ԵՄ-ն ու ԱՄՆ-ն $450 միլիոն գրանտ են տվել ՀՀ կառավարությանը 2007-2014-ին

31.08.2015 | 16:26 | Հայաստանի արտերկրյա գրանտները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ուսումնասիրել գործադիր իշխանության մարմինների ստացած օտարերկրյա դրամաշնորհները:  Շարքի այս հրապարակմամբ ներկայացնում ենք կառավարության ստացած գրանտերի հանրագումարը՝ 2007-ից 2014 թվականների համար:

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը վերջին 8 տարիներին օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից ստացել է մոտ 542 միլիոն դոլար կամ ավելի կան 200 միլիարդ դրամ։ Սա երևում է պետական բյուջեի վերջին 8 տարվա հաշվետվություններից։

graf

Ինչպես երևում է, ամենաշատ դրամաշնորհներն ստացվել են 2011-ին, ինչը պայմանավորված է Եվրամիության և ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերի կողմից ֆինանսավորման կտրկուկ ավելացմամբ։ Եվրամիությունն այդ տարի աննախադեպ ծավալի՝ ավելի քան 57 միլիոն դոլարի դրամաշնորհ է տրամադրել միայն «Մակրոֆինանսական աջակցություն» և «Ընդհանուր բյուջետային աջակցություն» ծրագրերի շրջանակում։

Ընդհանուր առմամբ վերջին 8 տարիների դրամաշնորհների մեծ մասը՝ մոտ 51%-ը ստացվել է ԵՄ-ից, ԵՄ երկրներից, կամ էլ եվրոպական բանկերից ու կազմակերպություններից։ Ավելի քան 32%-ն էլ ստացվել է ԱՄՆ-ից։ Երրոդ տեղում «Լինսի» հիմնադրամն է՝ մոտ 10%-ով, իսկ չորրորդում՝ Համաշխարհային բանկը՝ 4.6%։

Գծագիր 2. ՀՀ կառավարության ստացած դրամաշնորհներն ըստ դոնորների՝ 2007-2014թթ (միջինացված)

graf2

Եվրամիության բաժինը ընդհանուր դրամաշնորհների մեջ, սակայն, կտրուկ մեծացել է վերջին մի քանի տարիներին, քանի որ նախ՝ 2011-ից Հայաստանում դադարեց գործել «Լինսի» հիմնադրամը, իսկ 2012-ից՝ «Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը»։ Ճապոնիայի կառավարությունը ևս 2012-ից սկսած դրամաշնորհներ չի տրամադրում Հայաստանին։

Աղյուսակ. ՀՀ կառավարության ստացած դրամաշնորհները՝ ըստ դոնորների, միլիոն դոլար

2007թ 2008թ 2009թ 2010թ 2011թ 2012թ 2013թ 2014թ Ընդամենը
ԵՄ ու եվրոպական կազմակերպություններ (բանկեր) 22.7 17.8 22.8 20.7 80.5 44.4 28.4 37.7 275.1
ԱՄՆ 9.1 17.2 24.8 50.8 73.3 0.3 0.6 0.5 176.6
Համաշխարհային բանկ 0.3 0.0 6.6 5.1 4.8 1.7 2.9 3.4 24.9
Ճապոնիա 2.7 1.9 2.0 0.7 0.2 0.0 0.0 0.0 7.6
ՄԱԿ 0.0 0.0 1.4 0.0 0.7 0.0 0.5 0.0 2.6
Լինսի հիմնադրամ 36.8 11.7 2.1 4.5 0.0 0.0 0.0 0.0 55.2
Ընդամենը 71.6 48.5 59.7 81.9 159.5 46.5 32.5 41.6 541.9

Արդյունքում, 2012-2014թթ. ընթացքում մեր կառավարության ստացած ավելի քան 120 միլիոն դոլար դրամաշնորհներից մոտ 110 միլիոն դոլարը (կամ մոտ 91%-ը) բաժին է ընկել Եվրամիությանը կամ եվրոպական կազմակերպություններին։

ՀՀ կառավարության ստացած դրամաշնորհներն ըստ դոնորների՝ 2012-2014թթ (միջինացված)

graf3

Այսպիսով՝ Հայաստանի կառավարության հիմնական դոնորները՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, վերջին 8 տարիներին ավելի քան 450 միլիոն դոլար են տվել, որը կազմել է այդ տարիների ընդհանուր դրամաշնորհների ավելի քան 83%-ը։ Եթե հաշվի առնենք, որ Համաշխարհային բանկի դրամաշնորհները ևս հատկացվում են հիմնականում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գումարներով, պատկերն ավելի ճշգրիտ կստացվի։

Որքան էլ որ դա զարմանալի չլինի, պետական բյուջեների հաշվերտվություններում որևէ խոսք չկա Ռուսաստանի Դաշնության կողմից հատկացված որևէ դրամաշնորհի մասին, ինչը վկայում է, որ մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից հատկացված անհատույց օգնությունը աննշան չափերի է:

Հրայր Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև