Հակիրճ հայ-բուլղարական հարաբերությունների մասին

12.02.2018 | 17:25 | Foreign Policy

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Փետրվարի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը:

Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, և այդ ընթացքում Հայաստանի նախագահները չորս անգամ այցելել են Բուլղարիա:

Առաջին անգամ` 1995 թվականին, Բուլղարիա է այցելել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 2003 և 2004 թվականներին Բուլղարիա է այցելել Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը Բուլղարիա է այցելել իր նախագահության առաջին տարում՝ 2008-ին:

Բուլղարիայի նախագահները, իրենց հերթին, մինչ այս Հայաստան են ժամանել ընդամենը երկու անգամ: 1999 թվականին Բուլղարիայի նախագահ Պետար Ստոյանովն է այցելել Հայաստան, 2004-ին՝ Գեորգի Պրվանովը:

Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ է 2004 թվականից, Եվրամիությանն անդամակցել է 2007-ին: Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել են շուրջ 60 տարբեր բնույթի փաստաթղթեր՝ համաձայնագրեր, փոխըմբռման հուշագրեր, հռչակագրեր և այլն:

Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի տվյալների, 2011-2014 թթ. ընկած ժամանակահատվածում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անընդհատ նվազել է: Այսպես, 2011 թվականին Հայաստանից Բուլղարիա է արտահանվել շուրջ 152 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ ներմուծվել՝ 102 միլիոնի: 2012-ին արտահանվել է շուրջ 130 միլիոն դոլարի ապրանք, ներմուծվել՝ 86 միլիոնի: 2014թ. արդեն այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 85 եւ 25 միլիոն:

Հայաստանը Բուլղարիայից ներմուծում է հիմնականում հանքահումքային քիմիա, պատրաստի սննդամթերք, կաուչուկ, ռետինե իրեր և այլն: Բուլղարիա է արտահանում հանքահումքային արտադրանք, ոչ թանկարժեք մետաղներ և այլն:

Բուլղարիայում, ըստ 2010 թվականի տվյալների, բնակվում է շուրջ 80 հազար հայ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գործում է «Երևան» թերթը, ևս երկու հայկական պարբերականներ լույս են տեսնում Բուրգաս ևՊլովդիվ քաղաքներում:

Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ էին հայտնվել Բուլղարիայում հայ գործարարների ունեցած բիզնեսի մասին: Մասնավորապես, ըստ «Հետքի» հետաքննության, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին և նրա մերձավորներին է պատկանում Բուլղարիայում հայտնի «Գոռնա Բանյա» շշալցնող գործարանը: Ծառուկյանների հետ առնչություն ունեն նաեւ Բուլղարիայի առողջապահական ոլորտում գործող «Լիբամեդ» ընկերությունը եւ ալկոհոլային խմիչքների մատակարարող «Լուդինգ» ընկերությունը:

Բուլղարիայի հետ կապված ակտիվ քննարկումներ Հայաստանում ծավալվում էին նաև անցած տարվա ամռանը, երբ հայտնի դարձավ, որ բուլղարացի հաքերներն ու մամուլը բացահայտել են ադրբեջանական դիվանագիտական չվերթներով Սիրիայում, Աֆղանստանում, Իրաքում և Կոնգոյում ահաբեկիչներին զենքեր մատակարարելու դեպքեր:

Բուլղարիան Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում է: 2015 թվականին, երբ նշվում էր Հայող Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Բուղարիան դատապարտեց այդ ոճիրը «զանգվածային սպանություններ» ձևակերպմամբ:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


See also