«Կիլոգրամով» սննդամթերքը վաճառվում է օրենքի խախտմամբ

Հազիվ գտնվի մեկը, ով երբեք «կիլոգրամով» սննամթերք չի գնել: Բոլորս ամեն օր խանութներից ու սուպերմարկետներից գնում ենք «կիլոգրամով» կարագ, երշիկեղեն, կոնֆետ, միս և մի շարք այլ տեսակների սննդամթերք:

Սակայն որքանո՞վ են մեր` սպառողներիս իրավունքները պաշտպանված և հարգված նման գնումներ կատարելիս:

Օրենքը

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը ամրագրում է, թե իրացվող սննդամթերքի փաթեթավորման վրա ինչ պետք է նշված լինի: Թվով 15 կետից բաղկացած ցուցակը ամրագրում է սպառողի և վերահսկողի համար օգտակար այն տեղեկությունները, որոնք պետք է նշված լինեն վաճառվող սննդամթերքի մակնշման վրա:

Մասնավորապես, իրացվող սննդամթերքի վրա պետք է նշված լինի`

1) անվանումը, զտաքաշը կամ ծավալը,

2) սննդամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը,

3) սննդամթերքի մեջ օգտագործված սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան),

4) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան) և պիտանելիության ժամկետը,

5) տեղեկատվություն դրա օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան),

6) տվյալներ արտադրողի մասին,

7) ծագման երկիրը,

8) ոգելից խմիչքների համար՝ ալկոհոլի պարունակության տոկոսը,

9) «գենետիկորեն ձևափոխված սննդամթերք» մակնշումը, եթե սննդամթերքի բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 %-ից բարձր է.

Եվ այլն…

Օրենքը հստակ ամրագրում է, որ այդ տեղեկությունները պետք է նշվեն իրացվող սննդամթերքի վրա` անկախ իրացման ձևաչափից (բացառություն են միրգն ու բանջարեղենը): Այսինքն, անգամ «կիլոգրամով» վաճառվող սննդամթերքը, համաձայն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, պետք է պարունակի նշված պահանջներին բավարարող մակնշումը:

Կարևորությունը

Երբ գնում ենք փաթեթավորված ապրանք, դրա վրա միշտ նշված է բաղադրությունը, արտադրողի մասին տեղեկությունները, պահպանման պայմանները (եթե կան), պիտանելիության ժամկետը և մի շարք այլ տեղեկություներ:

Ադ տեղեկությունները խիստ անհրաժեշտ են սպառողներիս, որպեսզի`

  • Կարողանանք համոզվել, որ գնում ենք այն, ինչ ուզում ենք (պարունակության մասով): Այսինքն, գնում ենք հենց կարագ և ոչ մարգարին, կամ հենց հավի նրբերշիկ և ոչ խոզի…
  • Տեղեկանանք, թե կա՞ն արդյոք այդ սննդամթերքի մեջ գենետիկապես մոդիֆիկացված հավելումներ, կամ մեր առողջության համար վնասակար այլ նյութեր:
  • Տեղեկանանք, թե տվյալ սննդամթերքը դեռ քանի օր կարող ենք օգտագործել և այդ ընթացքում ինչպես պիտի պահպանենք այն:
  • Իմանանք, թե սննդամթերքի անորակության դեպքում ումից պահանջենք փոխհատուցում:

Այնուամենայնիվ,  որևէ մեկի համար նորություն չէ, որ «կիլոգրամով» գնված ապրանքի փաթեթավորման վրա, լավագույն դեպքում, նշվում է դրա անվանումը, զտաքաշը և արտադրողի անվանումը:

Ոչ պիտանելիության ժամկետ, ոչ բաղադրություն, ոչ ծագման երկիր, ոչ էլ մի շարք այլ տեղեկություններ չենք գտնի «կիլոգրամով» գնված սննդամթերքի փաթեթավորման վրա:

Այսինքն, այդ կերպ գնումներ կատարելիս մենք չենք կարող իմանալ մեր` սպառողներիս համար այդքան կարևոր տեղեկությունները:

Ինչպե՞ս նշեն

Բնական է, դուք կհարցնեք, իսկ ինչպե՞ս պետք է կիլոգրամով վաճառվող սննդամթերքի վրա նշում կատարվի այդ տեղեկությունների մասին:

Այստեղ հարկ է նշել, որ լուծումները բազմաթիվ են: Սակայն եթե սովորական փոքր խանութներում դա իրականացնելը այքան էլ հեշտ չէ, ապա սուպերմարկետներում «հեշտից էլ հեշտ է»:

Մասնավորապես, երբ կիլոգրամով վերցված սննդամթերքը կշռվում է և տպվում է պիտակը, պիտակի վրա նշվում են օրենքով սահմանված բոլոր տեղեկությունները (դա կարող է անել թե կշռող-պիտակ տպող սարքը, թե աշխատակիցը` ձեռքով):

Բայց քանի դեռ համապատասխան պետական մարմինները չեն ձեռնարկում միջոցներ սպառողներիս օրինական իրավունքների և օրենքի պահանջների պաշտպանության ուղղությամբ, մենք շարունակելու ենք գնել առանց պիտանելիության ժամկետի և կարևորագույն այլ տեղեկությունների սննդամթերք` վտանգելով մեր առողջությունն ու անգամ կյանքը:

Դանիել Իոաննիսյան


Աղբյուրը

Առնչվող