Ղազախստանը «մեկ քառորդով» դուրս եկավ ԵԱՏՄ-ից

2016թ. հունվարի 11-ին ուժի մեջ մտավ արձանագրություն, որը կարգավորում է ԵԱՏՄ-ում այն ապրանքների ներմուծումն ու տեղաշարժը, որոնք ներկրվել են Ղազախստան ավելի ցածր մաքսային դրույքաչափերով, քան գործում է ԵԱՏՄ-ում: Հիշեցնենք, որ ավելի ցածր մաքսային դրույքաչափերը Ղազախստանի պարտավորությունն է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջ:

Այդ պարտավորության հետևանքով Ղազախստանում թվով 3171 ապրանքատեսակների համար ներմուծման մաքսային դրույքաչափերը ավելի ցածր են, քան ԵԱՏՄ-ում:  Մաքսային դրույքաչափերը ցածր են, օրինակ՝ որոշ մթերքների, թեթև, վերամշակվող, դեղագործական արդյունաբերության, սև մետաղների, մեքենաների, թռչող սարքերի և այլ արդյունաբերական ապրանքների համար:

Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնևը ընդգծել է, որ շատ կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ երկրները աջակցել են Ղազախստանի ձգտմանը անդամագրվել ԱՀԿ-ին և այնպիսի մոտեցում են մշակել, որը թույլ կտա Ղազախստանին ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները ԱՀԿ-ի առաջ:

ԵԱՏՄ-ն այս ամենին համաձայնվել է ընդամենը մեկ պայմանով, որ այն ապրանքները, որոնք Ղազախստանում մաքսազերծվում են այլ դրույքաչափով, քան գործում է ԵԱՏՄ-ում չեն ստանա «ԵԱՏՄ ապրանքի» կարգավիճակ, ուստի չեն կարող ներկրվել ԵԱՏՄ մյուս երկրներ:

Այսպիսով, Ղազախստանը փաստացի մեկ քառորդով դուրս է եկել ԵԱՏՄ-ից, քանի որ գոյություն ունեցող շուրջ 11 հազար ապրանքատեսակներից մոտ 3200-ի մասով (մոտ 29 տոկոսը) իր տարածքում կարող է կիրառել ԵԱՏՄ-ից տարբեր մաքսային դրույքաչափեր և հետևել, որ այդ ապրանքները դուրս չգան ԵԱՏՄ-ը այլ երկրների տարածքներ: Այլ կերպ ասած, այդ ապրանքատեսակների մասով Ղազախստանը ԵԱՏՄ-ից դուրս է եկել:

Ղազախստանի այս քայլը ընդգծում է, որ այդ երկիրը ցանկանում է մասսամբ մեկուսացնել իր տնտեսությունը ԵԱՏՄ-ից և առավելագույնս բացվել աշխարհի համար:

Հայաստանի վիճակի ընդգծումը

ԵԱՏՄ-ում Ղազախստանի այսպիսի ձեռք բերման ֆոնին բավականին թույլ են երևում Հայաստանի՝ այդ կառույցին անդամակցելու բանակցությունների արդյունքները: Հիշեցնենք, որ այդ բանակցությունների արդյունքում ընդամենը տարբեր ժամկետներով հետաձգվել են շուրջ 770 ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացումը: Այսինքն, ապրանքատեսակների ընդամենը 7 տոկոսը՝ այն էլ, ինչպես նշեցինք, միմիայն ժամանակավոր (1-ից 10 տարի ժամկետով՝ կախված ապրանքատեսակից):

Սակայն էլ ավելի տխուր է Հայաստանի՝ ԱՀԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցության համատեղելիության հետ կապված հարցի ընթացքը: Հայաստանը 2003թ.-ից անդամակցում է ԱՀԿ-ին, սակայն 2015-ին ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում խախտվել են ԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները, որոնց փոփոխման վերաբերյալ բանակցություններին ՀՀ-ի ներկայացուցիչների հետ մեկտեղ մասնակցելու են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներկայացուցիչները: Այսինքն, ՀՀ իշխանությունները չեն ցանկանում կամ ի զորու չեն ինքնուրույն բանակցություններ վարել ԱՀԿ-ի հետ Հայաստանի պարտավորությաւնների մասով:

Սակայն փոխարենը Ղազախական կողմը կարողացել է այնպիսի հարաբերություններ կառուցել ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ, որ ոչ միայն կարողացել է լինելով ԵԱՏՄ կազմում անդամագրվել ԱՀԿ-ին, այլ նաև ԵԱՏՄ-ին փաստացի պարտադրել ԱՀԿ-ի հետ իր ձեռք բերած պայմանավորվածությունները ու արտոնություններ ձեռք բերել մաքսային դրույքաչափեր սահմանելու հարցում:

Այս ֆոնին պարզ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ Հայաստանի բանակցությունները ոչ միայն չեն կարող հաջողված որակվել, այլ, դրանք, ըստ էության, ունեցել են խիստ բացասական հետևանքներ Հայստանի տնտեսության համար՝ ինչից կարելի էր մասսամբ խուսափել, եթե բանակցությունները լինեին առավել արդյունավետ:

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող