ՀԱՊԿ հետաձգված գագաթաժողովն ու Հայաստանի բարձրացրած խնդիրները

04.12.2018 | 12:44 | Foreign Policy

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովը, որի ընթացքում պետք է շարունակվեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկումները, չի կայանալու: Ընդ որում, սպասվելիք գագաթաժողովը հետաձգելու մասին հայտնի է դարձել ընդամենը դեկտեմբերի 2-ին և այն էլ՝ բավական տարօրինակ պայմաններում:

Գագաթաժողովի չկայանալու մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ գագաթաժողովի հետաձգումը նախաձեռնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն էլ Փաշինյանին հայտնել է այդ մասին հեռախոսազրույցի ընթացքում:

Ինչո՞ւ է տարօրինակ

Սովորաբար, երբ երկու երկրների ղեկավարներն աշխատանքային հեռախոսազրույց են ունենում, այդ մասին պատշաճ կերպով հայտնում են նրանց մամլո ծառայությունները: Այս դեպքում, սակայն, Փաշինյանի և Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին որևէ հաղորդագրություն չկա ոչ ՀՀ վարչապետի կայքում, և ոչ էլ ՌԴ նախագահի:

Կասկածի տակ չդնելով հեռախոսազրույցի փաստը՝ այնուամենայնիվ նշենք, որ վերոնշյալ հանգամանքը խոսում է ՀԱՊԿ-ում տիրող ներքին անորոշության կամ խառնաշփոթի մասին:

Հարկ է նշել, որ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովն ավարտվել էր բավական բարդ և կազմակերպության համար աննախադեպ պայմաններում, երբ չհաջողվեց հասնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ կոնսենսուսի: Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, սակայն, ինչ-որ առումով մղվեց երկրորդ պլան, երբ Աստանայի հանդիպումից օրեր անց հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գագաթաժողովի արդյունքները քննարկել է իր երկրում Ադրբեջանի դեսպանի հետ: Փաշինյանն այս փաստին բավական սուր արձագանքեց՝ հայտարարելով, որ պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից այդ արարքի համար, ինչպես նաև պարզաբանումներ է պահանջելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևից, որը գագաթաժողովից հետո վստահություն էր հայտնել, թե գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի թեկնածուն: Փաշինյանի հիմնական ասելիքն այն էր, որ ՀԱՊԿ-ում դաշնակիցները պետք է գիտակցեն իրենց պարտավորությունները միմյանց նկատմամբ և չկատարեն դաշինքի անդամ երկրների շահերին վնասող գործողություններ, և հենց այդ թեման պետք է առանցքային լիներ դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում նախատեսված գագաթաժողովում:

Ինչո՞ւ հետաձգվեց

ՀԱՊԿ ներսում առաջացած լարվածությունը մեծ վտանգ է ներկայացնում այդ կազմակերպության համար ընդհանրապես: Այն, որ ՀԱՊԿ-ը կայացած ռազմական դաշինք չէ, և որ դրա անդամ երկրները հաշվի չեն նստում միմյանց շահերի հետ՝ ասվել է բազմիցս: Սակայն կազմակերպության գործունեության ժամանակ չեն եղել դեպքեր, երբ անդամ երկրներն այսքան անզիջում դիրքեր գրավեն և հանդես գան սուր քննադատություններով: Ռուսաստանը, որպես եվրասիական ինտեգրացիոն կառույցների նախաձեռնող, բնականաբար, չի կարող թույլ տալ, որ սասանվեն այդ կառույցների՝ առանց այդ էլ երերուն և գործով չամրացված հիմքերը: Միգուցե հենց սա է պատճառը, որ ՌԴ նախագահն առաջարկել է հետաձգել գագաթաժողովը: «Մինչև աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք (գագաթաժողովի,- հեղ.)»,- Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին ասել է Փաշինյանը:

Ուշագրավ է, որ մինչ այս՝ դեռևս նոյեմբերի 16-ին, Փաշինյանն ու Պուտինը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր» (նկատենք, որ այս հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություններ եղել են):

Փաշինյանն ու Լուկաշենկոն, այնուամենայնիվ, կարող են հանդիպել

Դեկտեմբերի 5-6-ին Սանկտ-Պետերբուրգում, ընդհանուր առմամբ, նախատեսված է բավական հագեցված եվրասիական օրակարգ: Այդ օրերին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում պետք է տեղի ունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ երկրների ղեկավարների մակարդակով:

Ու թեև ոչ ԱՊՀ կայքում, ոչ Եվրասիական հանձնաժովի կայքում չկան հաղորդագրություններ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք միջոցառումների մասին, դեկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանը Մասիսում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ և մասնակցելու է Եվրասիական հանձնաժողովի նիստին: Ավելի ուշ՝  դեկտեմբերի 3-ի երեկոյան, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ ԵՏՀ նիստին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար: Նշենք, որ բոլոր այս միջոցառումներին մասնակցելու է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և դրանց ընթացքում անխուսափելի կլինի հանդիպումը Փաշինյանի և նրա միջև: Իսկ այդ հանդիպման ժամանակ առնվազն դժվար կլինի խուսափել հարաբերություններում առկա անհարթությունները քննարկելուց:

Ամեն դեպքում, կարող ենք փաստել, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի բարձրացրած խնդիրները վերաբերում են ոչ միայն այդ կառույցին, այլ եվրասիական ինտեգրացիոն նախագծերին ընդհանրապես, և Սանկտ-Պետերգում նախատեսված միջոցառումները նույնպես կարող են լինել այն հարթակը, որտեղ Հայաստանը կփորձի առաջ տանել ու պաշտպանել իր շահերը:

 

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


See also