Բենզինային թալան Հայաստանում

2013 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվեցին, որ Հայաստանը բենզին է գնելու միայն Ռուսաստանի պետական կորպորացիա հանդիսացող «Ռոսնեֆտից»: Այդ մենաշնորհման արդյունքում 2014 թվականի սկզբին բենզինը էժանացավ 10 դրամով: Սակայն այս ընթացքում նաֆթի միջազգային գինը քառակի անկում ապրեց՝ իր հետևից էժանացնելով բենզինն ու դիզելային վառելիքը… Ամենուր, բացի Հայաստանից:

Այդպես, օրինակ Ռուսաստանում «ռեգուլար» տեսակի բենզինն արժե 31 ռուբլի, ինչը 185 դրամ է, իսկ նաֆթային ռեսուրսներ չունեցող Վրաստանում՝ 1,48 լարի, ինչը մոտ 290 դրամ է: Անգամ Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինայում բենզինի գինը սկսում է 17 հրիվնայից, ինչը 330 դրամ է կազմում: Հայաստանում այն կազմում է 390 դրամ, ինչը 2 անգամ թանկ է Ռուսաստանում և 1,5 անգամ թանկ է Վրաստանում բենզինի գնից:

Բանն այն է, որ նախկինում, երբ Հայաստան բենզինը մտնում էր Բուլղարիայից և Ռումինիայից, մեր երկրում բենզինի գինը մոտավորապես նույնն էր, ինչ հարևան Վրաստանում: Սակայն, այժմ, երբ մենք բենզինի ներմուծման մենաշնորհը տվել ենք ռուսական Ռոսնեֆտին, Հայաստանում բենզինը 50 տոկոսով թանկ է Վրաստանից… Եվ անգամ կրկնակի թանկ է Ռուսաստանից, որտեղից և այդ բենզինը գալիս է:

Ընդ որում, այդ նույն ռուսական բենզինը Վրաստանի շուկայում վաճառվում է այնպիսի գնով, որ կարողանա մրցակցել բուլղարական, ռումինական ու ադրբեջանական բենզինների հետ, իսկ Հայասանում, մնալով մրցակցությունից դուրս, վաճառվում է ավելի թանկ:  Եվ դա այն պարագայում, որ Վրաստան ներմուծվելիս ռուսական բենզինը մաքսազերծվում է, իսկ Հայաստան, որպես Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկիր, ներմուծվում է առանց մաքսատուրքի վճարման:

Հայաստանի դաշնակիցը համարվող Ռուսաստանի կառավարությանը պատկանող «Ռոսնեֆտի» այսպիսի քաղաքականությունը պայմանավորված է միմիայն այն մենաշնորհով, որը տրվել է այդ կազմակերպությանն ու ռուսական բենզինին և որի արդյունքում Հայստանում բենզինի ու դիզելային վառելիքի գինը կորցրել է միջազգային էժանացող գնի հետ կապը:

Սակայն, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ամսական սպառվում է 10,5 միլիոն լիտր բենզին ու 4,8 միլիոն լիտր դիզելային վառելիք, ապա կստացվի, որ յուրաքանչուր ամիսիռուսական «Ռոսնեֆտը» հայաստանցիների հաշվին ստանում է մոտ 1,5 միլիարդ դրամի գերշահույթ:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող