ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումները որպես ժողովրդավարական գործիք

05.10.2017 | 15:18 | Eurasian Economic Union, Eurasian Economic Union

Sorry, this entry is only available in Armenian and Russian. For the sake of viewer convenience, the content is shown below in this site default language. You may click one of the links to switch the site language to another available language.

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում քննարկվում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԵԼՔ խմբակցության ներկայացրած նախագիծը։ Քննարկումների ընթացքում Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը ԵԼՔ-ի նախագծի քննարկումը որակել էր որպես «քննարկում՝ ընդամենը քննարկումներ իրականացնելու նպատակով․ ուրիշ ոչինչ, արհեստական քննարկումներ…»։ Ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանում քննարկումները որևէ թեմայով արգելված են, եթե դրանք չեն տանելու դեպի կոնկրետ նպատակի, մինչդեռ քննարկումներն ու բանավեճերը ցանկացած ժողովդրդավար համակարգի հիմքում են ընկած։

Քննարկումը որպես տեղեկատվության միջոց

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ մտնելիս կար հանրային քննարկումների հստակ պակաս և հանրության մեծամասնությունը տեղյակ չէր, թե ինչ է իրենից ներկայացնում ԵԱՏՄ-ը, իսկ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը տևական ժամանակ գաղտնի էր պահվում հանրությունից։

ԵԱՏՄ-ից դուրս գալու քննարկումները կարևոր են նախ և առաջ ժողովրդավարական բազմակարծության տեսանկյունից։ Հայաստանում, որտեղ գյուղական շրջանների բնակչության մեծամասնության հիմնական աղբյուրը դեռևս հեռուստատեսությունն է, իսկ հայկական հեռուստատեսությունների մեծ մասը, և հատկապես Հանրային հեռուստաընկերությունը, որևէ կերպ չեն լուսաբանում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության վնասները, սակայն ակտիվ պրոեվրասիական քարոզչություն են վարում, նմանօրինակ քննարկումը Ազգային ժողովում պարզապես քննարկում չէ, այլ հնարավորություն բարձրաձայնել առկա խնդիրների մասին և բնակչության որոշ հատվածի մոտ հետաքրքրություն առաջացնել խնդրի վերաբերյալ։

Ավելին՝ քննարկումները ԵԱՏՄ անդամակցության բացասական կողմերի վերաբերյալ կարևոր են, որովհետև դրանք նպաստում են Հայաստանում հարցի վերաբերյալ քննադատական մտածելակերպին։ Ցանկացած ժողովրդավար պետություն պետք է ունենա երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքի վերաբերյալ քննադատական մտածելակերպ։

Արտաքին քաղաքականության համար խթան

Ներքին քաղաքական քննարկումները Եվրասիական տնտեսական միությանը դեմ նաև ստեղծում են ներքևից վերև ուղղված ազդակներ՝ արտաքին քաղաքականությունը բազմակողմանի դարձնելու համար։ Թեև այս ազդակներն այս պահին այնքան ուժեղ չեն, որպեսզի կարողանան իրավիճակը կտրուկ փոխել, սակայն դրանք այնուամենայնիվ որոշակի ազդեցություն կրում են։

Բացի այդ, այս քննարկումը ուժեղացնում է Հայաստանի դիրքերը ԵԱՏՄ-ի վերաբերյալ Մոսկվայի հետ բանակցություններում։ Այն հստակ ցույց է տալիս Ռուսաստանին, որ Հայաստանում կա որոշակի խավ, ում դուր չի գալիս ԵԱՏՄ-ի պատճառով ՀՀ կրած վնասները։ Այս խավի գոյությունը կարող էր հնարավորություն տալ Երևանին առնվազն որոշ հարցերում զիջումներ ստանալ կամ գոնե նվազեցնել Հայաստանին ներկայացվող Ռուսաստանի պահանջները։

Հետևաբար, անկախ ԵԼՔ-ի նախաձեռնության անհաջող ավարտից, որակել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քննարկումները որպես պարզապես քննարկումներ՝ այնքան էլ ճիշտ չէ։ Դժվար է պատկերացնել, որ Ազգային ժողովում, որտեղ Եվրասիական ուղին ընտրած Հանրապետական կուսակցությունը ձայների մեծամասնություն է կազմում, կարող էր ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծն ընդունվել, սակայն այս նախագծի վերաբերյալ քննարկումները պարզապես ինքնանպատակ քննարկումներ չեն։ Դրանք թույլ են տալիս շրջանցել ԵԱՏՄ բացասական կողմերը քննարկելն արգելած լրատվամիջոցների կողմից ստեղծված ինֆորմացիոն բլոկադան ու հարցը քննարկման դնել նաև հարցին անտեղյակ բնակչության շերտերում։

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


See also