Բյուջետային մուտքերն աճում են

06.07.2018 | 15:46 | Economy and Energy

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պաշտոնավարման 2 ամսվա ընթացքում հասցրել է բյուջետային մուտքերի բարձր աճ գրանցել։ Ընդ որում, աճը գրանցվել է ոչ այնքան հարկերի հավաքագրման, որքան ձեռնարկված հակակոռուպցիոն գործողությունների հաշվին։ Այժմ դիտարկենք մայիսի 8-ից մինչ օրս բացահայտված չարաշահումներն ու յուրացումները և գնահատենք դրանց ազդեցությունը պետական բյուջեի վրա։

58 բացահայտում 2 ամսում, գինը՝ 21 մլրդ դրամ

2018 թվականի մայիսից մինչ օրս ուժային, քննչական և հարկային մարմինների կողմից բացահայտվել է ընդհանուր առմամբ 58 չարաշահման դեպք, ավելի քան 21 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։ Այս ցուցակում են այնպիսի աղմկահարույց գործեր, ինչպիսիք են Երևան սիթի առևտրային ցանցը (7,2 մլրդ), «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերության չարաշահումները (3,3 մլրդ), գյուղատնտեսության ոլորտում չարաշահումները (1,4 մլրդ), «Սպայկա» ընկերությունը (2 մլրդ) և այլն։ Այս ցանկում, սակայն, ներառված չեն այն բացահայտումները, որոնց հետ կապված պետությանը հասցված վնասի չափը դեռ հայտնի չէ (Մանվել Գրիգորյան, Վաչագան Ղազարյան, «Երևան» հիմնադրամ և այլն)։

Նկատենք, որ վերոնշյալ 21 մլրդ դրամի մոտ 25 տոկոսը՝ 5 մլրդ դրամը, հունիսի 26-ի դրությամբ արդեն իսկ վերադարձվել է պետական գանձապետարան։

Հարկերի հավաքագրման աճ 1 ամսում, գինը՝ 2 մլրդ դրամ

2018 թվականի մայիս ամսվա ընթացքում փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը. պլանավորված 109 մլրդ դրամի փոխարեն՝ մայիսին միասնական գանձապետական հաշվին մուտք է եղել 111 մլրդ դրամ։ Այսինքն, ի հեճուկս փորձագետների այն կանխատեսմանը, թե «անցումային ժամանակահատվածում դիտվելու է հարկային մուտքերի նվազում», այսօր կարող ենք փաստել, որ արձանագրվել է 2 մլրդ դրամի աճ։

Եվրամիության հայտարարությունը

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։

«Մենք տեսնում ենք առարկայական ապացույցներ, որ նոր կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիան արմատախիլ անելու հարցում», – ասել է դեսպանը՝ հավելելով, որ Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին այդ հարցում։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը դեռևս 5 տարի առաջ Հայաստանին 15 մլն եվրոի դրամական աջակցություն էր հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ստեղծել և ղեկավարում էր կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, որևէ շոշափելի արդյունք այդպես էլ չգրանցեց։

Ռաֆայել Աֆրիկյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


See also