Ի՞նչ արդյունք է ունեցել Սերժ Սարգսյանի միջնորդությունը Լևոն Հայրապետյանի գործով

06.11.2017 | 13:55 | Foreign Policy

Sorry, this entry is only available in Armenian and Russian. For the sake of viewer convenience, the content is shown below in this site default language. You may click one of the links to switch the site language to another available language.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014 թվականի օգոստոսի 10-ին Սոչիում եռակողմ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ: Եռակողմ հանդիպումից բացի տեղի էին ունեցել նաև Սարգսյան-Պուտին երկկողմ բանակցությունները:

Սոչիում տեղի ունեցած հանդիպումներից անմիջապես հետո՝ հաջորդ օրը, Սարգսյանը հարցազրույց էր տվել «Արմնյուզ» հեռուստաալիքի «Բանաձև» ծրագրին և որոշ մանրամասներ ներկայացրել Պուտինի հետ բանակցություններից, մասնավորապես, կապված Լևոն Հայրապետյանի հարցի հետ:

2014 թվականի հուլիսին Մոսկվայում ձերբակալել էին ազդեցիկ հայ հասարակական գործիչ, գործարար Լևոն Հայրապետյանին, և Սերժ Սարգսյանը իր իսկ խոսքով Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել էր գործարարի և բարերարի ճակատագրի հարցը:

«Ռուսաստանի նախագահը խոստացավ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ», – մասնավորապես, ասել էր Սերժ Սարգսյանն «Արմնյուզի» եթերում:

Լևոն Հայրապետյանի նկատմամբ հետապնդումները, սակայն, ինչպես հայտնի է, այդպես էլ չդադարեցին․ 2016 թվականի ապրիլի 15-ին նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Չնայած պաշտպանվող կողմի բոլոր միջնորդություններին՝ կապված Հայրապետյանի լրջագույն առողջական խնդիրների հետ, գործարարին այդպես էլ ազատ չարձակեցին, ավելին՝ տեղափոխեցին ՌԴ ամենախիստ բանտերից մեկը, որտեղ էլ Հայրապետյանը 2017 թվականի հոկտեմբերի 18-ին մահացավ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձեց ճշտել ՀՀ նախագահի աշխատակազմից, թե ինչ արդյունք է տվել Սերժ Սարգսյանի կողմից Պուտինի հետ հանդիպմանն այդ հարցը բարձրացնելը, և արդյո՞ք ռուսական կողմից դրան արձագանք հետևել է: ՀՀ նախագահի աշխատակազմից, սակայն, փաստացի հայտնեցին, որ չեն կարող նման տեղեկատվություն տրամադրել:

«Միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն՝ բարձր մակարդակի շփումների ժամանակ քննարկված հարցերի, ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է միայն փոխադարձ համաձայնությամբ և ըստ անհրաժեշտության», – մասնավորապես, ասվում է նախագահի աշխատակազմից  ստացված պատասխան գրությունում:

Այսպիսով, մի կողմից ստացվում է, որ անհայտ է, թե արդյո՞ք Պուտինը որևէ կերպ արձագանքել է Սերժ Սարգսյանի խնդրանքին: Մյուս կողմից, դա հիմա գործնականում որևէ նշանակություն չունի, քանի որ Լևոն Հայրապետյանը մահացել է, ու փաստորեն նրան օգնելու բոլոր կատարված կամ չկատարված փորձերը ձախողվել են:

Այս պատմությունից, սակայն, մեկ այլ հետևություն է բխում՝ ստացվում է, որ դաշնակից երկրի ղեկավարը դիմել է դաշնակից երկրի ղեկավարին իր ժողովրդի համար կարևոր հանդիսացող մի հարցով և լավագույն դեպքում՝ անտեսվել, իսկ վատագույն դեպքում՝ մերժվել:

Նկատենք, որ Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործերը կապված են եղել ֆինանսական մեքենայությունների հետ, նրան մեղադրանք չի առաջադրվել ծանր հանցագործությունների, օրինակ՝ սպանության համար: Մի կողմ թողնելով այն, որ առաջադրված մեղադրանքները վիճելի և կասկածելի են եղել, հաշվի չառնելով ծանր հիվանդությունները Հայրապետյանին, , դատել են օրենքի ողջ խստությամբ, իսկական քրեական հանցագործի պես :

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միություն»


See also