մատակարարվում է բնական գազ, որից ստացվում է շուրջ 4,6 կՎտ/ժ հոսանք: Այդ ստացված էլեկտրաէներգիայի միայն 3 կՎտ/ժ-ն է վերադարձվում Իրանին, իսկ մնացածը, շուրջ 2-3 դրամ ինքնարժեքով մտնում ներքին ցանցեր:
  3. Հայաստանի սահմանին բնական գազի գինը 190 դոլար է 1000 խորհանարդ մետրի համար: Թեև բաժանորդին հասցնելուց այդ գինը զամանալիորեն շատ ուժեղ աճում է, սակայն, հետխորհրդային երկրներից շատերը գազը գնում են ավելի թանկ և հետևապես այդ երկրներում (Մոլդովա, մերձբալթյան երկրներ) նաև շատ ավելի թանկ է ջերմակայաններով արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:
  4. Հայաստանը ստիպված չէ այլ երկրներից էլեկտրաէներգիա գնել, ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների, որտեղ, ի հեճուկս այդ հանգամանքի, էլեկտրաէներգիան ավելի էժան է:
  5. Հայաստանում բավականին մեծ է բնակչության խտությունը, ինչը համեմատաբար հեշտացնում (էժանացնում) է էլեկտրաէներգիայի բաշխման ու բնակչին հասցման գործառույթը:

 

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»


Կարդացեք նաև