ՀՀ-ում ԱՄՆ «կենսաբանական զենքի» մասին ստի ռուսական հետքը. Զեկույց

Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին հայկական և ռուսական որոշ ԶԼՄ-ներ, ինչպես նաև որոշ ակտիվիստներ պարբերաբար իրար հղում տալով՝ անդրադառնում են  ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաների գործունեությանը, պնդելով, որ լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն և վտանգ են ներկայացնում «ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության» համար, քանի որ կարող են կենսաբանական զենք ստեղծել։

Այս պնդումները հերքեցին ոլորտի բոլոր պատկան մարմինները։ Հայաստանի Առողջապահության նախարարությունը, ԱՄՆ դեսպանատունը և այլն:

Ու թեև այդ տեղեկությունների ապատեղեկատվական բնույթը բազմիցս ապացուցվել է, սակայն որոշ խմբեր շարունակում են տարածել ԱՄՆ-ի կողմից Հայաստանում պատրաստվող կենսաբանական զենքի մասին ապատեղեկատվությունը։

Երեկ այդ խմբերից 3 հոգի անգամ ցույց իրականացրեց Երաևնում ԱՄՆ դեսպանատան մոտ: Այդ ցույցը լայնորեն լուսաբանվեց հայկական մամուլում՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ դրա ժամանակ հնչեցին բազմաթիվ անհետհետություններ (օրինակ՝ որ ԱՄՆ-ն այդօրինակ լաբորատորիաներ հիմնել է աշխարհի 400 երկրներում):

Մի կողմ թողնելով հարցի բովանդակային քննարկումը (որին մի քանի անգամ անրադարձել է SUT.am կայքը), «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց կարճ զեկույցով մանրամասն անդրադառնալ այդ ապատեղեկությունները համառորեն տարածող խմբերին և տարածման իրական շարժառիթներին:

Մսնավորապես, մեզ հաջողվեց պարզել, որ «Հայաստանում ամերիկյան կենսաբանական զենքի» մասին ապատեղեկատվական հրապարակումների և բարձրացված աղմուկի հեղինակները պռոռուսական խմբեր են, ովքեր դա հիմնականում անում են կամ պրոռուսական, կամ հենց ռուսաստանյան քարոզչական կայքերի միջոցով: Ավելին, առավել ակտիվ դերակատարներն այս կամ այն կերպ կապված են Երևանում ՌԴ դեսպանատան, ռուսական հիմնադրամների հետ:

Հետևապես, հիմք ընդունելով զեկույցում բերված փաստերը, կարելի է պնդել, որ նշված ապատեղեկատվական հրապարակումների հիմնական նպատակը հայաստանցիների աչքերում Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ «թշնամու» և «վտանգի», իսկ Ռուսաստանի Դաշնության՝ «անվտանգության երաշխավորի» ու «փրկարարի» կերպարի կերտումն ու խորացումն է:

Զեկույց ամբողջությամբ կգտնեք այստեղ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող