Գյումրու սպանդի մյուս մեղավորները կմնան անպատի՞ժ

13.08.2015 | 17:52 | Արտաքին քաղաքականություն, Տեսանյութեր

Երեկ տեղի ունեցավ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի դատը՝ զորամասը զենքով ինքնակամ լքելու մեղադրանքով:

Դեռևս մարտ ամսին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» հրապարակել էր տեսանյութ, որում հիմնավորվում էր այն, որ Պերմյակովի կողմից հանցագործության կատարման հնարավորության պատճառ է հանդիսացել այն, որ ի հեճուկս հայ-ռուսական պայմանագրերի 102-րդ ռազմակայանի ղեկավարությունը ՀՀ ոստիկանությանը ժամանակին չէր հայտնել զինված դասալիքի մասին, ինչի արդյունքում նա ժամեր շարունակ ազատորեն զբոսնում էր Գյումրիի փողոցներում:

https://www.youtube.com/watch?t=14&v=Dvnly8ALo5k

Պերմյակովին մեղադրող դատախազի ելույթից պարզ դարձավ, որ մեր պնդումները համապատասխանում էին իրականությանը և որ զինված Պերմյակովը դասալքությունից միայն 4 ժամ հետո է մտել Ավետիսյաններին պատկանող տունը (նա զորամասը լքել է ժամը 2:00-ից 2:30-ի միջակայքում, իսկ տուժողների տուն է մտել 6:00-ից 6:30-ի միջակայքում): Սակայն, համաձայն ոստիկանությունից ստացված գրության և Վլադիմիր Գասպարյանի հայտարարության, Հայաստանի ոստիկանությունը զինված դասալքության մասին տեղեկացվել է միայն 10:05:

Ու թեև 1997 թվականին ստորագրված ՌԴ ռազմաբազայի հետ կապված գործերով իրավասության վերաբերյալ միջպետական համաձայնագրի 7-րդ հոդվածը ենթադրում է, որ նման դեպքում ՌԴ ռազմայականի հրամանատարությունը պարտավոր է ամինջապես ահազանգել Հայաստանի իրավապահներին, սակայն, դա արվել է դասալքության մասին հայտնի դառնալուց միայն 7 ժամ և 35 րոպե անց:

Սակայն, եթե 102-րդ ռազմակայանի հրամանատարությունը չխախտեր պայմանագիրը և ժամանակին ՀՀ ոստիկանությանը հաղորդեր քաղաքով համազգեստով ու ինքնաձիգով զբոսնող դասալիքի մասին, ապա մեծ դժվարություն չէր ներկայացնի Պերմյակովին գտնելն ու 7 անձանց սպանություն կանխելը:

Սա նշանակում է, որ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի բարձրաստիճան բազմաթիվ սպաներ պետք է կանգնեն Հայաստանի դատարանի առջև՝ որպես մարդիկ, ում ապօրինի անգործության պատճառով հնարավոր դարձավ ոճրագործությունը: Սակայն, թե Հայաստանի և թե Ռուսաստանի քննչական մարմինները հանցագործության միակ մեղավոր են տեսնում Վալերի Պերմյակովին:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»


Կարդացեք նաև