Երևանի ցույցերը և Ռուսաստանյան սուտը

Ռուսական լրատվամիջոցների լրագրողական էթիկայի թերությունների առկայությունը նորություն չէ որևէ մեկի համար: Սակայն, վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը ռուսական մի շարք լրատվամիջոցների կողմից պարզապես ծիծաղելի և անլուրջ է թվում: Ստորև բերում ենք մի քանի կետ, որոնք առանձնահատուկ ուշադրություն են գրավում.

  1. Մայդանի հետ համեմատություններ: Երևի թե Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ամենատարօրինակ մեկնաբանությունը ուկրաինական «մայդանի» հետ դրանք համեմատելն է: Այսպես, օրինակ, ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքը ամսի 23-ի երեկոյան լուրերի ժամանակ էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ հայկական ցույցերը համեմատել էր ուկրաինական և վրացական շարժումների հետ: «Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հիշեցնում են Ուկրաինայի հեղաշրջման առաջին փուլը», – նշել է Իգոր Մորոզովը: Այդպիսի տրամաբանությամբ կարելի է ցանկացած ցույց, աշխարհի ցանկացած վայրում անվանել «Մայդան»: Ցուցարարները Ուկրաինայում և Հայաստանում բացարձակ տարբեր պահանջներ ունեն: Որպես փաստարկ նմանօրինակ համեմատությունների համար բերվում են սոցիալական ցանցերով մարդկանց տեղեկացնելն ու հակառուսական կոչերը: Իրականում սոցիալական ցանցերով տեղեկացնելը բողոքի ակցիաների մասին անցած 5-7 տարիներին տարածված է աշխարհի բոլոր անկյուններում՝ սկսած Արաբական գարնան մասը կազմող ցույցերից մինչև գերմանական արհմիությունների խաղաղ երթերը: Նմանօրինակ տեսակետները ոչ մի փաստարկված քննադատության բացարձակապես չեն դիմանում:
  2. Ցուցարարները բռնի ուժ են կիրառել ոստիկանության դեմ: Նույն «Ռոսիա 1» հեռուստաալիքի վերոհիշյալ հաղորդման համաձայն ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել ցուցարարների նկատմամբ այն բանից հետո, երբ վերջիններս հարձակվել էին ոստիկանների վրա, իսկ առավել ակտիվ հարձակվողները բերման էին ենթարկվել: Ջրցան մեքենաների կիրառման պահը ներկայացնող բոլոր տեսագրությունները հստակ ցույց են տալիս, որ ցուցարարներից ոչ ոք ոստիկանների դեմ ուժ չի կիրառել, հետևաբար այս կետի վերաբերյալ խոսելն անգամ ավելորդ է: Տեսանյութերը տեսնող մարդը պիտի առնվազն կույր լինի նմանօրինակ մեկնաբանությունների համար:
  3. Ցուցարարները զինված են եղել: Նմանօրինակ պնդումներով հանդես էր եկել նույն «Ռոսիա 1»-ը՝ կիրառելով «ռադիկալ», «հարձակում ոստիկանների վրա», «11 վիրավոր ոստիկան», «ակտիվիստները զինված էին դանակներով, կաստետներով և երկաթյա մահակներով» և այլ տերմիններ: Զինված ցուցարարներին ոստիկանությունը մի քանի ժամ անց հեշտ ու հանգիստ բաց չէր թողնի, իսկ քրեական գործերի թիվը անհամեմատ ավելի շատ կլիներ: Իրականում տուժողների թվում բացառապես ցուցարարներ են, որոնցից 5-ը դեռևս վերակենդանացման բաժանմունքում են:

 

  1. Բողոքի ցույցերը հրահրվում են ԱՄՆ-ի կողմից: Նմանօրինակ պնդումները բացարձակ ծիծաղելի են: Ի վերջո ռուսական ընկերությունն է որոշում կայացրել էլեկտրոէներգիան թանկացնելու՝ իր իսկ սխալ կառավարման հետևանքով: Լրատվամիջոցը այսպիսի «սենսացիոն» հայտարարություններ անելուց առաջ պետք է գոնե կոնկրետ ապացույցներ բերի՝ հղումներով, փաստերով, այլ ոչ թե անիմաստ հայտարարություններ առ այն, որ Չեխիայում ինչ-որ գյուղում կա ցուցարարներ թողարկող ֆաբրիկա, որտեղ հայկական «Մայդան» են պատրաստում ամերիկյան փողերով: «Ռոսիա 24» հեռուստատեսությունը իր հերթին հունիսի 23-ին լուրերի հաղորդման ժամանակ, ցույց տալով կադրեր ջրցան մեքենաների գործի դրվելու պահի վերաբերյալ, նշել է, որ ցուցարարների իրար մոտ նստած լինելն ու հեռախոսներով ոստիկաններին նկարահանելը ամերիկյան դասընթացների արդյունք է: Բնականաբար գիշերվա 5-ին չքնած և հետևաբար մրսող մարդիկ, ջրի ուժեղ շիթերի տակ միմյանց մոտ էի նստել միայն ամերիկյան դասընթացի, այլ ոչ թե բոլորիս մեջ գոյություն ունեցող ինքնապաշտպանական բնազդի արդյունքում:
  2. Ցույցերը հակառուսական են: Նմանօրինակ պնդումներ անող ռուսական լրատվամիջոցները կարծես հատուկ են ուզում տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանել բացառապես Հայաստան-Ռուսաստան -Արևմուտք քաղաքական հարաբերությունների ու շահերի տեսանկյունից: Փաստորեն մի կոռուպցիոն ռուսական ընկերության երեսը լվանալու համար ռուսական լրատվամիջոցները պատրաստ են իրավիճակը ներկայացնել որպես ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող դավադրություն Ռուսաստանի դեմ: Իհարկե, զարմանալ այս կապակցությամբ պետք չէ, որովհետև հունվար ամսին Պերմյակովի ձեռքերը լվանալու համար նույն ռուսական հեռուստաալիքները պատրաստ էին ցանկացած կեղծ ինֆորմացիա տարածել: Մնում է հույս ունենալ, որ ռուսական լրատվամիջոցների պրոֆեսիոնալությունը ժամանակի հետ գոնե մի փոքր կբարձրանա և նրանք կսկսեն հարգել լրագրողական էթիկան և ճշմարտությունը:

 

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող