«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Մենք մտադիր ենք նվազեցնել ապատեղեկատվությունը և դրա ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա։

Տեսլական

Մեր կազմակերպությունը պատրաստվում է դառնալ լավագույն կենտրոններից մեկը, որը կխրախուսի օբյեկտիվ տեղեկատվության վրա հիմնված հանրային կարծիքի ձևավորումը և որոշումների ընդունումը։

Առաքելություն

Մեր առաքելությունն է բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը պետական և հանրային նշանակություն ունեցող ոլորտներում, ինչը մեր համոզմամբ ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնական և անբաժանելի բաղադրիչն է:

Մենք միջոցներ ենք ձեռնարկում Հայաստանում լրագրողական դաշտի ունակությունների բարձրացման համար: Ավելին, մենք ինքներս ենք իրականացնում լրատվական գործունեություն՝ Sut.am ապատեղեկատվության դեմ պայքարող (ֆակտ-չեքինգ) և ArmRusInfo ռուսալեզու լրատվական կայքերի միջոցով:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակումները հիմնականում վերաբերում են արտաքին քաղաքականությանն ու դրան առնչվող հարցերին, ժողովրդավարական արժեքներին ու հաստատություններին, տնտեսությանը, ընտրություններին, ինչպես նաև որոշ ոլորտներում քաղաքացիների իրավունքներին: Մեր վերլուծությունները վերահրապարակվում են այլ լրատվամիջոցների կողմից: 2016 թվականին մամուլում մեր մասին եղել է 2 հազարից ավել հիշատակում, իսկ մեր պատրաստած անիմացիոն տեսանյութերը Youtube-ում, Facebook-ում և այլ սոցիալական ցանցերում ունեն մի քանի միլիոն դիտում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում ընտրությունների որակի բարձրացման համար՝ թե´քվեարկության օրը դիտորդություն իրականացնելով և թե´ դրան նախորդող գործընթացների վրա ազդեցության միջոցով:

Բոլոր տեսակի նյութերը նախապատրաստելիս մենք առաջնորդվում ենք ժողովրդավարական արժեքների առաջմղման նպատակով: Որևէ պարագայում մենք չենք արդարացնում ագրեսիվ պատերազմները, մարդու իրավունքների ոտնահարումները, ինչպես նաև մարդկության կամ բնության դեմ հանցագործությունները:

Մենք չենք ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր:

Կառավարումը

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ունի շահերի բախումը և կոռուպցիոն այլ ռիսկերը  բացառող գրավոր քաղաքականություն: Կազմակերպության ղեկավար մարմիններն են գործադիր տնօրենը, ծրագրերի համակարգողն ու 5 անդամներից բաղկացած խորհուրդը:

Իշխանության տարանջատման նպատակով կազմակերպության խորհրդի կազմում են ընտրվում կազմակերպության գործադիր տնօրենի և ծրագրերի համակարգողի հետ փոխկապակցվածություն չունեցող և կազմակերպության աշխատակից չհանդիսացող հանրությանը հայտնի անձինք: