Քարոզարշավի ընթացքում ամենաշատը լուսաբանվել են ԲՀԿ-ն և «Իմ քայլը». ամփոփիչ զեկույց

02.10.2018 | 17:22 | Elections

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Անկախ դիտորդ» դաշինքը սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակում իրականացրել է քարոզարշավի լուսաբանման մոնիթորինգ վերգետնյա հեռուստաալիքներում և առցանց հարթակում:

Հետազոտության ընթացքում սեպտեմբերի 10-23-ն ընկած ժամանակահատվածում մոնիթորինգի է ենթարկվել հայկական 5 հեռուստաալիք՝ Հանրային («Առաջին ալիք») «Արարատ», «Արմենիա TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», և 5 առցանց լրատվամիջոց՝ «Առավոտ», tert.am, news.am, 1in.am, «Հայկական ժամանակ»:

Հեռուստաալիքների դեպքում մոնիթորինգն իրականացվել է ժամը 18:00-24:00 ընկած ժամանակահատվածում (փրայմ-թայմ), իսկ առցանց մամուլում վերլուծության է ենթարկվել ամբողջ օրվա տեքստային կոնտենտը: Առանձին ուսումնասիրության են ենթարկվել նաև լռության օրը և բուն քվեարկության օրը (սեպտեմբերի 22-23):

Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ Հանրային հեռուստաալիքը սահմանված կարգով և հավասար պայմաններով անվճար եթերաժամանակ է տրամադրել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, որից առավելագույն կերպով օգտվել են «Իմ քայլը» և «Լույս» դաշինքները, ամենաքիչը՝ Ռեֆորմիստների կուսակցությունը:

Մնացած հեռուստաալիքները սահմանել են վճարովի եթերաժամանակի գնացուցակը, ընդ որում՝ այդ եթերաժամանակից առավել շատ օգտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակացությունը: Վճարովի եթերաժամանակի վրա ընդհանրապես գումար չեն ծախսել «Հայք. Հայկազուններ», «Ժողովրդական ուղի» կուսակցությունները, «Երևանցիներ» և «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքները:

Հեռուստաալիքներն իրենց փրայմ-թայմի եթերում ցուցադրել են նաև ընտրողների իրազեկվածության բարձրացմանն ուղղված տեսանյութեր, որոնցում ներկայացվել է քվեարկությանը մասնակցելու կարգը, ընտրողների իրավունքներն ու պարտականությունները: Ընդ որում՝ այս տեսանյութերին առավել շատ եթերաժամանակ տրամադրել է «Առաջին ալիքը», ավելի քիչ՝ «Արմենիա» հեռուստաալիքը:

Ընդհանուր առմամբ, մոնիթորինգի ենթարկված 5 հեռուստաալիքներում բուն քարոզարշավի շրջանակում (բացառելով ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը) ամենաշատ հիշատակված ուժերն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Իմ քայլը» դաշինքը և Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), իսկ ամենաքիչը լուսաբանվել է «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը (ԵՀԿԴ): Ընդ որում՝ բոլոր քաղաքական ուժերից դրական տոնայնութամբ ամենաշատը լուսաբանվել է ԲՀԿ-ն, բացասական տոնայնությամբ՝ «Իմ քայլը»:

Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածուներին, ապա նշված հեռուստաալիքներն ընդհանուր առմամբ առավել շատ երթերաժամանակ տրամադրել են ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանին (առավելապես դրական տոնայնությամբ), ամենաքիչը՝ ԵՀԿԴ թեկնածու Անահիտ Թարխանյանին: Ուշագրավ է, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը այս աղյուսակում վերջից երրորդ տեղում է, ընդ որում, նա լուսաբանվել է գերազանցապես բացասական տոնայնությամբ:

Ի տարբերություն հեռուստաալիքների՝ մոնիթորինգի ենթարկված 5 առցանց լրատվամիջոցներում բուն քարոզարշավի շրջանակում ամենաշատ լուսաբանված ուժը «Իմ քայլը» դաշինքն է, որին բաժին է ընկնում ընդհանուրի 35%-ը, նրան հաջորդում են ԲՀԿ-ն (20%) և «Լույս» դաշինքը (19%): Ընդ որում, «Իմ քայլի» հիշատակումներն առավելապես չեզոք են, ԲՀԿ-ն հիշատակվել է հավասարապես դրական և չեզոք տոնայնությամբ և միայն 8%-ով՝ բացասական, իսկ «Լույս» դաշինքը՝ առավելապես դրական և միայն 2%-ով՝ բացասական:

Ընդհանուր առմամբ, բոլոր քաղաքական ուժերից ամենաշատը և՛ դրական, և՛ բացասական տոնյանությամբ հիշտակվել է «Իմ քայլը» դաշինքը:

Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածուներին, առցանց լրատվամիջոցներում բուն քարոզարշավի շրջանակում ամենաշատը հիշատակվել են Հայկ Մարությանը և Նաիրա Զոհրաբյանը (հավասարապես յուրաքանչյուրը 22%), նրանց հաջորդում է Արտակ Զեյնալյանը, հետո՝ Զարուհի Փոստանջյանը: Ընդ որում՝ Հայկ Մարությանը հիշատակվել է առավելապես չեզոք, մյուս երկուսը՝ առավելապես դրական տոնայնությամբ: Ամենաքիչ լուսաբանված քաղաքապետի թեկնածուն «Հայք. Հայկազուններ» կուսակցության առաջին համար Գևորգ Հովսեփյանն է:

Ուշագրավ է, որ բուն քարոզարշավի շրջանակում առցանց լրատվամիջոցներում «Իմ քայլը» դաշինքից առավել շատ լուսաբանվել է ոչ թե դրա առաջին համար Հայկ Մարությանը, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ հեռուստաալիքների եթերում Հայկ Մարությանին ավելի շատ եթերաժամանակ է հատկացվել բուն քարոզարշավի ընթացքում, քան Նիկոլ Փաշինյանին:

Հաշվի առնելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը, մոնիթորինգի ընթացքում դիտարկվել է նաև նրան տրամադրված եթերաժամանակը և ծավալը: Ըստ այդմ, հեռուստաալիքներում նա առավելապես լուսաբանվել է չեզոք տոնայնությամբ, իսկ դրական տոնայնությամբ Ռոբերտ Քոչարյանի անունն առավելապես հնչել է «Արարատ» հեռուստաալիքի, իսկ բացասական տոնայնությամբ՝ «Առաջին ալիքի» եթերում:

Ի տարբերություն հեռուստաալիքների, առցանց լրատվամիջոցներում Ռոբերտ Քոչարյանին հատկացված ծավալի գրեթե կեսը՝ 48%-ը, եղել է բացասական տոնայնությամբ: Մասնավորապես, 1in.am-ը, «Հայկական ժամանակը» և «Առավոտը» նախկին նախագահին հիշատակել են գերազանցապես բացասական տոնայնությամբ, tert.am-ը՝ առավելապես դրական, իսկ news.am-ը՝ առավելապես չեզոք:

Ինչ վերաբերում է նախկին իշխող ուժին՝ «Հանրապետական» կուսակցությանը, ապա պետք է նկատել, որ հեռուստաալիքներն այս կուսակցությանը բոլոր քաղաքական ուժերից ամենաքիչ եթերաժամանակն են տրամադրել (առավելապես չեզոք), իսկ առցանց լրատվամիջոցներում այն երկրորդ ամենաշատ լուսաբանված քաղաքական ուժն է, և դարձյալ հիշատակվել է գերազանցապես չեզոք տոնայնությամբ:

Facebook սոցիալական ցանցում իրականացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ, թեև քարոզարշավին մասնակցող ուժերի պաշտոնական էջերը մնացել են էթիկայի սահմաններում և որպես կանոն զբաղվել են սեփական քարոզարշավով, սև քարոզարշավով զբաղվել են անհատ օգտատերերը, առավել հաճախ՝ կեղծ օգտահաշիվներով: Հենց այդ օգտահաշիվներով էլ իրականացվել է բուն քարոզչությունը, որն ավելի շուտ կրել է հակաքարոզչության բնույթ:

Ամփոփիչ զեկույցն ամբողջությամբ՝ կարող եք կարդալ այստեղ:

 

«Անկախ դիտորդ» դաշինք

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»


See also