ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը ՍԴ-ում է. պահանջվում է հրապարակային քննարկում

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հաղորդագրություն է տարածել՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ինչպես հայտնի է, ս.թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Ինչպես այլ միջազգային պայմանագրերը, այս մեկն էլ պետք է նախ հավանության արժանանա ՀՀ Սահմանադրական Դատարանում և հետո միայն Ազգային Ժողովում:

Ս.թ. հոկտեմբերի 25-ին նախագահի աշխատակազմից պայմանագիրն ուղարկել են Սահմանադրական դատարան, որը շուտով կսկսի դրա քննարկումները: Համաձայն օրենքի՝ միջազգային պայմանագրերը ՍԴ-ում քննարկվում են գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերը, երբ տվյալ պայմանագիրը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Այսօր «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» hիմնվելով «Սահմանդրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 72-րդ հոդվածների վրա, Սահմանդարական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանից դիմումով պահանջել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը քննել բանավոր ընթացակարգով:

Դիմումի բավարարումը հնարավորություն կտա լրագրողներին լուսաբանել ՍԴ-ում հարցի քննարկումը:

Հիշեցնենք, որ պայմանագրի հակասահմանադրականության մասին մենք արդեն մանրամասն անրադարձել ենք»: